Վենետիկի բիենալեի շուրջ զարգացումները, օրինակ՝ ժյուրիի հրաժարականը, ցույց են տալիս արվեստի միջազգային առաջատար հարթակների ընդունած որոշումների հետևանքները, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան։
«Ռուսաստանին ներգրավելու Վենետիկի Բիենալեի վախկոտ որոշումը խայտառակություն էր ի սկզբանե», - X-ում գրել է ուկրաինացի պաշտոնյան, - «այսօր տեսնում ենք, թե ինչպես է այդ որոշումը շարունակում վնասել Վենետիկի Բիենալեիին»։
Շեշտելով, որ պատերազմի պայմաններում «ագրեսոր պետության մշակույթը չի կարող չեզոք համարվել»՝ Սիբիգան երկու տարին մեկ անցկացվող հեղինակավոր ցուցահանդեսի կազմակերպիչներին վերստին կոչ է արել շրջել Ռուսաստանի մասնակցությունը արտոնող որոշումը։
Ժյուրիի անդամներն ավելի վաղ հայտարարել էին, որ մրցանակների համար չեն դիտարկի այն երկրներից ներկայացված արվեստի գործերը, որոնց առաջնորդները Միջազգային քրեական դատարանի կողմից քրեական հետապնդման են ենթարկվում՝ ակնարկելով Ռուսաստանին և Իսրայելին:
Ռուսաստանի մշակութային փոխանակումների ոլորտի պատասխանատուն մարտին ARTnews-ի եթերում հայտարարել էր, որ ցուցահանդեսին Ռուսաստանի վերադարձը «վերստին փաստում է, որ ռուսական մշակույթը մեկուսացված չէ, և վերջին չորս տարիներին ռուսական մշակույթը հանրային մերժման ենթարկելու արևմտյան քաղաքական էլիտաների փորձերը հաջողությամբ չեն պսակվել»։