Ամերիկացի պաշտոնյաներն առաջ են քաշել Գազայի հատվածի համար ստեղծված «Խաղաղության խորհրդի» մանդատն ընդլայնելու և դրա գործողությունը Ուկրաինայի ու Վենեսուելայի վրա տարածելու գաղափարը, հաղորդում է Financial Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Պարբերականի զրուցակցի կարծիքով՝ Դոնալդ Թրամփի վարչակազմը «դիտարկում է «Խաղաղության խորհուրդը» որպես ՄԱԿ-ի պոտենցիալ փոխարինող, ... յուրօրինակ զուգահեռ ոչ-պաշտոնական մարմին Գազայի հատվածի սահմաններից դուրս այլ հակամարտությունների կարգավորման համար»:
Արաբ դիվանագետն ասել է FT-ին, որ տարածաշրջանում այդ գաղափարին «զգուշությամբ են վերաբերվում»:
ԱՄՆ-ի հետ բանակցություններին մասնակցած բարձրաստիճան ուկրաինացի պաշտոնյան էլ հրատարակությանը հայտնել է, որ Թրամփի ղեկավարությամբ առանձին «Խաղաղության խորհրդի» ստեղծումը հակամարտության կարգավորման առաջարկներից է: Ըստ նրա, այդ կառույցում կարող են ընդգրկվել Ուկրաինայի, Եվրոպայի, ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները, որոնք կհետևեն 20-կետանոց խաղաղության համաձայնագրի իրականացմանը:
Ավելի վաղ Սպիտակ տունը հրապարակել է Գազայի հատվածի համար «Խաղաղության խորհրդի» կազմը, որում ընդգրկվել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիֆ Ուիթքոֆը, Թրամփի փեսա Ջարեդ Քուշները, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեյրը, ամերիկացի գործարար Մարկ Ռոուենը, Համաշխարհային բանկի ղեկավար Աջայ Բանգան և ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Գաբրիելը: Գազայի հատվածի կառավարման ազգային կոմիտեն կգլխավորի Ալի Շաաթը, ով ավելի վաղ բարձր պաշտոններ է զբաղեցրել Պաղեստինի ազգային վարչակազմում, իսկ կապող օղակը «Խաղաղության խորհրդի» և Գազայի հատվածի կառավարման ազգային կոմիտեի միջև կլինի բուլղարացի դիվանագետ Նիկոլայ Մլադենովը: