Մատչելիության հղումներ

Թոշակառու թե դպրոցական՝ ամեն օր ոտքով դեպի մայրուղի. Վանաձորի «Տարոն 1»-ը 3 ամիս առանց տրանսպորտի է

Վանաձորի արվարձանային «Տարոն 1» թաղամասն արդեն երեք ամիս է՝ կտրված է կենտրոնից. քաղաքային տրանսպորտը թաղամաս չի մտնում, ու կանգառ հասնելու համար բնակիչները ստիպված են ոտքով մոտ մեկ կիլոմետր ճանապարհ կտրել։

Վանաձորցի թոշակառու Լիանա Ազիզբեկյանի համար շաբաթական մի քանի անգամ քաղաքի կենտրոն իջնելը իսկական փորձություն է. «Ես արիթմիա ունեմ, սրտից հիվանդ եմ»:

Խնդիրը նոր չի ծագել։ Դեռ մեկ տարի առաջ, երբ թաղամասը սպասարկող 19 համարի միկրոավտոբուսները երթուղի էին դուրս գալիս վարորդների «սրտի ուզածով», բնակիչները դիմել էին քաղաքապետարան՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանից խնդրելով կարգի հրավիրել անկանոն աշխատողներին։ Քաղաքապետարանից խոստումնալից պատասխան էին ստացել, թե հարցը քննարկվել է, իսկ սպասարկումն այսուհետ կլինի «արդյունավետ ու պատշաճ»։

Ամիսներ անց այդ «արդյունավետն ու պատշաճը» դարձավ երթուղու իսպառ վերացում․ 19 համարն ուղղակի անհետացավ փողոցներից։

Փոխարենը՝ թոշակառու թե դպրոցական, առողջ թե ձեռնափայտով, ամեն օր ստիպված են ոտքով մայրուղի հասնել՝ մեկ այլ՝ երրորդ համարով քաղաքի կենտրոն գնալու համար։

Այս տարվա գարնանը 200 բնակչի ստորագրությամբ նոր դիմում են հասցրել իշխանություններին: Բայց հևացող թոշակառուների պատմությունը լսելու, խնդիրը լուծելու փոխարեն նրանց ոչ մի հույս էլ չեն տվել․ երթուղին չի աշխատի, որովհետև «շահավետ չէ»։ Նույն պնդումը Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատարն օրերս նաև մարզպետարանում՝ համայնքի խոշորացման թեմայով տեղի ունեցած քննարկման ժամանակ էր արել:

Մինչդեռ բնակիչները վստահ են՝ երթուղին «ոչ շահավետ» դարձավ հենց պատասխանատուների անգործության պատճառով, երբ մարդիկ ժամերով ապարդյուն սպասում էին կանգառներում։

Քաղաքապետարանի պաշտոնական կայքում ներքաղաքային երթուղիների բաժինը դատարկ է․ ոչ մի տեղեկություն կայացած մրցույթների կամ գործատերերի մասին։ Քաղաքում վաղուց խոսում են, որ գծատերերի թիկունքում պաշտոնյաներն են կանգնած ու իրենց «փայաբաժինն» ունեն:

Սա դեռ մեկ տարի առաջ բացահայտ քննադատում էր անգամ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, վանաձորցի Ռոբերտ Աղազարյանը։ Հայտարարում, թե դա է պատճառը, որ գազելները դեռ շարունակում են այստեղ աշխատել ու դրանք ավտոբուսներով փոխարինելու նախաձեռնությունները տապալվում են:

Ուշագրավ է, որ դեռ 2022-ին՝ Եվրամիության 4 միլիոն եվրոանոց ծրագրով, քաղաքապետարանը հպարտորեն ներկայացնում էր «էկոլոգիապես մաքուր» տրանսպորտային ցանցի ռազմավարությունը, իսկ ԵՄ-ից 5 էլեկտրական ավտոբուս նվեր ստանալուց հետո նույնիսկ պարտավորվել էր ապագայում շահագործել բացառապես էլեկտրական տրանսպորտ։ Այսօր, մինչդեռ, էկոլոգիական խոստումները մոռացության են տրվել, ու ազդարարում են դիզելային վառելիքով աշխատող սովորական ավտոբուսներ բերելու մասին։

«Տարոն 1» թաղամասի բնակիչները, մինչդեռ, արդեն կորցրել են հավատը․ համոզված են, որ 45 նոր ու չափերով ավելի մեծ ավտոբուսները պարզապես չեն կարողանա անցնել իրենց նեղլիկ փողոցներով, և խոստացված տրանսպորտային բարեփոխումը իրենց ամենևին էլ չի հասնի: Իրենք ոչ թե հարմարավետություն, այլ էլի սեփական ոտքերի ծանրություն ու ցավ կզգան։



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG