Մատչելիության հղումներ

Ցույցերի պատճառով Ֆրանսիայի ՆԳ նախարարը հրաժարական է տվել, Մակրոնը չի ընդունել այն

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը

Ֆրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած զանգվածային ցույցերի ու անկարգություններից հետո ներքին գործերի նախարար Լորան Նունյեսն այսօր առավոտյան հրաժարական է ներկայացրել, սակայն նախագահ Էմանյուել Մակրոնը չի ընդունել այն:

Նունյեսը ճնշման տակ է եղել գրեթե ողջ Ֆրանսիայում բռնություններով ուղեկցված ցույցերի պատճառով, սակայն Մակրոնն ասել է, որ հրաժարականը չի ընդունում՝ հաշվի առնելով իրավապահ մարմինների շարունակական աշխատանքի անհրաժեշտությունը, հայտնել է Ելիսեյան պալատը։

Ցուցարարը «սերը կհաղթի» գրությամբ խաչ է բռնել, Փարիզի Հանրապետության հրապարակում, 17-ը հոկտեմբերի, 2026 թ.
Ցուցարարը «սերը կհաղթի» գրությամբ խաչ է բռնել, Փարիզի Հանրապետության հրապարակում, 17-ը հոկտեմբերի, 2026 թ.

Մակրոնը նաև նախարարին խնդրել է քննարկել, թե ինչպես կարելի է Ֆրանսիայի փողոցներն ավելի անվտանգ դարձնել և անկարգությունների մասնակիցներին պատասխանատվության ենթարկել։

Նախարար Նունյեսն ասել է, որ հրաժարական է ներկայացրել, քանզի պատասխանատու է զգում տեղի ունեցածի համար։ Նախարարը բացատրել է, որ իր թիմերը կանխատեսել էին, որ ցույցերին կմասնակցի մոտ 200,000 մարդ, սակայն շաբաթ Ֆրանսիայում փողոց է դուրս եկել ավելի քան 550,000 մարդ։

Նա հավելել է, որ ձեռնարկված անվտանգության միջոցառումները «անհամաչափ» էին, և ոստիկանությունը մի քանի քաղաքներում «կորցրել է վերահսկողությունը»։

Ֆրանսիայում ցույցերն սկսել են դեռ անցած ամսվանից: Ի սկզբանե բողոքի էին դուրս գալիս ուսանողները, որոնք դժգոհում էին ուսումնական հաստատությունների պայմաններից, ուսուցիչների պակասից, սակայն ընթացքում բողոքի ակցիաներին են միացել նաև ծնողները, արհմիությունները և այլ քաղաքացիներ, ինչի արդյունքում ցույցերը վերածվել են ընդհանուր թանկացումների և կենսապայմանների դեմ ակցիաների:


Ցուցարարը ծածանում է Ֆրանսիայի դրոշը, Մարսել, 17-ը հոկտեմբերի, 2026 թ.
Ցուցարարը ծածանում է Ֆրանսիայի դրոշը, Մարսել, 17-ը հոկտեմբերի, 2026 թ.

Շաբաթ տեղի ունեցած ցույցերն ուղեկցվել են անկարգություններով: Ցուցարարները հրի են մատնել ավտոմեքենաներ, շենքեր, նաև թալանել են խանութներ: Երկրի տարբեր քաղաքներում ոստիկանության հետ բախումներ են եղել։ Վիրավորվել է մոտ 150 ոստիկան, ևս 500 ցուցարար, հազարավոր ցուցարարներ են ձերբակալվել: Կիրակի անկարգությունները մասամբ շարունակվել են Փարիզում, որտեղ 350-ից ավելի ցուցարար է ձերբակալվել:

Արդարադատության նախարարը հայտարարել է, որ անվտանգության ծառայությունը «արդյունավետորեն չի պայքարում ծայրահեղ ձախերի դեմ»։

Շաբաթվա զանգվածային ցույցերից ու անկարգություններից հետո նախագահ Էմանյուել Մակրոնը կիրակի տեսաուղերձ է հղել ազգին՝ կոչ անելով հանդարտվել, նաև դատապարտել ցուցարարների կողմից բռնության կիրառումը:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG