Գիշերը Ֆրանսիայում խաղաղ է անցել: Հանգստյան օրերին երկիրը ցնցած զանգվածային ցույցերից հետո իշխանությունները պարետային ժամ են սահմանել Փարիզի կենտրոնական հատվածներում և այլ քաղաքներում:
Նաև արգելվել են չարտոնված հավաքները ինչպես մայրաքաղաքի կենտրոնում, այնպես էլ մի շարք խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Մարսելում, Բորդոյում, Նիսում, Լիոնում և Լիլում:
Արտակարգ դրության կարիք չկա
Չնայած անկարգություններով ուղեկցված ցույցերից հետո վարչապետը չէր բացառել երկրում արտակարգ դրություն մտցնելը, արդարադատության նախարարը հայտարարել է, որ դրա կարիքը չկա, քանզի դա «բոլոր ֆրանսիացիներին կզրկի իրենց անհատական ազատություններից»։
Ջերալդ Դարմանինը տեղական լրատվամիջոցներին ասել է, որ ձերբակալված 123 անձ կալանավորվել է և սպասում է դատավարության: Ձերբակալված մոտ 2500 մարդու էլ իրավապահները դեռ պիտի հարցաքննեն:
Քննիչները նույնականացնում են իրավախախտներին
Ներքին գործերի նախարարն էլ ասել է, որ 200 քննիչներ ուսումնասիրում են տեսախցիկների տեսագրությունները և փորձում են նույնականացնել անկարգությունների մասնակիցներին:
Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են, որ արդեն ձերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի շենքը հրկիզելու մեջ կասկածվող 40-ամյա մի տղամարդ, որը նախկինում ունեցել է պետական պաշտոնյաների նկատմամբ բռնություն գործադրելու փորձ:
Դժգոհություններ պարետային ժամից
Փարիզում և այլ քաղաքներում մաքրման աշխատանքներ են ընթանում, թալանված բիզնեսները գնահատում են վնասը: Պարետային ժամը սակայն անհարմարություններ է ստեղծում քաղաքացիների համար, որոնք պնդում են՝ մի քանի օրինազանցի պատճառով պատժվում են թե՛ մարդիկ, թե՛ բիզնեսները:
«Գիշերվա մի մասը ուղղաթիռներ էին պտտվում տարածքում՝ հսկա լուսարձակներով և ստուգում, որ մարդկանց փոքրիկ խմբեր չգոյանան։ Գիշերվա ժամը մեկին ուղղաթիռի ձայնը մի փոքր ճնշող է»,- ասել է Փարիզի բնակիչ Սիլվեն Կուրանը։
«Պարետային ժամը շատ հարկադրական միջոց է։ Դա խանգարում է նաև այն ռեստորաններին, որոնք ցանկանում են աշխատել։ Հանրապետության հրապարակում ժամը 11-ին բոլորը ստիպված էին հեռանալ: Այնպես որ, սա կարող են միայն շատ ժամանակավոր միջոց լինել»,- ասել է մեկ այլ բնակիչ Ժան-Միշելը:
Ժիզելա Ռեստրեպոն էլ համարում է, որ պարետային ժամի կարիք չկար: «Ինչո՞ւ պարետային ժամ։ Եվ ինչո՞ւ պատժել թաղամասում ապրող մարդկանց մի քանի անհատների պատճառով, որոնք անընդհատ ամեն ինչ ջարդում են։ Թող անվտանգության լրացուցիչ աշխատակիցներ վարձեն, որ հետևեն ամեն ինչին, չգիտեմ, պետք է որ այլ լուծումներ լինեն, քան պարետային ժամն է»,- ասել է նա։
Անկարգությունները վարկաբեկում են պայքարը
Լրատվամիջոցները գրում են, որ անկարգությունները հրահրել են հիմնականում ցույցերի հետ կապ չունեցող անձինք: Կրթության որակի ու շենքային պայմանների դեմ բողոքի ակցիաներ սկսած ուսանողներն էլ կարծում են, որ անկարգություններն ու թալանը վարկաբեկում են իրենց պայքարը:
«Իրականում դա ցույց չի տալիս, թե ինչ ենք մենք ուզում։ Բայց մյուս կողմից, ես համամիտ եմ բոլոր նրանց հետ, ովքեր այստեղ են գալիս բարձրաձայնելու իրենց ասելիքը: Եվ ըստ իս՝ ամոթ է, որ Մակրոնը մեզ չի լսում, չնայած մենք պահանջներ ունենք, իրական ասելիք»,- ասել է Օմայմա Բուրեյը, որն ուսանող է:
Այսօր ցուցարարների առանձին խմբեր կոչ են արել շաբաթ կրկին դուրս գալ փողոց: Սակայն հիմնական արհմիությունները, որոնք որպես կանոն կազմակերպված խոշոր ցույցերի շարժիչ ուժն են, բռնությամբ ու վանդալիզմով ավարտված ակցիաներից հետո չեն միացել այդ կոչերին: