Մատչելիության հղումներ

Թրամփի ներկայացուցիչը ՖԻՖԱ-ին առաջարկել է Աշխարհի առաջնությունում Իրանի փոխարեն ընդգրկել Իտալիային. FT

Իրանի ֆուտբոլի հավաքականը
Իրանի ֆուտբոլի հավաքականը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչներից մեկը, ըստ Financial Times-ի, դիմել է համաշխարհային ֆուտբոլի ղեկավար մարմնին՝ ՖԻՖԱ-ին, առաջարկելով Աշխարհի առաջնությունում Իրանի փոխարեն ընդգրկել Իտալիային։

ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Պաոլո Ձամպոլլին FT-ին ասել է, որ իր համար «երազանք» կլիներ տեսնել աշխարհի քառակի չեմպիոն Իտալիային եզրափակիչ փուլում՝ ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում անցկացվելիք մրցաշարում, չնայած այն հանգամանքին, որ թիմը նախորդ ամիս պարտվել էր որակավորման փլեյ-օֆֆ փուլում։

Թերթի հաղորդմամբ՝ այս առաջարկը նպատակ ուներ վերականգնել հարաբերությունները Թրամփի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի միջև այն բանից հետո, երբ վերջինս քննադատել էր նախագահի խոսույթը Հռոմի Պապ Լեո 14-ի մասին՝ Իրանի հետ պատերազմի թեմայով։

«Հաստատում եմ, որ Թրամփին և (ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի) Ինֆանտինոյին առաջարկել եմ, որ Իտալիան փոխարինի Իրանին Աշխարհի առաջնությունում։ Ես իտալական ծագում ունեմ, և երազանք կլիներ տեսնել «Աձուրին» ԱՄՆ-ում անցկացվող մրցաշարում»,- պարբերականին ասել է Ձամպոլլին:

Իտալիան երրորդ անգամ անընդմեջ չի կարողացել դուրս գալ Աշխարհի առաջնություն՝ որակավորման փլեյ-օֆֆի եզրափակչում պարտվելով Բոսնիա և Հերցեգովինային՝ 11-մետրանոց հարվածաշարում։

Իրանի մասնակցությունը Աշխարհի առաջնությանը հարցականի տակ է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ փետրվարի 28-ին սկսված պատերազմի պատճառով։
Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան (FFIRI) ապրիլին հայտարարել էր, որ «բանակցում է» ՖԻՖԱ-ի հետ՝ երկրի խաղերը ԱՄՆ-ից Մեքսիկա տեղափոխելու հարցով։
Սակայն ՖԻՖԱ-ի նախագահ Ինֆանտինոն անցած ամիս AFP-ին ասել էր, որ Իրանը կմասնակցի Աշխարհի առաջնությանը և կխաղա «այնտեղ, որտեղ նախատեսված է վիճակահանությամբ»։

Ձամպոլլին իտալա-ամերիկացի հասարակական գործիչ, գործարար և նախկին մոդելային գործակալ է, ով պնդում է, որ հենց ինքն է Թրամփին ծանոթացրել իր ներկայիս կնոջ՝ Մելանիա Թրամփի հետ։

XS
SM
MD
LG