Հորմուզի նեղուցը փակելով՝ Իրանը «տնտեսական ահաբեկչություն» է իրականացնում, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը՝ ժամեր անց այն բանից հետո, երբ ուժի մեջ մտավ ամերիկյան զինուժի կողմից իրանական նավահանգիստների շրջափակումը:
Fox News-ին տված հարցազրույցում Ջեյ Դի Վենսն ասել է, որ իր հերթին շրջափակում հաստատելով՝ նախագահ Թրամփը ցույց տվեց, որ ԱՄՆ-ն կարող է հակադարձել Իրանի ցանկացած գործողության: Վենսը զգուշացրել է՝ եթե իրանցիները շարունակեն փակել ջրային այս կարևորագույն անցուղին և չընդունել ԱՄՆ առաջարկները, ապա Միացյալ Նահանգները թույլ չի տա, որ իրանական որևէ նավ դուրս գա նեղուցից:
ԱՄՆ փոխնախագահն ասել է, որ Պակիստանում շաբաթ անցկացված բանակցություններում կողմերը բավական առաջընթաց են գրանցել, և հիմա, ըստ նրա, գնդակն Իրանի դաշտում է:
«Այս պահից սկսած՝ գլխավոր հարցն այն է, թե արդյոք իրանցիները բավարար ճկունություն կունենա՞ն, կընդունե՞ն այն կարևորագույն բաները, որ անհրաժեշտ են, որպեսզի սայլը տեղից շարժվի», - նշել է Վենսը:
The New York Times-ը հայտնում է, որ Թեհրանն Իսլամաբադում համաձայնել է հինգ տարով դադարեցնել ուրանի հարստացման ծրագիրը, սակայն Վաշինգտոնը պնդել է, որ այն կասեցվի 20 տարով, ինչին Իրանը չի համաձայնել:
Դոնալդ Թրամփը սոցցանցում գրել է, որ երեկվանից Հորմուզով 34 նավ է անցել, պնդելով, որ դա ամենաբարձր թիվն է Իրանի կողմից նեղուցի փակվելուց ի վեր: Ըստ Reuters-ի, չնայած ԱՄՆ-ի սահմանած շրջափակմանը՝ նեղուցն անցել է նաև ամերիկյան պատժամիջոցների տակ գտնվող չինական լցանավ: Նեղուցի շուրջ այս իրադարձությունների ֆոնին նավթի գինն իջել է 100 դոլարից, սակայն դեռ առնվազն 36 տոկոսով բարձր է նախապատերազմական գնից:
ՄԱԿ-ում Իրանի դեսպանը դատապարտել է ԱՄՆ կողմից իրանական նավահանգիստների շրջափակումը՝ պնդելով, որ դա Իրանի ինքնիշխանության «լուրջ խախտում» է։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում Ամիր Սաիդ Իրավանին նշել է, որ նեղուցի «անօրինական» շրջափակումը նաև «ծովային միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների լուրջ խախտում է»։
Չինաստանը, որը Պարսից ծոցի երկրների նավթի խոշոր ներկրողներից է, կոչ է արել մեղմել լարվածությունը: Արտգործնախարարության խոսնակն իրանական նավահանգիստների շրջափակումը «վտանգավոր և անպատասխանատու» է անվանել:
«Սա միայն կսրի լարվածությունը, կսրի արդեն իսկ փխրուն հրադադարը և ավելի կազդի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության վրա։ Սա վտանգավոր և անպատասխանատու գործողություն է», - հայտարարել է Գուո Ջիակունը:
Associated Press-ը, Reuters-ը հայտնում են, որ ԱՄՆ-ն և Իրանը կարող են կրկին բանակցել՝ վերջ դնելու պատերազմին, որը նախնական գնահատականներով 270 միլիարդ դոլարի վնաս է պատճառել Իրանին: Ըստ գործակալությունների՝ Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին առաջարկել է վերսկսել բանակցությունները, որոնք կարող են անցկացվել կրկին Իսլամաբադում, թեև դիտարկվում է նաև Ժնևը: Վերջնական օր և վայր, սակայն, դեռ որոշված չէ:
Ու մինչ անորոշ է, թե երբ և արդյոք կվերսկսվեն բանակցությունները, Իսրայելը շարունակել է հարվածներն Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի ենթակառուցվածքներին Լիբանանում: Կան զոհեր և վիրավորներ:
France Press-ը հայտնում է, որ ԱՄՆ միջնորդությամբ Լիբանանն ու Իսրայելը երեքշաբթի օրը բանակցություններ կվարեն Վաշինգտոնում: Պետդեպարտամենտը հաստատել է, որ դրանք տեղի կունենան պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջնորդությամբ, կմասնակցեն նաև ԱՄՆ-ում Իսրայելի և Լիբանանի դեսպանները, նաև Բեյրութում ԱՄՆ դեսպանը։ Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա»-ի գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը կոչ է արել չեղարկել բանակցությունները՝ դրանք որակելով «անօգուտ»։