Մատչելիության հղումներ

The New York Times․ «Նեթանյահուն նախապես զգուշացվել էր հոկտեմբերի 7-ի հարձակման մասին»

Իսրայելում հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների շեմին արևմտյան և տեղական մամուլում նոր տեղեկություններ են ի հայտ գալիս այն մասին, որ երկրի իշխանությունները կարող էին կանխել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին «Համաս» խմբավորման հարձակումը, սակայն ինչ-ինչ պատճառներով դա չեն արել։ Առաջինն այս մասին մոտ երկու շաբաթ առաջ գրեց Իսրայելի ամենահեղինակավոր անկախ պարբերականներից մեկը՝ Haaretz-ը։

«2023 թվականի սեպտեմբերի վերջին Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի և Իսրայելի վարչապետի միջև կայացած 45 րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում Մոհամադ Բին Զայեդը զգուշացրել է Բենյամին Նեթանյահուին, որ «Համաս»-ի՝ Գազայում գտնվող առաջնորդ Յահյա Սինվարը մեծ հարձակում է նախապատրաստում Իսրայելի դեմ։ Բին Զայեդի խոսքով՝ այդ հարձակումը ոչ միայն արյունահեղության կհանգեցնի, այլև կապակայունացնի իրավիճակը ողջ տարածաշրջանում», - դիվանագիտական աղբյուրները վկայակոչելով՝ գրում էր Haaretz-ը:

Այս հեռախոսազրույցի ընթացքում Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահը Նեթանյահուին հորդորել էր նախազգուշացումներին վերաբերել ամենայն լրջությամբ։ Չնայած դրան, ըստ Haaretz-ի աղբյուրների, Իսրայելի վարչապետը համեմատաբար հանգիստ է ընկալել ներկայացված փաստերը, ինչը, ըստ թերթի՝ «Բին Զայեդին խիստ զարմացրել է»։ Ավելին, իսրայելական թերթի աղբյուրները պնդում են, որ Նեթանյահուն Էմիրությունների նախագահին ասել է, որ իրականում «Համաս»-ը կարող է հարձակում նախապատրաստել Հորդանանի արևմտյան ափին, բայց հաստատ ոչ Գազայում:

The New York Times-ը հաստատում է Haaretz-ի հրապարակած տեղեկությունները

Haaretz-ի հրապարակումից անմիջապես հետո Իսրայելի վարչապետը հանձնարարեց իր փաստաբաններին դատի տալ լրատվամիջոցին՝ հայտարարելով, որ հրապարակումը «ծայրից ծայր սուտ է»։ Երկու օր առաջ, սակայն, Haaretz-ի հրապարակած տեղեկությունները հաստատեց ամերիկյան առաջատար լրատվամիջոցներից մեկը՝ The New York Times-ը։

Պարբերականը վերջին շաբաթներին սեփական հետաքննությունն է անցկացրել՝ պարզելով, որ Haaretz-ի հրապարակած տեղեկությունները համապատասխանում են իրականությանը:

«Իսրայելցի նախկին պաշտոնյաներից մեկի պնդմամբ՝ Էմիրությունների ղեկավարի նախազգուշացումը չի փոխանցվել երկրի հատուկ ծառայությունների ղեկավարներից և ոչ մեկին։ 2023 թվականի հոկտեմբերի 1-ին Նեթանյահուն, Գազայի հատվածում ստեղծված իրավիճակին նվիրված խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են ուժային կառույցների ղեկավարները։ Խորհրդակցության ընթացքում, սակայն, Իսրայելի վարչապետը [Բեն Զայեդի] նախազգուշացման մասին ընդհանրապես չի հիշատակել», - գրում է The New York Times-ը:

Ամերիկյան պարբերականի աղբյուրները նաև պնդում են, որ Իսրայելի հետախուզությանը դեռ 2022 թվականին էր հաջողվել ձեռք բերել «Համաս»-ի հարձակման նախնական պլանը։ Իսրայելցի ուժայինները, սակայն, իրենց տրամադրության տակ եղած փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո եզրակացրել էին, որ «Համաս»-ի պլանը «իրատեսական չէ»։

Բացատրելով Նեթանյահուի կրավորական կեցվածքը՝ թե՛ Haaretz-ը և թե՛ The New York Times-ը նշում են, որ Իսրայելի վարչապետը ոչ միայն լուրջ չէր ընկալում արաբ գործընկերների զգուշացումները, այլև մտավախություն ուներ, որ Գազայի դեմ կանխարգելիչ հարվածները կարող են տապալել Սաուդյան Արաբիայի հետ՝ Վաշինգտոնի միջնորդությամբ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ջանքերը։ Դրանք 2023 թվականին արդեն ավարտական փուլում էին, սակայն հոկտեմբերի 7-ից հետո այդ գործընթացը սառեցվեց և մինչ օրս չի վերսկսվել:

ԱՄԷ-ն միակ պետությունը չէր, որը նախազգուշացրել էր Իսրայելի կառավարությանը

Արևմտյան մամուլի՝ վերջին օրերի տեղեկություններից, ի դեպ, նաև պարզ է դառնում, որ Արաբական Միացյալ Էմիրությունները տարածաշրջանի միակ պետությունը չէր, որ հարկ էր համարել նախազգուշացնել Իսրայելի կառավարությանը սպասվող հարձակման մասին։

The Atlantic հանդեսի տեղեկություններով՝ Գազայի իրադարձություններից մի քանի օր առաջ Իսրայելի կառավարությանը սպասվող հարձակման մասին զգուշացրել էր նաև Եգիպտոսը։ Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկություններով՝ այդ երկրի հետախուզության ղեկավար Աբաս Քամելը Գազայի հարձակումից ընդամենը 11 օր առաջ՝ 2023-ի սեպտեմբերի 26-ին գաղտնի առաքելությամբ ժամանել էր Թել Ավիվ՝ այստեղ անցկացնելով ընդամենը 67 րոպե։

Այդ ընթացքում եգիպտոսցի պաշտոնյան իր իսրայելցի գործընկերոջը բաց տեքստով նախազգուշացրել էր «Համաս»-ի սպասվող հարձակման մասին:

«Իսրայելացի, եգիպտոսցի, արաբ, ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաների պնդմամբ՝ Քամելի ուղերձը շատ հստակ էր․ «Համաս»-ը լայնածավալ զորահավաք է իրականացնում՝ պատրաստվելով խոշոր գործողության։ Եթե դուք չփոխեք ձեր քաղաքականությունը, Գազան պայթելու է ձեր ձեռքում», - ըստ Тhe Аtlantic-ի, դիմելով իր իսրայելցի զրուցակցին, նշել էր Եգիպտոսի հետախուզության ղեկավարը։

Եգիպտոսից եկող նախազգուշացումների մասին լուրերը սկսեցին շրջանառվել դեռ 2023-ին՝ հոկտեմբերի 7-ից անմիջապես հետո։ Այն ժամանակ, սակայն, Բենյամին Նեթանյահուն կտրականապես հերքում էր դրանք։

Իսրայելի հարավային շրջանների վրա «Համաս»-ի հարձակման հետևանքով ավելի քան 1200 խաղաղ բնակիչներ էին զոհվել, ևս 251-ը պատանդառվել էին։ Պատանդներից 46-ը զոհվել են գերության մեջ։



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG