Եվրոպական երեք երկրում՝ Ֆրանսիայում, Իտալիայում և Ալբանիայում, հանգստյան օրերին հակակառվարական զանգվածային ցույցեր են եղել, որոնք ուղեկցվել են անկարգություններով և ոստիկանության հետ բախումներով:
Ամենազանգվածային ցույցերը եղել են Ֆրանսիայում, ավելի քան կես միլիոն մարդ է փողոց դուրս եկել: Դեռ մեկ ամիս առաջ շենքային և կրթական պայմաններից բողոքող ուսանողների ցույցերը վերածվել են թանկացումների և կենսապայմանների դեմ համապետական ակցիաների:
Ցուցարարները շենքեր են այրել, խանութներ թալանել, մոտ 2000 բիզնես է տուժել: Մարսելում ցուցարարները ներխուժել են քաղաքապետարան, Լիոնում այրել են զբոսաշրջության գրասենյակը, Լիմոժում էլ հրկիզել են քաղաքապետարանի շենքը: Փարիզի, Լիոնի և Մարսելի քաղաքապետները հայտնել են, որ քաղաքների «ամբողջական հատվածներ» անպաշտպան էին մնացել:
Մոտ 150 ոստիկան և 500 ցուցարար է վիրավորվել, ավելի քան 1800-ը՝ ձերբակալվել: Բողոքի ակցիաներ են եղել նաև այսօր. ցուցարարները փակել են Լուվրի թանգարանի մուտքը, Մարսելում ժամանակավորապես արգելվել են հանրային հավաքներն ու ցույցերը։
Արտահերթ նիստ
Ստեղծված իրավիճակը քննարկելու համար վարչապետն այսօր կառավարության արտահերթ նիստ է հրավիրել, որը գլխավորել է նախագահը: Սեբաստիան Լեկորնյուն բռնությունների համար մեղադրել է «ուլտրաձախ ծայրահեղականներին»: Նա նաև որոշ քաղաքների խնդրել է մասնակի պարետային ժամ սահմանել:
Ներքին գործերի նախարարը հրաժարական է ներկայացրել՝ ասելով, որ ինքն է պատասխանատու կատարվածի համար: Լորան Նունյեսը պարզաբանել է, թե չէին կանխատեսել, որ այդքան մարդ դուրս կգա փողոց: Նախագահը, սակայն չի ընդունել հրաժարականը՝ ասելով, որ դեռ շատ աշխատանք ունեն անելու:
Էմանյուել Մակրոնը, որը վեց ամսից հրաժեշտ կտա պաշտոնին, խնդրել է քննարկել, թե ինչպես երկրում փողոցներն ավելի անվտանգ դարձնել և պատասխանատվության ենթարկել բռնարարներին: Չնայած ստեղծված բարդ ներքաղաքական իրավիճակին՝ Մակրոնը եռօրյա այցով մեկնել է Ծոցի երկրներ:
Ուղերձ ֆրանսիացիներին
Երեկ էլ նա տեսաուղերձով էր դիմել ֆրանսիացիներին և հանդարտվելու կոչ արել: Նախագահը դատապարտել էր ցուցարարների կողմից բռնության կիրառումը և խոստացել՝ տուժած տնտեսվարողները փոխհատուցում կստանան, իսկ մեղավորները կպատժվեն:
«Նրանք, ովքեր գույք են ոչնչացրել, պետք է վճարեն։ Նրանք, ովքեր թալանել են, պետք է փոխհատուցեն վնասը։ Նրանք, ովքեր փորձել են տապալել հանրապետությունը, պատասխանատվության կենթարկվեն»,- ասել է Էմանյուել Մակրոնը:
Ֆրանսիայի ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակության առաջնորդ, նախագահի թեկնածու Մարին Լը Պենը հայտարարել է, որ վստահության և հեղինակության խորը ճգնաժամ կա երկրում, ինչը, նրա պնդմամբ, սպառնալիք է ժողովրդավարությանը: Նա նաև ասել է, որ ծեծի, բռնության և թալանի տեսարանները Ֆրանսիայում չպետք է սովորական դառնան, ապա դատապարտել է բռնարարներին:
«Ես վճռականորեն դատապարտում եմ զայրույթի այս շահագործումը քաղաքական ուժերի կողմից, որոնք խրախուսում են բռնությունը, ինչպես նաև ավազակների կողմից դրա կիրառումը՝ Ֆրանսիայի քաղաքներում քաոս սերմանելու համար»,- ասել է Մարին Լը Պենը:
«Պատերազմական գոտի»
Ականատեսները ֆրանսիական քաղաքների փողոցները «պատերազմական գոտու» հետ են համեմատում: Երեկվանից արդեն մաքրման և վերականգնողական աշխատանքներ են սկսվել: Լիմոժի քաղաքապետը դատապարտել է հրկիզման հետևանքով քաղաքապետարանի շենքին հասցված վնասը: Գիյոմ Գերենն ասել է, որ քաղաքը կորցրել է իր «ճարտարապետական գոհարը»:
«Այն պատմական շենք է, որն ավերվել է, ինչպես տեսնում եք: Այն քաղաքի ճարտարապետական գոհարն էր։ Երկու դար առաջ է կառուցվել այս շենքը. այն քաղաքի ժառանգության մասն է, որը չի ավերվել նույնիսկ պատերազմի ժամանակ»,- ասել է Լիմոժի քաղաքապետը:
Ցույցեր Իտալիայում և Ալբանիայում
Իտալիայում ևս վարչապետն արտահերթ նիստ է անցկացրել Միլանում հանգստյան օրերին ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումներից հետո։ Ջորջիա Մելոնին ասել է, որ «խուլիգաններն» օգտվել են առիթից՝ «քաոս սերմանելու» համար։
Հանգստյան օրերին ցույցեր են եղել նաև Ալբանիայում: Վարչապետի հրաժարականը պահանջող ցուցարարները հրկիզել են կառավարական շենքեր, բանկեր, կոտրել խանութների ցուցափեղկեր: Ոստիկանությունը Տիրանայի փողոցներում ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենաներ է կիրառել: Ալբանիայում բողոքում են կոռուպցիայից և թանկացումներին: