Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան ժամանել է Կիև։ Սա նրա առաջին այցն է Ուկրաինայի մայրաքաղաք։
Տիխանովսկայայի կողմնակիցները նրան համարում են Բելառուսի ընտրված նախագահ, իսկ արևմտյան երկրները նրա հետ կապեր են պահպանում որպես ժողովրդավարական ուժերի առաջնորդի։
Տիխանովսկայայի խորհրդական Դենիս Կուչինսկին հայտարարել է, որ այցը Բելառուսի և Ուկրաինայի ժողովուրդների միջև ազատության և արժանապատվության համար պայքարում համերաշխության դրսևորում է։
Տիխանովսկայան Ուկրաինայի մայրաքաղաք է ժամանել Կիևի նկատմամբ Ռուսաստանի լայնածավալ հարվածից մեկ օր անց։ Ուկրաինական երկաթուղիները ընդդիմադիր առաջնորդին խորհրդանշական տոմս են հանձնել դեպի «ազատ Մինսկ»։
Տիխանովսկայան այցը սկսել է Ռուսաստանի դեմ պատերազմում զոհված բելառուս կամավոր Մարիա Զայցևայի շիրիմին այցելելով։
Ակնկալվում է, որ Վլադիմիր Զելենսկին և ուկրաինացի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ կհանդիպեն Սվետլանա Տիխանովսկայայի հետ։
Սվետլանա Տիխանովսկայան 2020-ին Բելառուսի նախագահի թեկնածու էր։
Իշխանությունները հայտարարել էին Ալեքսանդր Լուկաշենկոյի հաղթանակի մասին, մինչդեռ ընդդիմության կողմնակիցները պնդում էին, որ իրականում ընտրողների մեծամասնությունն աջակցել է Տիխանովսկայային։
Լայնածավալ բողոքի ակցիաները ճնշվել էին իշխանությունների կողմից, իսկ Տիխանովսկայան ստիպված էր լքել Բելառուսը։