Ցանկացած պահի կարող ենք հայտարարել արտահերթի մասին, բայց մինչև այդ կլինի վերբալ ճնշում. ՔՊ պատգամավոր

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 24-ը նոյեմբերի, 2026թ.
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 24-ը նոյեմբերի, 2026թ.

«Քաղաքացիական պայմանագրում» ի գիտություն են ընդունել, որ խորհրդարանական ընդդիմությունը մերժում է վարչապետի առաջարկը, բայց սրան չեն հետևելու արտահերթ ընտրություններ: Այն իշխանության գործիքակազմում, ըստ ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանի, վերջին գործիքն է:

«Մենք ժամանակ կտանք ընդդիմությանը մտածելու, արտահերթի օրակարգն, այո, մենք ենք առաջարկել և ցանկացած պահի կարող ենք հայտարարել դրա մեկնարկի մասին: Այսինքն՝ վարչապետը պետք է հրաժարական տա, բայց ես ուզում եմ ձեզ վստահեցնել՝ մեր ունեցած ամբողջ գործիքակազմից օգտվելու ենք մինչև արտահերթին հասնելը», - նշեց իշխանական պատգամավորը:

Իսկ մինչ արտահերթը, այսինքն՝ այս փուլում, ասաց՝ կլինի վերբալ ճնշում:

Չբացառեց, որ անգամ ընդդիմության ընտրողները միանան «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցության անդամների նկատմամբ ճնշումներին, որպեսզի Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հնարավորությունն իրացվի:

«Խոստացել էինք նաև հասարակական ճնշում։ Ես կարծում եմ, որ նրանք պետք է պատասխանատու լինեն սեփական ընտրողի նկատմամբ, գան խորհրդարանում հիմնավորեն, թե ինչու են «ալիևյան սահմանադրություն» կոչում մի բան, որը միտված է Հայաստանի զարգացմանն ու բարեկեցությանը։ Ես կարծում եմ՝ այն հասարակական ճնշումը, որ պիտի մեկնարկի իրենց հրաժարման պահից, կմեկնարկի։ Վստահ եմ՝ ընդդիմությունն ինչ-որ պահի խոսելու է իրականության մասին, իսկ իրականությունն այն է, որ նրանց նպատակը ոչ թե վարչապետի հեռացումն է, այլ խաղաղության դեմ կռիվ տալը», - նշեց իշխանական պատգամավորը։

Իսկ ինչպե՞ս է դրսևորվելու հասարակական ճնշումը, «Ազատություն»-ը հարցրեց Ղազարյանին: «Այնպես, ինչպես նախատեսում են Սահմանադրությունն ու օրենքները, բանեցվելու է վերբալ ճնշում», - հարցին արձագանքեց պատգամավորը:

Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր երկու խմբակցություններին առաջարկել էր ապահովել նոր Սահմանադրությունը հանրաքվեի դնելու որոշման համար անհրաժեշտ վեց ձայնը՝ խոստանալով հանրաքվեի ցանկացած ելքի դեպքում հեռանալ։ Երեկ նախագծի հրապարակումից հետո թե՛ «Ուժեղ Հայաստան», թե՛ «Հայաստան» խմբակցության ղեկավարները մերժեցին առաջարկը։

Իշխող խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում իշխանությունը փորձելու է հանրային ճնշում գեներացնել ընդդիմադիրների նկատմամբ։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը, մինչդեռ, երեկ պարզաբանում էր՝ դեմ են նոր Սահմանադրության ընդունման հարցում իշխանության առաջարկին, որովհետև «դրանով Ադրբեջանը փորձում է հայ ժողովրդին ստորացնել»։

«Անհաջող փորձ է լինելու, մենք կանգնելու ենք դրա դեմ։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի առաջարկին, ապա այն ցանկացած ընդդիմության համար կարող էր լավագույն առաջարկը լինել, որ եռապատերազմի խորհրդանիշը հեռանար։ Փաստորեն, մեզ առաջարկվում է Ալիևին ասել՝ «հա», պոտենցիալ իշխանության դիմաց։ Բայց ինչո՞վ կտարբերվենք Փաշինյանից, եթե «հա» ասենք Ալիևին՝ իշխանության համար», - հայտարարում էր Նարեկ Կարապետյանը, - «Ոչ մի իշխանություն չի կարող հավասար լինել թշնամու հետ համաձայնելով, քո ազգին տանելով ստորացման՝ գաս իշխանության։ Թերագնահատել է մեզ Փաշինյանը: Մեզ իշխանությունն ու Փաշինյանի գնալը պետք են, որ մեր պետական արժանապատվությունը վերականգնենք, մեզ իշխանությունն այլ բանի համար պետք չէ, եթե պետք լիներ, Փաշինյանին «հա» կասեինք»:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի որակումներն առավել կտրուկ էին:

«Ինքը գործում է դասական ահաբեկչի մեթոդներով՝ պատանդ է վերցրել քաղաքական ուժերի ղեկավարներին ու ասում է՝ «եկեք բանակցենք»։ Ահաբեկիչների հետ չենք բանակցում։ Ինքը մեզ հրավիրում է, իբր, շախմատ խաղալու, բայց բոքսի պերչատկաներով է սպասում։ Այսինքն՝ դու մտածում ես այն ԿԸՀ կազմով, այն դատախազով, որ այդպես էլ քո օգնականի կարգավիճակից դուրս չեկավ, այն ՍԴ կազմով, որի նախագահը ձեր կուսակից ընկերն է, մտածում եք, որ հնարավո՞ր է նորմալ հանրաքվե ունենալ», - ընդգծում էր խորհրդարանական երկրորդ ընդիմադիր ուժի ղեկավարը:

Թե՛ Կարապետյանը, թե՛ Գրիգորյանը շարունակում են պնդել՝ Սահմանադրությունը փոխվում է Ադրբեջանի պահանջով, և, ինչպես «Հայաստան» խմբակցության ղեկավարն է ձևակերպել, «հարևան երկրի ղեկավարի քիթը պետք է հանել Հայաստանի ներքին գործերից»:

ՔՊ-ական Սոնա Ղազարյանն այսօր հակադարձեց՝ նոր Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղում չներառելու որոշումը իշխանությանն է: Իրենք են համարում, որ այդ փաստաթուղթը ժամանակավրեպ է և չպետք է տեղ գտնի նոր նախագծում:

«Կոնֆլիկտային մտածողության վերարտադրությունը չեմ կարծում, որ բխում է Հայաստանում գործող քաղաքական իրավիճակից: Անկախության հռչակագիրը չգիտեմ մեկ պատճառ, թե ինչու պետք է վերաքվեարկվի: Դա քաղաքական տեքստ է, որը նկարագրել է այդ պահի իրավիճակը: Ինձ համար պարզ չէ՝ ինչու մենք ունենք նման հղում», - ասաց Ղազարյանը:

Ադրբեջանից են «բարձր գնահատել» նոր Սահմանադրության նախագծում Անկախության հռչակագրին հղումը չներառելու Հայաստանի իշխանության որոշումը:

​
XS
SM
MD
LG