Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկզբից մինչև 2026 թվականի սեպտեմբերի վերջը զոհվել է առնվազն 490,000 ռուս զինծառայող։ Իսկ եթե հաշվարկում ներառվեն նաև այն զոհվածները, որոնք դեռ անհետ կորած են համարվում, ապա Ռուսաստանի կորուստները 2026 թվականի աշնան դրությամբ գնահատվում են մոտ 720,000 կամ ավելի մարդ: Նման եզրակացության են եկել ռուսական «Մեդուզա» և «Մեդիազոնա» լրատվամիջոցները, որոնք ուսումնասիրել են «Ռոսստատից» արտահոսած տվյալները։
Արխիվը լրագրողներին են փոխանցել «Բելառուսի կիբեռպարտիզաններ» և Silent Crow հաքերային խմբերը։ «Ռոսստատի» համակարգը կոտրելու մասին նրանք հայտարարել էին նոյեմբերի 1-ին։
Տվյալների երկու զանգվածները մշակելուց, կրկնվող գրառումները հեռացնելուց և ուղղված փաստաթղթերը միավորելուց հետո լրագրողները ստացել են մոտ 11 միլիոն 660 հազար եզակի գրառում՝ 2021 թվականի սկզբից մինչև 2026 թվականի սեպտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում մահվան դեպքերի վերաբերյալ։ Դրանք վերաբերում են բոլոր մահացածներին, ուստի զոհված զինծառայողների տվյալները հարկ է եղել առանձնացնել։
Լրագրողները տվյալների բազայի իսկությունը ստուգել են ժառանգության գործերի ռեգիստրի, դատական որոշումների, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման համակարգից այլ արտահոսքերի և «Ռոսստատի» հրապարակած վիճակագրության միջոցով։ Արխիվում լրագրողները հայտնաբերել են զոհված զինվորների 95,1%-ի մասին գրառումներ, որոնց անունները ներառված են «Մեդիազոնայի» և BBC-ի ռուսական ծառայության ու կամավորների կազմած ցուցակում:
The Insider-ն անանուն արխիվից նույնականացրել է ավելի քան 370,000 զոհի։ Անունները կարելի է որոնել լրատվամիջոցի կայքում։ The Insider-ի հաշվարկների համաձայն՝ գրանցված ամենածանր կորուստները տեղի են ունեցել 2025 թվականի գարնանը՝ ավելի քան 61,000 մարդ երեք ամսում։
«Վաժնիե իստորիի» պարբերականը հաշվարկել է, որ զոհվածների միջին օրական թիվը 2022 թվականին մոտ 60-ից աճել է և 2023-ին հասել մինչև 150, իսկ 2024 թվականին գերազանցել է 400-ը։ 2025 թվականին գրանցված մահվան դեպքերի միջին օրական թիվը հասել է 584-ի։ Այսպիսով, Ուկրաինայում պատերազմի ընթացքում միջինում յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ մեկ ռուս զինծառայող է զոհվում։
Պարբերականը նաև հաշվարկել է, որ պատերազմի ողջ ընթացքում 18-19 տարեկան ավելի քան 7000 երիտասարդ է զոհվել։ Նրանց մոտ կեսը մահացել է 2025 թվականին, իսկ 16-ը՝ չափահաս դառնալուց հետո առաջին ամսվա ընթացքում։ Զոհվածների միջին տարիքը 33-ից աճել է մինչև 40։
Բնակչության թվի համեմատ ամենաշատը տուժել են Հեռավոր Արևելքը և Սիբիրը։ Հրեական ինքնավար մարզում յուրաքանչյուր 100,000 բնակչի հաշվով գրանցվել է գրեթե 1000 մահ, Անդրբայկալյան տարածաշրջանում՝ մոտ 800, Չուկոտկայում՝ 760, իսկ Տիվայում՝ 650։ «Վաժնիե իստորիի» պարբերականի հաշվարկներով՝ Մոսկվայում այս ցուցանիշը կազմել է 63 զոհ 100,000 բնակչի հաշվով։
Ռուսական կողմից սպանվածների թվում, ըստ լրատվամիջոցի, կա առնվազն 6000 օտարերկրացի, այդ թվում՝ ուկրաինական անձնագրեր ունեցողներ: Լրագրողները նաև ուսումնասիրել են մարտական գործողությունների հետ կապ չունեցող պատճառներով զինվորականների մահվան դեպքերը: Մոտ 2500 մարդ մահացել է ալկոհոլի և թմրանյութերի օգտագործումից կամ ինքնասպանության հետևանքով: