Մայիսի 9-ին Ռուսաստանը կվերադառնա Վենետիկի Բիենալե։ Ուկրաինայի պատվիրակությունն արդեն հայտարարել է՝ արվեստի գործերի հեղինակավոր ցուցահանդեսին ռուսական մասնակցության դեմ բողոքի ակցիաներ չի իրականացնելու։
Վենետիկյան ցուցահանդեսին Ուկրաինան ներկայացնող արվեստագետ Ժաննա Կադիրովան «Ազատությանն» ասաց. «Կկենտրոնանանք մեր ուղերձի վրա, և մեր բոլոր ջանքերը կգործադրենք, որպեսզի մեր ցուցասրահը հնարավորինս լավ տեսք ունենա…Սա է մեր կռիվը»։
2022-ին Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժումից հետո Ռուսաստանն առաջին անգամ է մասնակցում երկու տարին մեկ անցկացվող հեղինակավոր ցուցահանդեսին։ Հյուրընկալող հարթակում Ռուսաստանը ցարական դարաշրջանին բնորոշ առանձին սրահ կունենա։
Ռուսաստանի մասնակցությունը սուր բանավեճի առիթ է դարձել Հռոմի և Բրյուսելի միջև։ Եվրոպական հանձնաժողովը սպառնում է Ռուսաստանի ներգրավման պարագայում չեղարկել ցուցահանդեսի համար նախատեսված 2 միլիոն եվրո (2.3 միլիոն դոլար) դրամաշնորհը։
ԵՄ-ի վերջնագրին Իտալիայից հակադարձել է փոխվարչապետ Մատտեո Սալվինին՝ շեշտելով. «Հաշվի առնելով աշխարհում և Իրանում կատարվողը, Բրյուսելի կողմից իտալական մշակութային հաստատությունների դեմ սպառնալիքներն իսկապես ամոթ են»։
Ռուսաստանի մշակութային փոխանակումների ոլորտի պատասխանատուն մարտին ARTnews-ի եթերում մանրամասնել էր, որ ռուսական սրահում «Ռուսաստանից և այլ երկրներից ժամանած 50 երիտասարդ երաժիշտ, բանաստեղծ և փիլիսոփա» է ներկայանալու։
Ցուցահանդեսն, ըստ նրա՝ «վերստին փաստում է, որ ռուսական մշակույթը մեկուսացված չէ, և վերջին չորս տարիներին ռուսական մշակույթը հանրային մերժման ենթարկելու արևմտյան քաղաքական էլիտաների փորձերը հաջողությամբ չեն պսակվել»։
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակական պատերազմի ֆոնին ռուսական սրահը վերաբացելու դեմ Կիևը և ԵՄ անդամ 21 պետություն համատեղ նամակ էին ներկայացրել միջոցառման կազմակերպիչներին։ «Ռուսաստանին միջազգային հեղինակավոր մշակութային հարթակի տրամադրումը մտահոգիչ ազդակ է», - ասվում էր նամակում։
Ուկրաինայի ներկայացուցիչ Կադիրովան «Ազատությանը» պատմել է, որ ցուցահանդեսում իր աշխատանքները նպատակ ունեն ի ցույց դնել որոշ միջազգային համաձայնագրերի ունայնությունը։ Նրա հետ հարցազրույցի օրը ռուսական բանակը հերթական հարվածն էր հասցրել Կիևին, որի հետևանքով փլուզվել էր նրա գործընկերոջ բնակարանը։
2019-ին Կադիրովան պատվեր էր ստացել քանդակ պատրաստել արևելյան Պոկրովսկ քաղաքի համար, որտեղ ժամանակին խորհրդային օդանավ է կանգնեցված եղել։ «Պարզապես ուզում էի հասկանալի, ավանդական որևէ բան սարքել», - ասաց նա։
Ռուսաստանի՝ 2022-ի ներխուժումից հետո, սակայն, եղնիկի բետոնե քանդակին նոր իմաստ հաղորդվեց։
Երբ 2024-ին ռուսական զորքը մոտենում էր քաղաքին, Կադիրովան վերադարձավ Պոկրովսկ՝ քանդակը պատվանդանից հեռացնելու և քաղաքից դուրս բերելու համար։ «Անգամ մեր արվեստն է փախստական, միայն մարդիկ չեն տեղահանված», - ասում է նա։
Պատերազմի պատճառով Պոկրովսկը մեծամասամբ ոչնչացվել է։ Այն այժմ ռուսական օկուպացիայի տակ է։
Վենետիկ Ռուսաստանի վերադարձը՝ տարիների դադարից հետո, մասշտաբային միջոցառումներին Մոսկվայի մասնակցության հերթական օրինակն է։ Ձյուդոյի, ջրային մարզաձևերի և Պարալիմպիկ խաղերի միջազգային մարմինները արդեն իսկ արտոնել էին, որ ռուս և բելառուս մարզիկները սեփական երկրի դրոշի ներքո ներկայանան։
Ուկրաինայի ջրագնդակի թիմի ավագ Ռոման Հրիշչուկն «Ազատության»-ը պատմեց, որ թիմը ապրիլի 13-ին հրաժարվել է մրցել ազգությամբ ռուս մարզիկների դեմ։ Նույն օրը ջրագնդակի խաղերը վերահսկող Ջրային մարզաձևերի միջազգային կազմակերպությունը հայտարարեց, որ վերացնում է ռուս մարզիկների՝ սեփական դրոշի ներքո մրցելու արգելքը։
Թեև ապրիլի 13-ի խաղից հրաժարվելու համար թիմը կարող է տուգանվել, ուկրաինացի մարզիկն «Ազատությանն» ասաց, որ «եթե ռուսների դեմ հանդիպում լիներ այլ մրցույթներում, կարծում եմ՝ [մեր] դիրքորոշումը նույնը կլիներ, քանի որ մենք չենք կարող ագրեսոր պետության հետ խաղալ»։