Մատչելիության հղումներ

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի վերականգնման հարց չկա. նախարար

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի վերականգնման հարց չկա, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Հարցին, թե ի՞նչ բացատրություն է ներկայացրել նախկին տնօրեն Էդիտա Գզոյանի ազատման մասին, նախարարն արձագանքեց՝ բացատրություն ներկայացնելու կարիք չունի:

Անդրեասյանն ընդգծեց՝ գնահատում է Գզոյանին որպես գիտնականի և գտնում է, որ նա իր գիտական գործունեությունը շարունակելու բոլոր հնարավորություններն ունի, այդ թվում՝ թանգարանում:

«Այդ իմաստով կարծում եմ՝ մեր համագործակցությունն ամենևին սպառված չէ, բայց կառավարումը կոնկրետ օղակ է, ենթադրում է կոնկրետ պատասխանատվություններ, և կառավարչական ոլորտում առկա խնդիրները պետք է լուծվեն», - նշեց Անդրեասյանը՝ հավելելով՝ եղել է իրավիճակ, որը չպետք է լիներ:

Օրերս հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Ցեղասպանության հուշահամալիր այցից մեկ ամիս անց թանգարան-ինստիտուտի տնօրենը հեռանում է այդ պաշտոնից։ Աշխատակիցները փոխանցել էին, որ իրենց ասվել է, որ Գզոյանին աշխատանքից հեռացրել են շինարարական աշխատանքների պատճառով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի ուշ հայտնեց, որ Էդիտա Գզոյանը պաշտոնանկ է արվել իր անմիջական հրահանգով՝ փետրվարի սկզբին Վենսին Արցախյան հակամարտության մասին գիրք նվիրելու համար։

Հարցին, թե արդյոք Գզոյանը տեղեկացվել է արարողակարգի փոփոխության մասին, որ տարիներով գործել է, նախարարն արձագանքեց, որ այդ մասով ինքը չէ պատասխանատուն:

Նախարարը հերքում է տեղեկությունները, որ թանգարան-ինստիտուտի աշխատակիցներին ավելի վաղ ասվել է, որ Էդիտա Գզոյանը տնօրենի պաշտոնից ազատվում է հուշահամալիրի տարածքում շինարարական աշխատանքների հետ կապված: Ի պատասխան «Ազատության» հարցին՝ նախարարն ասաց, որ աշխատակիցների հետ մեկ հանդիպում է եղել, որը կայացել է երեկ:

«Մենք շատ մանրամասն քննարկել ենք բոլոր հարցերը, և ես աշխատակիցներին փոխանցել եմ այն տեղեկատվությունը, և բարձրացված այն հարցերին եմ անդրադարձել, որ իրենց մոտ եղել է: Ես հենց սկզբից էլ հարցը բարձրացրել եմ կառավարման մասով և շարունակում եմ հենց այս տեսանկյունից», - նշեց նա:

Անդրեասյանի խոսքով՝ աշխատակիցների հետ երեկվա հանդիպմանը հիմնականում քննարկվել է նրանց գիտահետազոտական գործունեությունը: Նախարարը պնդեց՝ նրանց ասել է, որ պետք է վերադառնան իրենց բնականոն աշխատանքին, իսկ Արցախի հետ կապված հետազոտությունների բաժինը փակելու մասին խոսք չի եղել:

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի բոլոր 74 աշխատակիցներն օրեր առաջ դիմել էին վարչապետին՝ հույսով, որ կվերանայվի այս պարտադրանքը։ Նրանք «Ազատության» հետ զրույցում ասել էին, որ իրենց կարծիքը ոչ ոք չի հարցրել: Մի խումբ ցեղասպանագետներ բաց նամակով մտահոգություն էին հայտնել տնօրենի պաշտոնից Էդիտա Գզոյանին ազատելու կապակցությամբ:

XS
SM
MD
LG