Ռուսական հարվածները շարքից հանել են Ուկրաինայի պողպատաձուլական երեք խոշորագույն գործարանները՝ սպառնալով երկրի ամբողջ պողպատաձուլական արդյունաբերությանը, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով Metinvest և ArcelorMittal ընկերությունների տվյալներին։
Սեպտեմբերի սկզբին ռուսական բանակը բալիստիկ հրթիռային հարվածներ հասցրեց Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի մարզերի մետաղագործական գործարաններին: Դրանցից երկուսը պատկանում են Metinvest-ին, իսկ մեկը՝ ArcelorMittal-ին: Հարվածների հետևանքով տասնյոթ աշխատակից զոհվեց:
«Այսօր Ուկրաինան այլևս պողպատաձուլական արդյունաբերություն չունի... Նրանք ամեն ինչ գիտեին գործարանի մասին, նրանք ճշգրիտ գիտեին, թե որտեղ հարվածել», - Financial Times-ին ասել է Metinvest-ի գլխավոր տնօրենի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վոդովիցը։
Ընկերությունների հրապարակած տվյալներով՝ այս գործարանները միասին կազմում էին երկրի պողպատի արտադրության 90%-ը։
Վոդովիցը նշել է, որ ներկայումս հայտնի չէ, թե որքան ժամանակ կտևի գործարանի վերանորոգումը: Նա նաև հավելել է, որ գործարաններում ընդհանուր առմամբ աշխատում է 15,000 մարդ, և փակումը կարող է լուրջ հետևանքներ և «մեծ ազդեցություն ունենալ հարկերի վրա»:
Ուկրաինայի վարչապետ Սերգեյ Կորեցկին հայտարարել է, որ ռուսական հարձակումների պատճառով պետությունը կարող է մոտ 1,5 միլիարդ դոլար հարկային եկամուտներ կորցնել: Թերթը նաև նշում է, որ Կիևը բախվում է բյուջեի նոր դեֆիցիտի, որը, ըստ Կորեցկիի գնահատականների, այս տարի կհասնի 27 միլիարդ դոլարի:
Ռուսաստանի կողմից Սև ծովի շրջափակումը, ըստ կառավարության գնահատականների, Ուկրաինային արժենում է նաև ՀՆԱ-ի մոտ 1.5 տոկոսը: Գյուղատնտեսության նախարար Տարաս Վիսոցկին ասել է, որ այլընտրանքային ուղիները թույլ են տալիս Ուկրաինային արտահանել իր սովորական գյուղատնտեսական ծավալների միայն 40 տոկոսը:
«Ընթանում է մաշեցնող պատերազմ, և հիմա կա նաև տնտեսական մաշեցնող պատերազմ. Ռուսաստանը փորձում է որքան հնարավոր է շատ վնաս հասցնել Ուկրաինային, և նույնը անում է Ուկրաինան», - ասել է Կիևում գործող Dragon Capital ներդրումային բանկի գլխավոր տնտեսագետ Ելենա Բիլանը։
«Ռուսաստանը ցանկանում է ոչնչացնել Ուկրաինայի տնտեսությունը և դրանով իսկ կոտրել մեր դիմադրությունը», - իր հերթին անցյալ շաբաթ հայտարարել էր նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ռուսական անօդաչու թռչող սարքերն անցյալ շաբաթավերջին հարվածել էին նաև Ուկրաինայի արևմուտքում գտնվող երկաթուղային ենթակառուցվածքներին, այդ թվում՝ երկաթուղային գծերին մի քանի րոպե անց այն բանից հետո, երբ օտարերկրացի պաշտոնյաներ էին այդտեղով հատե լեհական սահմանը: