Մինչ Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը հերքում է իր քաղաքական կապերը ՀԱՍԿ կուսակցության հետ, այդ կուսակցության ղեկավար Մովսես Շահվերդյանը զարմանում ու չի հավատում՝ ինչպե՞ս կարող է Փելեշյանն անտեսել ու հերքել կապն իրենց հետ, եթե չորս տարի առաջ հենց այդ կուսակցության ցուցակով է դարձել ավագանու անդամ։
«Այդպիսի բաներ ես չեմ պատկերացնում, որ ասած լինի, չեմ հավատում Ձեր ասածիս։ Ես կճշտեմ իրենից։ ՀԱՍԿ-ի ցուցակով է ինքը մասնակցել ընտրություններին, ո՞նց կարող է կապ չունենալ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Շահվերդյանը։
Չնայած կառավարությունը Վանաձորում վերջին տարիներին իրականացվող ծրագրերն իրեն է վերագրում, բայց ՀԱՍԿ-ի ղեկավարը վարչապետի նշանակած պաշտոնակատարին իրենց կուսակցության ներկայացուցիչն է համարում ու պնդում՝ Վանաձորի բոլոր ծրագրերն իրենց ձեռքի տակով են անցնում. «Այսօր փաստորեն մեր կուսակցությունն է խնդիրներով զբաղվում։ Անելիքներ, ամեն ինչը, բարեկարգման հարցեր, բնակիչների հետ կապված հարցեր, քաղաքի հետ կապված հարցեր. չէ՞ որ կուսակցության ծրագիրն է իրականացվում այսօր Վանաձորում»։
Հարցին, թե վերջին անգամ ե՞րբ են քննարկել Վանաձորում իրականացվող ծրագրերը, պատասխանեց. «Երևի մի երեք-չորս օր առաջ, չորեքշաբթի օրն եմ եղել Վանաձորում։ Կապը միշտ պահում ենք, հանդիպում ենք, քննարկում ենք»:
Դեռ մեկ տարի առաջ համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն «Ազատությանն» ասել էր՝ չնայած Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության ցուցակն է գլխավորել և մանդատ ստացել, ընտրություններից հետո այլևս ՀԱՍԿ-ի հետ կապ չունի։ Փելեշյանը չէր բացատրել՝ արդյոք հակասություններ ունի՞, թե՞ պարզապես փոխել է իր քաղաքական կողմնորոշումը՝ հրաժարվելով ընդդիմադիր կուսակցությունից։
Դեռ 2021-ի Վանաձորի ընտրություններից օրեր առաջ ՀԱՍԿ կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը, ով այժմ էլ Փելեշյանին իր թիմակիցն է համարում, Hraparak.am-ին տված հարցազրույցում բացառել էր իրենց թիմի հետընտրական դաշինքը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։
Փոխարենը նա հավանական էր համարել համագործակցությունը նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ, որի երկու տեղակալները հենց իրենց կուսակցության ցուցակն էին գլխավորում։
Սակայն ընտրություններից հետո Մովսես Շահվերդյանի քաղաքական կանխատեսումները գլխիվայր շուռ եկան։ Կոռուպցիոն մեղադրանքով Մամիկոն Ասլանյանի կալանավորումից հետո Վանաձորում ձևավորված քաղաքական թիմը պաշտոնապես ՔՊ-ին միանալու մասին չհայտարարեց, բայց իր գործողություններով աջակցեց հենց իշխող կուսակցությանը։
Վանաձորի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը 2016-ին Հայկական վերածնունդ, նախկին «Օրինաց երկիր» կուսակցության ցուցակով էր ավագանու անդամ ընտրվել, հետո հուշագիր էր ստորագրել Հանրապետական կուսակցության հետ ու չորս տարի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի տեղակալի պաշտոնն զբաղեցրել: Բայց 2021-ի ընտրություններից հետո ոչ թե իր նախկին ղեկավարի՝ արդեն բանտում գտնվող Մամիկոն Ասլանյանի շահերը պաշտպանեց, այլ իշխող կուսակցության հետ քաղաքական պայմանավորվածությունների գնաց՝ ժամանակավոր պաշտոն ստացավ: Ասլանյանի կոռուպցիոն մեղադրանքներն այդպես էլ նրան չհասան:
«Արկադի Փելեշյանը ժամանակավոր պաշտոնակատարն է, որին նշանակել է վարչապետը, և ես գնահատական չտամ, թող քաղաքացին գնահատական տա, թե իմ, թե պարոն Փելեշյանի աշխատանքին։ Ես գնահատական տալու համար չեմ եկել, ես եկել եմ աշխատելու համար։ Եվ պետք է աշխատեն մարզպետարան-համայնքապետարան սինխրոն, որպեսզի շահի քաղաքացին», -օրերս «Ազատությանն» ասել էր Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը:
Արդեն չորս տարի իշխանությունները պարբերաբար գովաբանում են Վանաձորում վարչապետի նշանակած պաշտոնակատարին, նշում են, որ հենց նրա կառավարման օրոք Վանաձորում աննախադեպ աշխատանքներ են կատարվում: ՔՊ-ական նախկին մարզպետներն անգամ չեն բացառել, որ նա կարող է իշխող կուսակցության քաղաքապետի թեկնածուն լինել առաջիկա ընտրություններում, որ հավանաբար տեղի կունենա հաջորդ տարվա ընթացքում: