ԱՄՆ-ի փոխնախագահը չի կարծում, թե Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունը Միացյալ Նահանգներին կներքաշի Մերձավոր Արևելքում տարիներով ձգվող պատերազմի մեջ։ Washington Post-ին տված հարցազրույցում ասել է Ջեյ Դի Վենսը։
Վենսը նշել է, որ չգիտի, թե ինչպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կվարվի Իրանի հարցում։ Ըստ նրա, կա երկու ուղի՝ ռազմական հարվածների միջոցով ապահովել, որ Իրանը միջուկային զենք չստանա կամ գտնել դիվանագիտական լուծում։
Ռազմական լարվածության աճի ֆոնին երեկ Ժնևում ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչներն անցկացրեցին անուղղակի բանակցությունների երրորդ փուլը։ Համաձայնություն ձեռք բերելու մասին հաղորդում չի եղել։ Օմանի արտգործնախարարը, որը միջնորդի դերում է, հայտնել է, որ քննարկումները կշարունակվեն հաջորդ շաբաթ Վիեննայում։
Բանակցությունները հիմնականում վերաբերում են Իրանի վիճահարույց միջուկային ծրագրին։ ԱՄՆ-ը ցանկանում է կանխել, որպեսզի Թեհրանը միջուկային զենք մշակի։ Իրանը հերքում է նման մտադրությունը, սակայն հայտարարել է, որ պատրաստ է սահմանափակել իր միջուկային ծրագիրը՝ ԱՄՆ խիստ տնտեսական պատժամիջոցների թուլացման դիմաց։
Պատժամիջոցների մեղմացումից բացի, Իրանի ղեկավարությունը նաև փորձում է խուսափել պատերազմի վտանգից այն բանից հետո, երբ Վաշինգտոնը զգալիորեն ուժեղացրել է տարածաշրջանում իր ռազմական ներկայությունը, իսկ Թրամփը բազմիցս նշել է, որ համաձայնության չհասնելու դեպքում հնարավոր է հարվածի Իրանին։