Վարչապետի ցուցումո՞վ բացվեց տեխնիկա վաճառող «Ռեդսթոր» խանութների ցանցը, որը 4 օր առաջ փակվել էր Նիկոլ Փաշինյանի հրահանգից հետո:
Վարչապետի աշխատակազմն էր տեղեկացրել Փաշինյանին, որ «Ռեդսթոր» խանութների ցանցում կանխիկի ու անկանխիկի գները տարբեր են, ինչը օրենքի խախտում է:
Փաշինյանի ցուցումից հետո Քննչական կոմիտեն էր շտապել Երևանի տարբեր հասցեներ, կապարակնքել խանութների դռները մի քրեական գործի շրջանակում, որը հարուցված էր դեռ 2024 թվականից: Փաստացի իրավապահներն անցած տարի բիզնեսը փակելու քայլին չէին գնացել, դա արեցին միայն վարչապետի հրահանգից հետո:
Եթե բիզնեսը փակելու հիմքեր կային, ինչո՞ւ ավելի վաղ չէին դա արել՝ առանց գործադիրի ղեկավարի հրահանգի: Քննչական կոմիտեն 2 օր է այս հարցին չի պատասխանում, միայն հայտնում են, թե հարկերը, տուրքերը չվճարելու հոդվածով հարուցված վարույթով գույքագրումներ, չափագրումներ էին անում և արձանագրությունները կազմելուց հետո խանութները հերթով բացվում են:
Վարչապետի հրահանգը նախորդ կառավարության նիստին ուղղված էր Պետական եկամուտների կոմիտեի նախագահին: Այս կառույցը երեկ հաղորդեց, որ «Ռեդսթորն» իրենց ուշադրության կենտրոնում է, իրենք դեռ 2024-ին են պարզել, որ ընկերությունում կա ստվերային շրջանառություն, չի հաշվարկվել և չի վճարվել ավելի քան 95 մլն դրամի հարկ: Բացի այդ, «Ռեդսթորի» հետ փոխկապակցված հիմնական՝ «Նոութբուք սթորը», այլ հարկ վճարողի անվան տակ է նաև գործել՝ օգտվելով բարենպաստ հարկային պայմաններից: Սրա հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 64 միլիոն դրամի վնաս: Իրավապահներն էլ խուզարկությամբ հայտնաբերել էին 90 հեռախոս, որը Հայաստան էր հասել առանց օրինական ներմուծման փաստաթղթերի:
ՊԵԿ փոխնախագահ Վրեժ Մխիթարյանն է Հանրայինի եթերում մանրամասներ փոխանցել ստուգումներից. «Այս պահին ընթացիկ ունենք համալիր հարկային ստուգում, համալիր հարկային ստուգման նախաձեռնության հիմք է հանդիսացել քննիչի որոշումը: Այս պահին ստուգումը կասեցված է, որովհետև իրականացրել ենք մի շարք հարցումներ, հարցումների պատասխաններին ենք սպասում»:
Դավիթ Անանյան. «ապօրինի հանձնարարություն է»
Ապօրինի հանձնարարություն՝ այսպես է բնորոշում վարչապետ Փաշինյանի հրահանգը նրա իսկ որոշմամբ ՊԵԿ-ը երկու տարի ղեկավարած Դավիթ Անանյանը, որն այժմ ընդդիմադիր «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիրներից է:
«Ընդհանուր առմամբ, թե՛ վարչապետի հրահանգը, թե՛ խոսույթն օրենսդրության առումով բավականին ոչ թե խոցելի է, այլ ապօրինի ու հակաօրինական հրահանգներ են: Ամենայն հավանականությամբ, քննչական գործողություններ կատարելու անվան տակ, որպեսզի վարչապետի հանձնարարությունն այս կամ այն ձևով իմիտացիոն առումով ցույց տային, որ կատարվել է, գործունեությունը կասեցվել է այդ տնտեսվարողի, որը կարծում եմ Քննչական մարմինը կարողացել է փաթեթավորել օրենսդրության շրջանակներում», - ասաց Անանյանը:
Գուցե փակելու անհրաժեշտություն չի՞ եղել, նկատում է նախկին բարձրաստիճան պաշտոնյան ու ընդգծում՝ պարզապես Քննչականը ունենալով կասեցնելու գործառույթ, ըստ էության, կատարել է վարչապետի ապօրինի հանձնարարությունը:
«Ամենայն հավանականությամբ բացեցին, որովհետև իրենք ոչ թե փակել էին, այլ գործունեությունը կասեցրել էին, իրավունքի առումով կասեցումը կատարվում է մի քանի օր տևողությամբ՝ պայմանավորված քննչական որոշակի գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ: Այսինքն՝ իմիտացիա է կատարվել՝ փակել են մի քանի օրով կամ ավելի ճիշտ գործունեությունը կասեցրել են մի քանի օրով, ցույց են տվել, որ քննչական գործողություններ կատարվեց և վերաբացել են կամ գործունեությունը վերսկսել է այդ ընկերությունը», - նշեց Դավիթ Անանյանը:
«Ռեդսթորի» ղեկավար Արման Գյուրջիյանը երեկ տարածած հայտարարությունում ընդունել էր, որ կանխիկի և անկանխիկի գները տարբեր են: Իսկ իր ընկերությանը հասցեագրվող մեղադրանքի մասին դեռևս հրապարակային չի խոսում:
Ի դեպ, Արման Գյուրջիյանը հուլիսին մասնակցել էր վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» շարժմանը, որպես բանախոս ելույթ ունեցել: Ըստ ՊԵԿ-ի ու Քննչականի մի շարք խախտումներ թույլ տված, հարկեր թաքցրած գործարարն Աննա Հակոբյանի նախաձեռնած շարժման մասնակիցներին բիզնես վարելու իր տեսլականն էր ներկայացնում: