Մատչելիության հղումներ

Վանաձորի ավագանուն վերաբերող դատական գործը նոր ընթացք է ստացել


Վանաձորի ավագանուն վերաբերող դատական գործը նոր ընթացք է ստացել, չնայած Վարչական վերաքննիչի վերջին վճռից հետո եզրակացություններ կային, թե սա արդեն վերջն է՝ Հանրապետության երրորդ քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինները կձևավորվեն ու կգործեն օրենքով սահմանված կարգով:

Վերջին երկու տարիներին առնվազն երեք անգամ Վանաձորում հայտարարություններ են եղել, թե վերջ, բոլորը հիմքերը կան կիսատ-պռատ գործող ավագանին ցրելու և նոր ընտրություններ անցկացնելու համար: Բայց շատ շուտ այդ հիմքերը վերացել են, ավագանին չի ցրվել, համայնքը շարունակում է ղեկավարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշանակած Արկադի Փելեշյանը:

Մեկ ամիս առաջ Վարչական վերաքննիչ դատարանը, հետո նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը Վանաձորի ավագանու վրա դրված 4 տարվա արգելանքը վերացնելու օգտին որոշում կայացրին: Բայց օրեր անց դարձյալ իրավիճակը փոխվեց՝ հօգուտ գործող կառավարիչների: Չնայած ԴԱՀԿ-ն հիմնավոր էր համարել, որ դատարանի կողմից գործը կարճելուց հետո արգելանքը հանելու հիմքեր կան, բայց նաև պատճառաբանել էր, թե դատարանն իր որոշման մեջ արգելանքը վերացնելու մասին նշում չունի, ուստի այն պետք է շարունակվի:

Դրանից հետո «Լուսավոր Հայաստանը» նոր դիմում ներկայացրեց դատարան, նշեց, որ այլևս պահանջ չունի ու խնդրեց վերացնել արգելանքը: Բայց օրերս դատարանը մերժել է «Լուսավոր Հայաստանի» այս դիմումը, թե նման իրավասություն չունի, քանի դեռ դատը շարունակվում է: Վանաձորում նշում են, որ սա առնվազն կես տարի՝ մինչև հաջորդ խորհրդարանական ընտրություններ, այստեղ ստեղծված վիճակը պահելու համար է: Իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանը, որ մշտապես հետևում է ՏԻՄ մարմինների գործունեությանը, ասում է. «Քանի որ, ընդհանուր առմամբ, Վճռաբեկ դատարան դիմելու այլևս իմաստ չկա, որովհետև բոլոր հարցերին անդրադարձել էր, բայց ՀԱՍԿ խմբակցությունն այս փուլում դիմեց Վճռաբեկ դատարան, ըստ երևույթին, այս ամեն ինչը, որպեսզի գործընթացը ձգձգվի և գործընթացը կձգձգվի: Առնվազն կարող է 6,7,8 ամիս ձգձգի, դրանից հետո միայն...դա կհամընկնի խորհրդարանական ընտրություններից հետո»:

Մյուս կողմից վարչական դատարանի տարբեր ատյաններում համայնքի գործող ղեկավար Արկադի Փելեշյանի կուսակցությունն է մեկը մյուսի հետևից բողոքներ ներկայացնում դատարան: Այս դատական գործում ո՛չ հայցվոր, ո՛չ էլ պատասխանող է, այլ միայն երրորդ կողմ է հանդիսանում ՀԱՍԿ կուսակցությունը, որի ընտրական ցուցակը գլխավորել է Արկադի Փելեշյանը: Բայց, ստացվում է, որ միայն նա է դժգոհ դատարանների վճիռներից ու բողոքներ է ներկայացնում՝ ավագանու արգելանքն ուժի մեջ պահելով: ՀԱՍԿ-ի ներկայացուցիչ Արթուր Սուքիասյանն այսօր հրաժարվեց պատասխանել «Ազատության» հարցերին, ասաց՝ փաստաբանական գաղտնիք է, թե այս անգամ ինչ հիմքով են բողոք ներկայացրել Վճռաբեկ դատարան: Դատարանը դեռ բողոքը վարույթ չի ընդունել: Նախկին տարիների փորձը հաշվի առնելով՝ չի բացառվում, որ ամիսներ կտևի, անգամ, եթե Վճռաբեկը որոշի վարույթ չընդունել ՀԱՍԿ-ի բողոքը:

Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը շաբաթներ առաջ շնորհավորել էր ՏԻՄ աշխատակիցներին, ավագանու անդամներին ու համայնքի բնակիչներին Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ ու ՏԻՄ համակարգը հենասյուն համարել, նշվում էր. «ՏԻՄ-ի օրը համայնքի կյանքի կարևոր մասն է, քանի որ հենց տեղական ինքնակառավարումն է այն հենասյունը, որի վրա կառուցվում է մեր առօրյան, համայնքային համերաշխությունն ու զարգացման ուղին։ Տեղական ինքնակառավարման համակարգը մեր երկրի ժողովրդավարության հիմքերից է»։
Վանաձորը, մինչդեռ, ո՛չ ժողովրդավարության հիմք համարվող ընտրված ղեկավար ունի, ո՛չ էլ գործող ավագանի:

XS
SM
MD
LG