Մատչելիության հղումներ

Թրամփը հայտնում է՝ Իրանի հետ բանակցություններ չեն ընթանում, Թեհրանից էլ զգուշացնում են ԱՄՆ-ին

Հորմուզի նեղուցը փակ կմնա այնքան, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի պայմանները, զգուշացրել է Իրանի խորհրդարանի խոսնակը: Թեհրանի գլխավոր բանագնաց Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նշել է, որ այդ պայմանները ներառում են նաև Իրանի նկատմամբ ծովային շրջափակման և պատժամիջոցների վերացումը։

«Եվ թույլ տվեք հստակեցնել. նեղուցը չի վերաբացվի, մինչև Ամերիկան չկատարի իր ստանձնած պարտավորությունները, ներառյալ սառեցված ակտիվների ապասառեցումը, նավթային պատժամիջոցների վերացումը, բոլոր ճակատներում սպառնալիքների և ռազմական գործողությունների դադարեցումը, ինչպես նաև այլ պայմաններ, որոնց Ամերիկան համաձայնել է փոխըմբռնման համաձայնագրով»,- հայտարարել է Թեհրանի գլխավոր բանագնաց Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:

Իրանը պետք է «հանձնվի». Թրամփ

Մինչ Թեհրանը հայտարարում է, որ Հորմուզը դեռ փակ կմնա, ԱՄՆ նախագահը նեղուցի քարտեզ է հրապարակել սոցցանցում, որում ջրային այս կարևոր ուղին նշված է որպես «ԱՄՆ նոր տարածք», թեև այն Իրանի և Օմանի ջրերում է գտնվում: Անցած շաբաթ էր Դոնալդ Թրամփը հայտարարել, որ շուտով Հորմուզը ԱՄՆ տարածք կհռչակի:

Նախագահ Թրամփը սոցցանցում գրել է, որ Իրանի հետ որևէ բանակցություն չի ընթանում, և նման բանակցություններ նախատեսված չեն։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ Հորմուզի նեղուցի շրջափակումը շարունակվում է «ամբողջ ուժով»։

Երեկ նաև լրացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև 60-օրյա հրադադարի ժամկետը, որի ընթացքում կողմերը հունիսին ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ պետք է բանակցեին պատերազմին վերջ դնելու համար: Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի պատրաստվում երկարաձգել այդ ժամկետը: Դոնալդ Թրամփը նաև ասել է, որ Իրանը պետք է «հանձնվի», ապա պնդել՝ Թեհրանը պատրաստ չէ այնպիսի համաձայնության, որն անհրաժեշտ է համարում Վաշինգտոնը։

«Նրանք ուզում են գործարք կնքել, բայց մտադիր չեն կնքել այնպիսի գործարք, որը ես եմ անհրաժեշտ համարում։ Տեսեք, մենք այնտեղ ենք մեկ պատճառով. Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ … Եվ չի ունենա»,- հայտնել է նախագահ Թրամփը:

Հակամարտությունը կարգավորելու միջնորդական ջանքերում ակտիվ ներգրավված Կատարն իր հերթին հայտարարել է, որ միջնորդները սպասում են Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնությանը, նախքան կվերադառնան Իրանի և ԱՄՆ-ի միջև ավելի լայն բանակցություններին։ Արտգործնախարարության խոսնակը նաև ասել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ համաձայնությունը կհեշտացներ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների վերսկսումը:

Կատարի ԱԳՆ խոսնակի խոսքով.- «Կատարը կցանկանար տեսնել Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ համաձայնագիր …. Ես կասեի, որ Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնագիրը զգալիորեն կնպաստի ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների վերսկսմանը»:

Իրանը մեղադրում է Իսրայելին՝ դիվանագիտական ջանքերը սաբոտաժի ենթարկելու համար

Ու մինչ միջնորդները համաձայնություն են ակնկալում Հորմուզի շուրջ, Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ պատերազմում ԱՄՆ-ի նպատակն էր ստիպել Իրանին, որ հանձնվի, ինչին ԱՄՆ-ն չկարողացավ հասնել: Աբբաս Արաղչին պնդել է, թե Վաշինգտոնը՝ «հիմա աղաչում է», որ Թեհրանը, թեկուզ իր պայմաններով, նստի բանակցությունների:

Իրանի գլխավոր դիվանագետը նաև ԱՄՆ դաշնակից Իսրայելին մեղադրել է Իրանի շուրջ դիվանագիտական ջանքերն ակտիվորեն սաբոտաժի ենթարկելու համար: Արաղչիի խոսքով՝ Իսրայելն ԱՄՆ-ի հետ երկարատև հրադադարի համաձայնագրի գլխավոր խոչընդոտն է:

«Սիոնիստական ռեժիմը եղել և մնում է փոխըմբռնման հուշագրի իրականացման ամենամեծ հակառակորդն ու խոչընդոտը։ Նրանք ամեն ինչ արեցին նման համաձայնագրի կնքումը կանխելու, այս համաձայնագրի ձախողման և դրա իրականացմանը խոչընդոտելու համար»,- նշել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:

Իսկ այս ընթացքում Իսրայելը շարունակել է Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված և Իրանի ջակցությունը վայելող «Հեզբոլա»-ի դեմ ռազմական գործողությունները Լիբանանի հարավում: Իսրայելական ուժերը ավիահարվածներ են հասցրել ալ-Մանսուր քաղաքին ու մոտակա բնակավայրերին:

Իսրայելը նաև ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգում գտնվող Աբու ալ-Դուհիրի ռազմական օդանավակայանին, զոհերի մասին չի հաղորդվում, վնասվել են ենթակառուցվածքներ: Սիրիան խստորեն դատապարտել է Իսրայելի գործողությունները՝ դրանք որակելով ագրեսիայի չարդարացված ակտ, որն «ակնհայտորեն խախտում է Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և սպառնում է տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը»:

ԱՄՆ-ն «խորը մտահոգություն» է հայտնել սիրիական ռազմաբազային հարվածելու կապակցությամբ: Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի ու Իրաքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը սոցցանցում գրել է, որ այդ հարվածներն «անտեղի սրացում են, որը չի նպաստում տարածաշրջանային կայունությանը»:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG