Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ամերիկյան ուժերի հարվածների ժամանակ Խարգ կղզում շուրջ 15 պայթյուն է լսվել, թիրախավորվել են ծովային ռազմակայանը, դիսպետչերական աշտարակը և ուղղաթիռի հարթակը: Հաղորդագրության համաձայն՝ կղզու հակաօդային պաշտպանության համակարգը հարձակումից մեկ ժամ անց վերսկսել է աշխատանքը:
ԻՀՊԿ-ն հաստատել է, որ կղզու նավթային ենթակառուցվածքները չեն տուժել:
«Իրանը զգուշացրել է երկրի էներգետիկ ենթակառուցվածքին հարվածների հետևանքների մասին. այդ դեպքում տարածաշրջանի ամբողջ նավթագազային ենթակառուցվածքը, որով շահագրգռված են ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները, հրի կմատնվի և կոչնչացվի», - ասված է հաղորդագրությունում:
Ժամեր առաջ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Խարգ կղզու ռազմական օբյեկտներն «ամբողջությամբ ոչնչացված են»:
«Պարկեշտության նկատառումներով, ես որոշեցի Չվերացնել Նավթային Ենթակառուցվածքները կղզու վրա», - հավելել էր ԱՄՆ նախագահը՝ այնուհանդերձ զգուշացնելով, որ եթե Իրանը «կամ որևէ այլ մեկը» որևէ քայլ անի՝ խոչընդոտելու նավագնացությունը Հորմուզի նեղուցով, ինքը կվերանայի իր որոշումը:
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն էլ հայտարարել է, որ Խարգ կղզում հարձակումների ժամանակ ռազմական 90 թիրախ է ոչնչացրել «լայնածավալ ճշգրիտ հարվածների» շնորհիվ։
Հրամանատարությունը X-ում հայտնել է, որ ոչնչացրել են «ռազմածովային ականների պահեստներ, հրթիռների պահեստային բունկերներ և բազմաթիվ այլ ռազմական օբյեկտներ» ու զերծ են մնացել նավթային ենթակառուցվածքներին հարվածելուց։