ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կողմերը «չափազանց մոտ են» ուկրաինական հակամարտության կարգավորմանը։ CBS News-ին տված հարցազրույցում նա ասել է, որ առաջիկա օրերին տեղի կունենա «շատ կարևոր հանդիպում» և փաստացի չի բացառել, որ Ուկրաինայի սահմանները կփոխվեն խաղաղ կարգավորման արդյունքում, իսկ թե ինչպես, նա չի մանրամասնել:
«Կարծում եմ՝ մենք դա կանենք ... և Ուկրաինան կհայտնվի մի փոքր այլ վիճակում», - ասել է Թրամփը։
Նա որպես կարգավորման հիմնական խոչընդոտ նշել է նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի միջև անձնական թշնամանքը: Թրամփի խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև կա խորը փոխադարձ ատելություն, ինչը բարդացնում է բանակցությունները:
Սպիտակ տան ղեկավարը հրաժարվել է ասել, թե երկու առաջնորդներից որին է ավելի շատ վստահում՝ նշելով, որ երկուսի հետ էլ լավ հարաբերություններ է պահպանում:
Նա հերթական անգամ նշել է, թե հակամարտությունը չէր սկսվի, եթե ինքը լիներ ԱՄՆ նախագահը 2022 թվականին։ Հակամարտությունը, ըստ Թրամփի, կավարտվի միայն իր շնորհիվ։ «Այս պատերազմը չէր սկսվի, եթե ես նախագահ լինեի ... Միակ պատճառը, որ այս պատերազմը կավարտվի, ես եմ», - ասել է նա:
Հունիսին նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ՝ հիմնվելով Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։ Նա նշել էր, որ կողմերը պետք է հաշվի առնեն նաև Մոսկվայի և Վաշինգտոնի միջև Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածությունները, շփման գծում ստեղծված իրավիճակը և Ռուսաստանի կողմից նախկինում ուրվագծված կարգավորման պայմանները։
Երբ լրագրողը հարցրել է, թե արդյոք Պուտինը չի մոլորեցնում ԱՄՆ նախագահին, Թրամփը պատասխանել է. «Ես այդպես չեմ կարծում»: Լրագրողը նաև ենթադրել է, որ Ռուսաստանի առաջնորդը խոչընդոտում է խաղաղ կարգավորմանը: Թրամփը պատասխանել է՝ պնդելով, որ ոչ ոք Մոսկվայի նկատմամբ իրենից ավելի կոշտ քաղաքականություն չի վարել՝ հղում անելով առևտրային սահմանափակումներին, պատժամիջոցներին և Ուկրաինային հակատանկային զենքի մատակարարմանը:
Հարցազրույցի ժամանակ լրագրողը հիշեցրել է, որ չնայած Թրամփի պնդումներին, որ խիստ պատժամիջոցներ են կիրառվում Ռուսաստանի նկատմամբ, Վաշինգտոնը մեղմել է ռուսական դիզելային վառելիքի գործարքների սահմանափակումները։ Թրամփը հերքել է, որ պատժամիջոցները վերացվել են՝ ասելով, որ պարզապես Ռուսաստանին թույլ է տվել անհրաժեշտ վառելիքը մատակարարել համաշխարհային շուկա, ինչը նա չի համարում էական զիջում Մոսկվային։
Նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում տեղի կունենան եռակողմ բանակցություններ Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դրանք կկենտրոնանան անվտանգության երաշխիքների վրա և կանցկացվեն փակ դռների հետևում։