Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Վանաձոր համայնքի ավագանու ընդդիմադիր «Մամիկոն Ասլանյան» խմբակցության երկու անդամներ մանդատը վայր են դրել: Ավագանու անդամությունից հրաժարված կանայք «Ազատությանն» ասացին՝ պատճառն անձնական է, հերքեցին, թե իրենց նկատմամբ իշխանության կողմից ավագանու նիստին մասնակցելու պարտադրանքներ են եղել:
Մինչդեռ խմբակցության ղեկավար, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը չի բացառում ճնշումների հավանականությունն այն փուլում, երբ իշխանությունները տարբեր հարթակներով ընդդիմությանը հորդորում են առաջիկա նիստին ներկայանալ, որտեղ հաջորդ տարվա բյուջեն ու սուբվենցիոն ծրագրերը պիտի հաստատվեն:
«Ես չեմ կարող այս պահին պարզաբանել, մարդիկ նպատակահարմար են գտել, չեն մանրամասնել, չեն բարձրաձայնել: Հաստատ ինձ հետ չի կապված», - նշեց նա:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ նրանց նկատմամբ ճնշումներ են եղել, պատասխանեց. «Ոչինչ չեմ բացառում»:
Նախկին քաղաքապետը, որ 2021-ի ընտրություններում հաղթելուց անմիջապես հետո կոռուպցիոն մեղադրանքներով կալանավորվեց ու երկուսուկես տարի բանտում անցկացրեց, չի հերքում՝ ավագանու նիստին գնալու հորդորներ ինքն էլ ստանում է, բայց չի մասնակցի, քանի որ Վանաձորում տեղի ունեցող գործընթացներն ու տարվա մեջ 1-2 արտահերթ նիստերն անօրինական է համարում:
«Մեր վերաբերմունքն ուղղակի արտահայտել ենք ոչ թե քաղաքականապես նիստի չգնալով, այլ այդ նիստերն ի սկզբանե ապօրինի համարելով, - ասաց նա, - Ես զրույցներ էլ եմ ունեցել, ոչ միայն հորդորներ, բացատրել եմ իրավիճակը, այնպես չէ, որ ես մեկուսացած մարդ եմ, չմտածեք, թե ինձ փակել եմ, ինձ համար տաբու է ինչ-որ մեկի հետ շփվելը՝ մարզպետի, մյուսի հետ: Խոսել եմ, ասել եմ»:
Վերջին մեկ ամսում թե՛ Լոռու մարզպետը ու թե՛ Վանաձորի համայնքապետի պաշտոնակատարը տարբեր հարթակներից կոչ են արել ընդդիմությանը ներկայանալ ավագանու արտահերթ նիստին:
Երկու շաբաթ առաջ էլ բյուջեի հանրային քննարկում արեցին, որից հետո ենթադրվում է, որ ավագանու նիստ պետք է նախաձեռնեին բյուջեն ու սուբվենցիոն ծրագրերը հաստատելու համար: Այդ ժամանակ էր, որ հայտարարեցին, թե հաջորդ տարվա համար համայնքում աննախադեպ չափի գումար կա, խոշոր ծրագրեր են անելու, ու որ ընդդիմության պատճառով դրանք վտանգված են. եթե նիստ տեղի չունենա, այդ ծրագրերը չեն իրագործվի:
«Օրակարգում որևէ քաղաքական հարց չկա, չկան քաղաքական հակադրություններ, ու ես կարծում եմ, որ պետք է գալ և հնարավորություն տալ Վանաձորին զարգանալու», - նշել էր մարզպետ Արեն Մկրտչյանը:
Անցած երկու շաբաթվա ընթացքում, մինչդեռ, համայնքապետարանն այդպես էլ արտահերթ նիստի հայտարարություն չի արել: Ավագանու ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավար Մամիկոն Ասլանյանը հակադարձում է պնդումներին, թե ընդդիմությունն է խաթարում Վանաձորի զարգացումը. «Տապալողն էլ են իրենք, խլողն էլ, գողացողն էլ, քաղաքի վրա կողպեք կախողն էլ իրենք են: Եթե ուզում են գործողություն անել, հաստատ ինձ հետ որևէ գործողություն իրենք չեն համաձայնեցրել ինձ կալանավորելիս, հետևաբար հիմա էդ ե՞րբ ես դարձա կարևոր իրենց համար: Որ ասում են՝ ընդդիմադիրները նիստի չեն գալիս, ո՞վ է այդտեղ ընդդիմադիր, ո՞վ է իշխանություն, պետության կողմից նշանակված վարչակազմը իշխանությո՞ւն է, բայց ընտրությունների արդյունքում հաղթած ուժը ընդդիմությո՞ւն է»:
Վանաձորի ավագանու վերջին նիստը տեղի է ունեցել 9 ամիս առաջ: «Մամիկոն Ասլանյան» խմբակցության երկու անդամներ չէին միացել իրենց կուսակիցների բոյկոտին ու ներկայանում էին նիստին: Հենց դրա հաշվին էլ իշխանական խմբակցությունները քվորում էին ապահովում ու տարվա մեջ 1-2 նիստ գումարում: Բայց այս ամռանն իշխանականներին միացած Գայանե Քալանթարյանի մահվանից հետո քվորումի խնդիր է առաջացել: Տարին ավարտվում է, ու նիստ այդպես էլ տեղի չի ունենում: Ինչո՞ւ, արդյո՞ք ընդդիմադիր ուժերից նոր անդամներ ներգրավելու իշխանությունների փորձերն անհաջողության են մատնվում, արդյո՞ք «Մամիկոն Ասլանյան» խմբակցության երկու կին անդամները մանդատը վայր են դրել իշխանությունների կամ հենց իրենց կուսակիցների ճնշումներին ընդդիմանալու համար՝ պարզ չէ:
Արմինե Աշուղյանը «Մամիկոն Ասլանյան» խմբակցության կազմում փոխարինել էր ամիսներ առաջ մահացած Գայանե Քալանթարյանին: Անի Մաթևոսյանը դեռ 2021-ից ավագանու որևէ նիստի չէր մասնակցել: Չպարզաբանեց, թե ինչու է հրաժարվել մանդատից, եթե այսպես թե այնպես ավագանու արտահերթ նիստերին չէր էլ ներկայանում: