Քննիչները յոթ ընդդիմադիրների մեղադրում են անցած նոյեմբերին Վաղարշապատի ավագանու ընտրություններում «Հաղթանակ» դաշինքի օգտին քաղաքացիներին ուղղորդելու և ընտրական իրավունքի ազատությանը խոչընդոտելու համար: Մեղադրյալները դաշինքի ավագանու անդամի թեկնածուներ ու աջակիցներ են:
Քվեարկելու հրահանգներից մինչև ընտրատեղամաս տանել-բերել, հորդորել՝ ում քվեարկել, ում՝ չէ: Քննչականի այսօր հրապարակած գաղտնալսումներն այս հարցերի շրջանակում են:
Վաղարշապատի ընտրություններում իշխող ՔՊ-ի հիմնական մրցակիցը՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը, 32 տոկոս ձայն էր ստացել: Ավագանու խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանն այսօր ընկերների հետ Քննչական կոմիտեի բակում էր: Նախ կասկածի տակ դրեց Քննչականի ձայնագրության իսկությունը:
«Հիմա ես կարող եմ կարծել և նույնիսկ նաև վստահ լինել, որ ում մեղադրանք է առաջադրվել, ձերբակալել են, էդ մարդիկ չեն խոսացողները: Էսօր հնարավոր չէ՞ ձայները մոտեցնել։ Մենք ամեն օր տեսնում ենք կեղծ ձայնագրություններ»,- ասում է Սևակ Խաչատրյանը:
Եթե անգամ իր թիմակիցները քննարկում են քվեարկության օրվա հետ կապված անցուդարձը, դրա ի՞նչն է հանցագործություն՝ հարցնում է ընդդիմադիր գործիչը:
«Որոշակի կազմակերպչական աշխատանքներ են կատարում, էդ ի՞նչ քրեական հանցագործություն է»,- Խաչատրյանը պնդում է, թե իշխանությունը հունիսի խորհրդարանական ընտրություններից առաջ ճնշումներ է բանեցնում: Իշխանությունը հերքում է ճնշումների մասին ընդդիմության պնդումները, մատնացույց անելով քրեական հոդվածները՝ այս ամենը իրավական գործընթաց համարում:
Սևակ Խաչատրյանի խոսքով.-«Իրենք ոչ մի հանցագործություն չեն արել, սա իշխանական լպրծուն պահվածք է»:
Քննչականի հրապարակած գաղտնալսումներում մարդկանց հորդորում են ՔՊ-ին չընտրել, խոսում են տեղամասեր տանելու մասին, Խաչատրյանը պնդում է՝ դա հանցագործություն չէ. «Հիմա իրար ընկեր են, իրար մոտ մարդիկ են, իրար հետ խոսելիս ասել են՝ ասեք ընտրեն, ասեք՝ չընտրեն, էդ ի՞նչ մի մեծ հանցագործություն է: Այսինքն՝ մեր «Հաղթանակ» դաշինքի էս ամբողջ քարոզարշավի ընթացքում կարողացել են սա բացահայտե՞ն, ամբողջ թիմին դրել են գաղտնալսման տակ, կարողացել են սա՞ բացահայտել, սա՞ է ձեռագիրը»,- շեշտում է ընդդիմադիր Սևակ Խաչատրյանը:
Ձերբակալվածներից երկուսին տեսակցելուց հետո Քննչականի բակ էր եկել ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Դուք դա որակում եք հանցագործությո՞ւն, ես էլ եմ կոչ եմ անում, որ չընտրեն իշխող ուժին։ Քանի՞ անգամ եմ տենց կոչ արել, դե ինձ էլ բռնեք տարեք։ Հիմա էլ եմ կոչ անում, որ ընտրություններին չընտրեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Եթե դա քրեորեն հետապնդելի արարք է, թող ինձ էլ բռնեն տանեն, տենց պիտի երկրի 90 %-ին բռնեն տանեն»,- նշում է Գառնիկ Դանիելյանը:
Պատգամավորը պնդում է՝ հանցագործությունն այն չէ, որ քաղաքացուն հորդորում են քվեարկել այս կամ այն ուժին կողմ կամ դեմ, դա ընտրական քարոզչության մաս է: Հանցագործությունն ընտրողին պարտադրմամբ տեղամաս տանելն է կամ էլ քվեարկելուն հարկադրելը:
Պատգամավորի խոսքով.- «Այլ բան է, որ ինչ-որ մեկին ասեն, որ ստիպել են, պարտադրել են, չկա չէ՞ նման բան»:
Վաղարշապատի ընտրություններից հետո մի բողոք էլ իշխող ՔՊ-ին է առնչվում: Սակայն, ինչպես նկատում է այդ բողոքը ներկայացրած իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը, կառավարող ուժի դեպքում քննիչները նախ հրաժարվել էին վարույթ հարուցել և միայն դատարանի որոշումից հետո տեղից շարժվեցին, գործ հարուցեցին:
«Վաղարշապատի ընտրությունների քարոզարշավի առաջին օրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաստառները փակցվում էին համայնքի կոմունալ ծառայության ռեսուրսներով՝ ուժերով, աշխատողներով և ավտոտեխնիկայով։ Քննիչը կայացրել էր քրեական վարույթը նախաձեռնելը մերժելու վերաբերյալ որոշում, նույն որոշումը պաշտպանել էր նաև դատախազը, սակայն մենք այն բողոքարկել էինք դատարան, և դատարանը բավարարել է մեր բողոքը և այդ դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել»,- «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը:
Իոաննիսյանն օրերս է ստացել որոշումը, որով դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ հարուցել պաշտոնական լիազորություններն անցնելու հոդվածով: Նույն Հակակոռուպցիոնը, սակայն, Վաղարշապատի ընտրություններից մեկ ամիս հետո քրեական գործ էր հարուցել մյուս ընդդիմադիր ուժի՝ «Հայրենիք» կուսակցության և այդ ուժի հետ առնչվող 23 մարդու դեմ, նրանց մեղադրել ընտրակաշառք տալու համար: Այժմ կալանքի տակ է այդ կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը: