Մատչելիության հղումներ

Չնայած Թրամփի պնդմանը՝ Ռուսաստանն ու Ուկրաինան հարվածում են էներգետիկ օբյեկտներին 

Կիևի բենզալցակայանի վրա ռուսական անօդաչուի հարվածի հետևանքները, 15-ը սեպտեմբերի,2026 թ.
Կիևի բենզալցակայանի վրա ռուսական անօդաչուի հարվածի հետևանքները, 15-ը սեպտեմբերի,2026 թ.

Չնայած ԱՄՆ նախագահի երեկվա հայտարարությանը, որ Մոսկվան և Կիևը համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին, Ուկրաինայի նախագահն այսօր հայտարարել է, որ ռուսական կողմը շարունակում է հարվածները: Ուկրաինական զինուժն էլ ստիպված պատասխանում է դրանց, ասել է Վլադիմիր Զելենսկին:

«Ռուսաստանը շարունակում է հարվածներ հասցնել մեր էներգետիկ ոլորտին, սովորական լոգիստիկ կետերին և կարևորագույն ենթակառուցվածքներին։ Եվ մեր պատասխանները դրանց շոշափելի են»,- սոցցանցում գրել է Զելենսկին։

Ռուսական զինուժը գիշերը հարվածել է Ուկրաինայի տարբեր հատվածների, այդ թվում՝ երկու բենզալցակայանի Կիևում: Ուկրաինական զինուժն էլ Սամարայում հարվածել է նավթավերամշակման գործարանի, իսկ Տագանրոգում՝ Ozon-ի պահեստի:

Ուկրաինան պատրաստ է հրադադարի

Դոնալդ Թրամփը, հայտնելով էներգետիկ հրադադարի շուրջ պայմանավորվածության մասին, սոցցանցում նաև գրել էր, թե համաշխարհային շուկայում դիզվառելիքի թանկացման գլխավոր պատճառը ռուս-ուկրաինական պատերազմն է: Վլադիմիր Զելենսկին էլ հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստ է դադարեցնել հարվածները, եթե Ռուսաստանն էլ նույնն անի:

Արտգործնախարար Անդրեյ Սիբիհան իր հերթին այսօր վերահաստատել է՝ Ուկրաինան պատրաստ է էներգետիկ հրադադարի:

«Մեր գործընկերները գիտեն մեր դիրքորոշումը։ Եվ, ի դեպ, մեր ամենամոտ գործընկերներից … կան մի քանի այլ առաջարկներ՝ այս ուղղությամբ աշխատելու համար, որպեսզի համատեղ ջանքերով կարողանանք հասնել այս էներգետիկ հրադադարին»,- ասել է Ուկրաինայի արտգործնախարարը։

Հրադադարը՝ «շատ լավ գաղափար»

Չնայած Զելենսկիի պնդումներին, որ Ռուսաստանը շարունակում է հարվածները՝ Կրեմլի խոսնակը պնդել է, որ Մոսկվան կողմ է խաղաղ կարգավորմանը։ Դմիտրի Պեսկովն ասել է, որ տեղյակ են հրադադարի մասին Թրամփի հայտարարությանը և կարծում են՝ դա շատ լավ գաղափար է։

Սակայն, ըստ նրա՝ նավթավերամշակման գործարանների անվտանգ գործունեության ապահովումը և նավթամթերքի արտադրության ծավալների ավելացումը չեն լուծի համաշխարհային խնդիրները, որոնք հիշատակել է Թրամփը: Գլխավոր խնդիրը, նրա խոսքով՝ նավթամթերքի անխափան արտահանումն է համաշխարհային շուկաներ:

«Այստեղ անհրաժեշտ է ապահովել առևտրային նավերի անվտանգ նավագնացությունը և նավթատարների նավարկությունը։ Կիևի ռեժիմը դեռ հակված չէ երաշխավորել նման անվտանգությունը։ Երկրորդ բանը, որ պետք է արվի, իհարկե, պատժամիջոցների վերացումն է»,- հայտարարել է Պեսկովը։

ՌԴ-ն ԱՄՆ-ին է մեղադրում

Ռուսաստանի արտգործնախարարը ևս պնդել է, թե Մոսկվան ցանկանում է վերջ դնել այս հակամարտությանը: Սերգեյ Լավրովը նաև ասել է, թե ԱՄՆ-ն է մեղավոր, որ պատերազմը դեռ չի ավարտվել, քանզի հրաժարվել է Ալյասկայի պայմանավորվածություններից:

«Եթե ամերիկացիները չհրաժարվեին Անքորիջի պայմանավորվածություններից, և եթե Եվրոպան նրանց դուրս չքաշեր … մենք արդեն մեկ տարի կապրեինք առանց պատերազմի։ Սա ակնհայտ փաստ է»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։

Ռուսաստանի գլխավոր դիվանագետը նաև զգուշացրել է՝ ռուսական զինուժը ոչ մի պարագայում չի դադարեցնի ռազմական գործողությունները բանակցությունների ընթացքում:

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացները սեպտեմբերի սկզբին Մոսկվա և Կիև այցից հետո առաջ քաշեցին եռակողմ ձևաչափով բանակցությունները վերսկսելու գաղափարը: Կիևը համաձայնել էր, Մոսկվան էլ չէր բացառել նման հանդիպումները, որոնցից վերջինը տեղի էր ունեցել այս տարվա փետրվարին` Ժնևում:

XS
SM
MD
LG