Չնայած ԱՄՆ նախագահի հայտարարությանը, որ Իրանի հետ համաձայնել են խաղաղության համաձայնագրի շուրջ, Թեհրանը պնդում է՝ վերջնական որոշում դեռ չկա։
Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է՝ քննարկումները դեռ շարունակվում են, թեև փաստաթղթի մեծ մասը համաձայնեցված է։ Ու երբ Թեհրանում համոզվեն, որ բանակցվող փաստաթուղթն ապահովում է Իրանի շահերը, անպայման կհայտարարեն այդ մասին, իրանական լրատվամիջոցներից մեկին ասել է Էսմայիլ Բաղային և զգուշացրել՝ Իրանը «կարմիր գծեր» ունի, որոնք չի պատրաստվում զիջել։
«Վերջին մի քանի օրերին նրանք կրկին փորձեցին մի շարք անհիմն պահանջներ և խնդրանքներ պարտադրել։ Իրանի Իսլամական Հանրապետությունը, անկասկած, թե՛ դիվանագիտության մեջ, թե՛ մարտի դաշտում ցույց է տվել, որ ոչ մի դեպքում չի հանձնվի մյուս կողմի ապօրինի պայմաններին և պահանջներին», - նշել է Էսմայիլ Բաղային։
Մինչ այդ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել գործարքի շուրջ։ ԱՄՆ նախագահը լրագրողներին ասել էր, թե Իրանի գերագույն առաջնորդը ևս հաստատել է գործարքը, որով Թեհրանը պարտավորվում է հրաժարվել միջուկային զենք ունենալուց։
Ըստ Թրամփի՝ Վաշինգտոնն ու Թեհրանը համաձայնագիրը գուցե ստորագրեն արդեն այս շաբաթավերջին Եվրոպայում, ինչը թույլ կտա վերաբացել Հորմուզի նեղուցը։
«Հուսով ենք, որ ամեն ինչ համեմատաբար արագ տեղի կունենա։ Նեղուցը կբացվի ստորագրումից անմիջապես հետո։ Գուցե դա լինի շաբաթ կամ երկուշաբթի», - ասել է ԱՄՆ նախագահը։
Տեղեկություն էր տարածվել նաև, թե համաձայնագրի ստորագրումը նախատեսված է կիրակի՝ Ժնևում: Բանակցային թիմին մոտ կանգնած աղբյուրին հղում անելով՝ իրանական Fars գործակալությունը հերքել է լուրը:
Իրանական լրատվամիջոցները հակասական տվյալներ ներկայացնում Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցվող 14-կետանոց համաձայնագրի նոր տարբերակի մասին: Ըստ կիսապաշտոնական Mehr-ի՝ այն սահմանում է, որ պատերազմը պետք է անհապաղ և ընդմիշտ դադարեցվի բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, 30 օրում պետք է վերացվի Իրանի ծովային շրջափակումն ու վերաբացվի Հորմուզի նեղուցը:
60-օրյա ժամկետում կողմերը պետք է բանակցեն միջուկային հարցերի շուրջ վերջնական համաձայնության հասնելու և ամերիկյան պատժամիջոցները չեղարկելու շուրջ: Բացի այդ՝ Իրանը վերահաստատում է միջուկային զենք չմշակելու իր հանձնառությունը: ԱՄՆ-ն էլ պարտավորվում է չխառնվել Իրանի ներքին գործերին և հարգել երկրի ինքնիշխանությունը:
ԱՄՆ-ն նաև դուրս է բերում իր ուժերն Իրանի շրջակայքից, իսկ բանակցությունների ընթացքում չի ավելացնում զորքը, նոր պատժամիջոցներ չի սահմանում: 60-օրյա ժամկետում նաև ապասառեցվում են իրանական 24 մլրդ դոլարի սառեցված միջոցները, ընդ որում՝ դրանց կեսը՝ նախքան բանակցություններն սկսելը:
ԱՄՆ-ն և դաշնակիցներն Իրանի վերակառուցման առնվազն 300 միլիարդ դոլարի ծրագրեր պետք է ներկայացնեն։ Վերջնական համաձայնագիրը կհաստատվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով։ Իրանի հրթիռային ծրագիրը, սակայն, ներառված չէ փաստաթղթում։
Իրանական պաշտոնական IRNA գործակալության փոխանցմամբ էլ՝ Իրանը որևէ պարտավորություն չի ստանձնում Հորմուզի կառավարումը փոխանցելու վերաբերյալ: Նեղուցի կառավարման հարցը կորոշեն Իրանն ու Օմանը՝ որպես տարածաշրջանային հարց։ Իսկ միջուկային ծրագրի մասին, ըստ IRNA-ի, ոչինչ չկա փաստաթղթում:
Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե համաձայնագրի մասին արտահոսած մանրամասները որևէ կապ չունեն այն ամենի հետ, ինչ գրավոր համաձայնեցվել է: ԱՄՆ նախագահն իրանցիներին մեղադրել է անազնիվ լինելու մեջ և պահանջել, որ անհապաղ կարգի հրավիրեն իրենց, իսկ Հորմուզում առևտրային նավերին երեկ հարվածելու Թեհրանի փորձերն անընդունելի է որակել:
Չնայած խաղաղության գործարքին մոտ լինելու մասին Թրամփի պնդումներին՝ արևմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ-ն գիշերը իրանական երկու անօդաչու է խոցել Հորմուզի նեղուցում: ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան Fox News-ն ասել է, թե Իրանը փորձել է հարվածել նեղուցով անցնող առևտրային նավերին։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն էլ հայտարարել է, որ շարունակում է Իրանի ծովային շրջափակումը և առայսօր շարքից հանել է 9 նավ, իսկ 136 առևտրային նավի էլ ստիպել է փոխել ուղղությունը:
Իսկ այս ընթացքում Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի ենթակառուցվածքներին Լիբանանի հարավում: Իսրայելական բանակը երեք գյուղի հարկադիր տեղահանման հրաման է արձակել: Բանակը նաև հայտարարել է, որ վերջին շաբաթվա ընթացքում խմբավորման 300-ից ավելի օբյեկտի են հարվածել և մոտ 80 անդամի սպանել:
«Հեզբոլա»-ն հայտարարել է, որ վերջին մեկ օրում հրթիռներով և անօդաչուներով 20-ից ավելի պատասխան հարվածներ է հասցրել իսրայելական բանակին, ինչի հետևանքով իսրայելցի մեկ զինվոր է սպանվել: Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել՝ ավտոշարասյան վրա հարձակման հետևանքով: