Խորհրդարանում քննիչ հանձնաժողով է ստեղծվել՝ Հայ Առաքելական եկեղեցու շուրջ իրավիճակն ուսումնասիրելու համար:
Հանձնաժողովն, ըստ ԱԺ նախագահի հայտարարության, ստեղծվել է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա արդյունքում եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրելու նպատակով»:
Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող ԱԺ որոշման նախագիծը կքննարկվի խորհրդարանի հերթական նիստում։ Իշխող խմբակցությունից հայտնել են, որ հանձնաժողովը ղեկավարելու է ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը: Իսկ ընդդիմադիր խմբակցություններն արդեն հայտարարել են, որ չեն մասնակցի այս հանձնաժողովի աշխատանքներին՝ այն ապօրինի որակելով:
Օրերս կառավարությունը հրապարակվեց «եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցը»: Այն կազմվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ, ով անցած տարվանից փորձում է գահից հեռացնել Առաքելական եկեղեցու հովվապետին՝ Գարեգին երկրորդին ներկայացնելով մի շարք լուրջ մեղադրանքներ:
Նախօրեին էլ վարչապետ Փաշինյանը ասել է, որ «օրենսդրական փոփոխություններ պետք է լինեն, որով եկեղեցու բռնազավթումը պետք է վերացվի»:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կառավարության զեկույցն արդեն «հակասահմանադրական, հակականոնական և անօրինական» է որակել։ Զեկույցը խիստ քննադատել են նաև հայաստանյան իրավապաշտպանները՝ պնդելով, որ բաց աղբյուրների վրա հիմնված տեքստը դեղին մամուլի հրապարակում է հիշեցնում, կոպտորեն ոտնահարում է անձնական կյանքի գաղտնիությունը և հստակ փաստորեն հիմնավորված չէ:
Վարչապետ Փաշինյանը, որն ավելի քան մեկ տարի է՝ տարբեր պատճառաբանություններով փորձում է հասնել կաթողիկոսի հեռացմանը, այդ հարցը ներառել է նաև «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական և իր կառավարության ծրագրում։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում, սակայն, նա քաղաքացիների հետ այս մասին չի խոսել և չի անդրադարձել եկեղեցուն կամ հոգևորականներին։ Վարչապետն այս օրակարգը թարմացրեց միայն ընտրվելուց հետո։