Գազայում Իսրայելի հարվածներից նախկինում վնասված յոթ հարկանի շենք է փլուզվել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 12 պաղեստինցի, այդ թվում հինգ երեխա, վիրավորվել 14-ը, հայտնում է Reuters-ը:
Al Jazeera-ի տվյալներով՝ փլատակների տակ դեռ 100 մարդ է մնում, այդ թվում՝ մոտ 50 երեխա։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարները:
Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածների հետևանքով օգոսի դրությամբ մոտ 200,000 շենք-շինություն է վնասվել, դրանց մոտ մեկ երրորդն ավերվել է ամբողջությամբ: Վնասված մոտ 2000 շենքերում տասնյակ հազարավոր պաղեստինցիներ են ապրում: Մոտ 400 շենք փլուզման վտանգի տակ է:
Գազայի քաղաքացիական պաշտպանության ծառայության տնօրեն Ռաեդ Ալ-Դահշանը նշել է, որ փլուզված շենքում առնվազն 10 ընտանիք է ապրում, և դեռ ողջ մնացածներին գտնելու հույս կա։ «Մենք դեռ լսում ենք փլատակների տակից ձայներ, ուստի դեռևս հույս կա մարդկանց գտնելու», - ասել է Դահշանը։
Իսրայելը Գազայի վրա լայնածավալ հարձակումներն սկսեց, երբ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համասը» 2023-ի հոկտեմբերին հարձակվեց Իսրայելի վրա: 2023-ից ի վեր իսրայելական հարվածների հետևանքով սպանվել է ավելի քան 72,600 պաղեստինցի, վիրավորվել է ավելի քան 171,000-ը:
Գազայում բնակարաններին, ենթակառուցվածքներին և տնտեսությանը իսրայելական հարվածների պատճառված վնասը գնահատվում է ավելի քան 70 միլիարդ դոլար: Գազայի 2.3 միլիոն բնակիչների մոտ 85%-ը՝ գրեթե 1.9 միլիոն մարդ, տեղահանվել է: