Մատչելիության հղումներ

«Գլխառադ են արել». Վանաձորի «Տարոն» թաղամասի շենքերից մեկի բնակիչները դժգոհ են մեկ տարի առաջ նորոգված տանիքից

Վանաձորի «Տարոն» թաղամասի շենքերից մեկի տանիքը թիթեղապատել են դեռ մեկ տարի առաջ, որ ջուրը ներս չլցվի, բայց անձրևաջրերը նորից բնակարաններ են լցվում։

Բնակիչների ու քաղաքապետարանի համատեղ ներդրումն է եղել, բայց մոտ մեկուկես միլիոն դրամանոց տանիքը փրկություն չի դարձել, իսկ բնակիչների բողոքները օդում են մնացել։

Բնակիչներից Սերոբ Գալստյանը տանիքում ցույց է տալիս իրարից հեռացած թիթեղներն ու ջրի կուտակումները՝ պնդելով, թե գործը «գլխառադ» են արել։

«Անձնական վարպետ եմ բերել իմ կողմից, որ մեր կողմը սարքի, որ ես կարողանամ իմ սենյակը ռեմոնտ անեմ: Մարդը, որ 20-30 տարի մենակ տանիքի գործերով ա զբաղված, ասաց՝ կներես, ես չեմ կարա մենակ քո մասն անեմ, պետք ա քանդվի, նորից սարքվի», - ասաց Գալստյանը:

«Փյունիկ» համատիրության կառավարիչ Տիգրան Հարությունյանը հակադարձում է՝ բնակիչներին անշնորհակալ համարում՝ նույն ձևով ևս հինգ շենք են սարքել, ու առանց դժգոհության:

Թեև համայնքապետարանում աշխատանքը դեռ անցած գարնանն են ավարտված համարել, կառավարիչն ընդունում է՝ թերություններ կան։ Բայց մեղքը բնակիչներին է ուղղում․ ասում է՝ վարձերը թերի են տալիս։

«Մենք էդ տանիքում արել ենք այն աշխատանքը, ինչին մեր բյուջեն հերիքել է, մնացածի առումով քաղաքացիների մոտ կարծրատիպ է, որ պարտավորություն կա: Հակառակ պարագայում պարտավորություն չկա՞», - նշեց Հարությունյանը:

Երկու կողմն էլ իրենն է պնդում․ համատիրությունն ասում է՝ փողը տվեք, որ թերությունները վերացնենք, բնակիչներն էլ, թե՝ վճարել են, էլ չեն վճարի, հրաժարվում են էլի գումար տալ կիսատ-պռատ գործի համար:

Բնակիչները մինչև վարչապետի աշխատակազմ են հասել, որտեղից նամակը հետ է եկել Վանաձորի համայնքապետարան։ Այնտեղից համատիրությանը հորդորել են շտկել թերությունները, բայց իրականում ոչ մի շարժ չկա։

Մինչ կողմերը վեճի մեջ են, ու բնակիչները պատրաստվում են դատարան դիմել, մի նոր հարց ծագեց․ իսկ ո՞վ է ընտրել «Փյունիկ» համատիրության իրենց կառավարչին։ Պարզվեց՝ շենքը համատիրությունում լիազոր ներկայացուցիչ ունի, որի մասին ոչ ոք չգիտեր, ենթադրաբար, անգամ ինքը՝ այդ լիազորված ոստիկանը, որ բնակիչների պնդմամբ՝ երբևէ այդ մասին իրենց չի ասել։



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG