Մատչելիության հղումներ

Թրամփը հաստատել է, որ Թուրքիայում գաղտնի փոխել է օդանավը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, 11-ը օգոստոսի, 2026թ․
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, 11-ը օգոստոսի, 2026թ․

Թրամփը հայտարարել է, որ անցած ամիս Թուրքիա կատարած այցի ժամանակ ԱՄՆ Գաղտնի ծառայության հանձնարարությամբ փոխել է ինքնաթիռը, փոխանցում է Reuters-ը։

Թրամփի խոսքով, սակայն, օդանավը, որով թռչել է, այնուամենայնիվ, ավելի խոցելի է եղել, քան նախագահի համար նախատեսվածը։

Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների՝ Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Իրանի կողմից մահափորձի սպառնալիքի պատճառով ձեռնարկված գործողության արդյունքում Թրամփին նախագահական օդանավից սննդի մատակարարման մեքենայով գաղտնի փոխադրել են ռազմական ինքնաթիռ:

Մինչ այդ Սպիտակ տունը չէր բացահայտել, որ Թրամփը Թուրքիայում փոխել է ինքնաթիռը։ Այդ մասին հայտնի դարձավ միայն The Washington Post-ի երեկվա հրապարակումից հետո։

«Գաղտնի ծառայության որոշելիքն է»

«Իրականում կարծում եմ, որ ինքնաթիռը, որով թռչել եմ, ավելի ռիսկային էր, - լրագրողների հետ զրույցում նախօրեին ասել է Թրամփը՝ ավելացնելով․ - Կարծում եմ, որ այն ավելի ռիսկային էր, քանի որ դա այն ինքնաթիռն էր, որն ավելի հավանական է, որ նրանք կթիրախավորեին»։

Նա շեշտել է՝ հետևել է Գաղտնի ծառայության ցուցմանը․ «Դե, Գաղտնի ծառայության որոշելիքն է։ Ես ընդամենը հետևում եմ նրանց ցանկությանը, այսինքն՝ Գաղտնի ծառայությամբ և բանակով եմ առաջնորդվում»։

«Երևի այնտեղ, մի տեղ սպառնալիք կար։ Այդքան էլ շատ հարցեր չեմ տվել։ Ես շատ սպառնալիքներ եմ ստանում», - ասել է Միացյալ Նահանգների նախագահը։

Այն ժամանակ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Թրամփը նախագահական օդանավով Թուրքիայից Բրիտանիա է ուղևորվում: Սակայն օդանավ բարձրանալուց րոպեներ անց նա սննդի մատակարարման մեքենայով գաղտնի լքել է օդանավը և դեպի Բրիտանիա թռիչքի համար նստել մեկ այլ օդանավ, վկայակոչելով անանուն աղբյուրներին, նախօրեին գրել էր The Washington Post-ը։

Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Անկարա էր մեկնել Կատարի նվիրաբերած և նոր վերանորոգված օդանավով, սակայն վերադարձին անսպասելիորեն հայտարարեց, որ հին մակնիշի օդանավն է օգտագործելու, ինչն էլ հարցեր առաջացրեց նոր օդանավի անվտանգության վերաբերյալ:

Թուրքիա ուղևորությունը նոր օդանավով Թրամփի առաջին միջազգային թռիչքն էր, որի արագացված արդիականացումը հարցեր էր առաջացրել թե՛ դրա արժեքի, թե՛ անվտանգության վերաբերյալ։ Միջադեպը տեղի ունեցավ ԱՄՆ-ի և Թուրքիային սահմանակից Իրանի միջև էսկալացիայի ֆոնին:


XS
SM
MD
LG