Մատչելիության հղումներ

Վարշավան՝ SAFE նախաձեռնության ամենամեծ շահառուն. ծրագիրը Լեհաստանում բուռն քննարկումների առիթ է դարձել

Լեհաստանի խորհրդարանն ընդունել է մի օրենք, որով ստեղծվում է մեխանիզմ՝ Եվրամիության վարկերից ստացվող 43,7 միլիարդ եվրոն ռազմական ոլորտի ամրապնդման համար ծախսելու նպատակով։ Սա բարդ իրավիճակ է ստեղծում ազգայնական նախագահի համար, որի աջակիցները պահանջում են վետո դնել օրենքի վրա։

Վարշավան դարձել է Եվրամիության՝ Եվրոպայի զինված ուժերի ամրապնդմանն ուղղված 150 միլիարդ եվրոյի արժողությամբ Security Action for Europe (SAFE) նախաձեռնության ամենամեծ շահառուն։ Սակայն ծրագիրը Լեհաստանում բուռն քննարկումների առիթ է դարձել, քանի որ ազգայնականները դեմ են պաշտպանության ոլորտում Բրյուսելի ներգրավմանը։

Ազգայնական ընդդիմադիր «Օրենք և արդարություն» կուսակցությունը, որը աջակցում է նախագահ Կարոլ Նավրոցկիին, պնդում է, որ SAFE ծրագիրը կարող է սահմանափակել սպառազինության գնումները Լեհաստանի գլխավոր դաշնակից ԱՄՆ-ից և ներառել պայմաններ, որոնք, նրանց կարծիքով, հնարավորություն կտան Գերմանիային միջամտել լեհական գործերին:

Վարչապետ Դոնալդ Տուսկի եվրոպամետ կոալիցիոն կառավարությունը, իր հերթին, հայտարարում է, որ միջոցները նման պայմաններ չեն պարունակում, իսկ SAFE-ի տրամադրած էժան ֆինանսավորումը կենսական նշանակություն ունի Լեհաստանի անվտանգության համար՝ Ռուսաստանի աճող սպառնալիքի պայմաններում։

«Առանց SAFE ծրագրի մենք այլ հնարավորություն չունենք այսքան կարճ ժամանակում ավելի ուժեղ բանակ ստեղծելու և ավելի լավ զինված ու անվտանգ զինվորներ ունենալու համար», - մամուլի ասուլիսում հայտարարել է պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։

Կառավարության խոսքով՝ եթե Նավրոցկին վետո դնի օրենքի վրա, հնարավոր կլինեն որոշ շրջանցիկ լուծումներ, սակայն SAFE ծրագրի հնարավորությունները լիարժեք օգտագործել չի ստացվի։
«Կորուստները շատ զգալի կլինեն»,- հայտարարել է Տուսկը։

Նավրոցկին դեռ չի հայտնել, թե ինչ որոշում կկայացնի։

XS
SM
MD
LG