ՄԱԿ-ն ահազանգում է, որ շաբաթավերջին իսրայելական բանակի
գործողությունների հետևանքով բռնության «տագնապալի սրացում» է գրանցվել Լիբանանի հարավում, որտեղ Իսրայելը պնդում է, որ հարվածներ է հասցնում Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի ենթակառուցվածքներին:
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել շաբաթավերջին:
«Մեր հումանիտար և խաղաղապահ գործընկերները հանգստյան օրերին ականատես են եղել երկրի հարավային մասում բռնության տագնապալի և մտահոգիչ սրման, որը ներառում է նաև լիբանանյան կողմից քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը», - հայտարարել է ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:
Պաշտոնյան նշել է, որ այս բռնության հետևանքով շատ ընտանիքներ ստիպված են եղել տեղահանել այն տարածքներից, ուր վերջերս էին վերադարձել, և անվտանգ տեղ փնտրել այլուր։ Արդյունքում, ըստ նրա, իրավիճակը շատ ընտանիքների համար մնում է շատ փխրուն։
«Քաղաքացիական անձինք պետք է կարողանան անվտանգ վերադառնալ իրենց տները, նրանք պետք է կարողանան դա անել կամավոր և արժանապատվորեն, և նրանք պետք է կարողանան դա անել առանց բազմիցս նոր տեղահանման ենթարկվելու, ինչին ակատես ենք լինում», - նշել է նա:
ՄԱԿ-ը կրկին կոչ է անում կողմերին «առավելագույն զսպվածություն ցուցաբերել, պահպանել հրադադարը և շարունակել երկխոսությունը հակամարտության երկարաժամկետ լուծումն առաջ մղելու համար՝ համաձայն Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի, այդ թվում՝ եռակողմ ձևաչափով ընթացող ուղիղ բանակցությունների միջոցով», - ասել է Ստեֆան Դյուժարիկը: