Մատչելիության հղումներ

Իսրայելում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են անցկացվել

Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը, երեկ նախնական ընթերցմամբ հավանություն է տվել ինքնալուծարման մասին օրինագծին․ երկիրը շարժվում է դեպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ, հայտնում է Reuters-ը։

120 պատգամավոր ունեցող խորհրդարանը լուծարելու նախագիծը ստացել է 110 կողմ ձայն։ Օրինագծի վերջնական ընդունումը, սակայն, կարող է շաբաթներ տևել։

Քնեսեթը լուծարելու նախագիծը ներկայացրել է վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարությունը այն բանից հետո, երբ Նեթանյահուին ավանդաբար աջակցող ուլտրաօրթոդոքս կուսակցությունները դժգոհել են, որ վարչապետը չի կատարել իրենց համայնքի ներկայացուցիչներին պարտադիր զինծառայությունից ազատելու մասին օրինագիծ ներկայացնելու խոստումը։

Reuters-ը գրում է, որ Գազայում՝ «Համաս»-ի, Լիբանանում՝ «Հեզբոլա»-ի դեմ պատերազմները, ինչպես նաև Իրանի դեմ ԱՄՆ-ի հետ համատեղ ռազմական գործողությունները կարող են ազդել ընտրությունների ելքի վրա։

Գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ 2023 թվականին «Համաս»-ի հարձակումից հետո առաջին անգամ Նեթանյահուն կարող է պարտվել ընտրություններում։

XS
SM
MD
LG