Մատչելիության հղումներ

Թրամփն ասել է, որ ամերիկյան կործանիչները Ֆեյրֆորդի ռազմաբազայից տեղափոխվել են «սպառնալիքի» պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զրուցում է լրատվամիջոցների հետ Սպիտակ տան բակում, 2-ը հոկտեմբերի, 2026 թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զրուցում է լրատվամիջոցների հետ Սպիտակ տան բակում, 2-ը հոկտեմբերի, 2026 թ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զինուժն իր ռմբակոծիչները բրիտանական Ֆեյրֆորդի ռազմաբազայից դուրս է բերել բազայի նկատմամբ «որոշ սպառնալիքների» պատճառով, հայտնում է BBC-ն։

Նեբրասկա մեկնելիս լրագրողների հետ զրույցում Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն տեղեկություն է ունեցել հնարավոր «սպառնալիքի» մասին, ինչն էլ ստիպել է նրանց տեղափոխել ռմբակոծիչները։

Լրագրողների հարցին, թե արդյոք «կոնկրետ սպառնալիքի» մասին է խոսքը, Թրամփը դրական պատասխան է տվել:



«Այո, կարծում եմ՝ կարող ենք այդպես ասել։ Ինքնաթիռները պատահաբար չեն թռչել։ Կային որոշ սպառնալիքներ։ Եվ թշնամուն գայթակղելու փոխարեն, մենք կբռնենք և ծնկի կբերենք նրան։ Բայց ինչո՞ւ պետք է դրանք այնտեղ թողնեինք։ Հետևաբար, մենք դրանց մի փոքր տեղափոխեցինք։ Ոչ շատ հեռու»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ Վաշինգտոնն «իրականում գիտի սպառնալիք հնչեցրած մարդկանց», սակայն չի հաստատել, թե ովքեր են նրանք: Սակայն ավելի ուշ, երբ նրան հարցրել են այդ մասին, Թրամփն ասել է, որ «նրանք Իրանի հետ կապված» մարդիկ են։

Պենտագոնը կիրակի էր հաստատել, որ իր ռմբակոծիչները՝ ենթադրաբար մոտ մեկ տասնյակ B-1 ինքնաթիռներ, դուրս է բերել բրիտանական ավիաբազայից և տեղափոխել ԱՄՆ: Ռազմական գերատեսչությունը, սակայն, դուրսբերման պատճառը չէր նշել:

Մինչ այդ բրիտանական հակաահաբեկչական ոստիկանությունն ավիաբազայի մոտակայքում երեք կասկածելի մեքենա էր հայտնաբերել, որոնցում պայթուցիկ սարքեր էին գտել: Վեց մարդ էր ձերբակալվել միջադեպի առնչությամբ, որոնք ավելի ուշ գրավի դիմաց ազատ էին արձակվել, ինչն արժանացել էր Թրամփի քննադատությանը:

Ամերիկյան լրատվամիջոցները գրում են, թե իր կործանիչները բրիտանական ավիաբազայից տեղափոխելու որոշումը կայացվել է հետախուզական տվյալների հիման վրա, ըստ որոնց՝ Իրանը պլանավորում է անօդաչու թռչող սարքերով հարձակվել ավիաբազայի վրա, եթե ԱՄՆ-ն վերսկսի ռազմական գործողությունները: Թրամփը հրաժարվել է պատասխանել այս հարցին:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG