«Իմ յուրաքանչյուր որոշման հիմքում եղել է նախ և առաջ իմ երկիրը առաջին տեղում դնելու ցանկությունը։ Հենց այդ պատճառով էլ հրաժարական եմ տալիս», - այսօր հայտարարեց Քիր Սթարմերը:
Դաունինգ սթրիթում սա վարչապետի արդեն յոթերորդ հրաժարականն էր անցած գրեթե տասը տարվա ընթացքում։ Ընդամենը երկու տարի առաջ՝ պահպանողականների դեմ ջախջախիչ հաղթանակից հետո իշխանության եկած Քիր Սթարմերը այսօր ստիպված էր վայր դնել լիազորությունները՝ մայիսյան ՏԻՄ ընտրություններում կրած պարտություննների, մի շարք վիճահարույց որոշումների ու ռեկորդային ցածր վարկանիշի ֆոնին։ Վերջին հարցումներով՝ Սթարմերին աջակցում էր բրիտանացիների միայն 19 տոկոսը։
«Իմ կուսակցությունը հարց էր դնում՝ արդյո՞ք ես կարող եմ լավագույնս առաջնորդել լեյբորիստներին դեպի հաջորդ խորհրդարանական ընտրություններ։ Ես լսել եմ պատասխանը և ընդունում եմ այն արժանապատվությամբ», - ասաց Սթարմերը:
Պաշտոնապես, թեկնածուների առաջադրումը պետք է սկսվի հուլիսի 9-ից, սակայն այսօր արդեն հստակ է, որ Սթարմերին փոխարինելու ամենամեծ շանսերն ունի Մեծ Մանչեսթրի նախկին քաղաքապետ Էնդի Բըրնհեմը, ում հաճախ են կոչում «Հյուսիսի արքա»։ Անցյալ շաբաթ նա Անգլիայի հյուսիս-արևմուտքում՝ առանցքային նշանակություն ունեցող արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթեց ընդդիմադիր ամենաազդեցիկ ուժի՝ աջ ծայրահեղական Նայջել Ֆարաժի կուսակցության թեկնածուին։ 56-ամյա Բըրնհեմը դեռ այն ժամանակ էր հստակ ակնարկել՝ սա երկար ճանապարհի սկիզբն է միայն: «Այս արդյունքը հնարավորություն կտա երկիրը տանել մի ճանապարհով, որը արդարություն կբերի ամենուր և բոլորին։ Մարդիկ քվեարկել են հանուն փոփոխության», - հայտարարել էր նա:
Այսօր՝ Սթարմերի հրաժարականից ժամեր անց, Բըրնհեմը հաստատեց՝ պատրաստ է գլխավորել Մեծ Բրիտանիայի կառավարությունն ու իր թեկնածությունն առաջադրել լեյբորիստների ղեկավարի պաշտոնում։ Պնդեց՝ Բրիտանիան «ակնկալում է կայունություն, սթափություն ու մշտական ուշադրություն՝ ամենակարևոր հարցերին, և հենց դա էլ կստանա»։ Ավելի վաղ ասել էր՝ «երկիրը սխալ ճանապարհով էր գնում արդեն ավելի քան 40 տարի»։
«Տեղական ընտրություններում նրա հաղթանակից հետո ակնհայտ էր, որ Սթարմերի երգը երգված է», - ասում է սոցիոլոգ Ջոն Քարթիսը, - «Նա մեկն էր, ով ասում էր՝ եթե ինձ ձայն տաք, կարող եք ազատվել Քիր Սթարմերից։ Եվ դա գրավիչ էր՝ և՛ նրանց համար, որ 2024-ին քվեարկել էին լեյբորիստների օգտին, հետո՝ հիասթափվել, և՛ նույնիսկ նրանց համար, ովքեր գուցե ձայն կտային կանաչներին կամ լիբերալ դեմոկրատներին, բայց նպատակահարմար գտան աջակցել մեկին, ով պատրաստ էր փոխել Քիր Սթարմերին»։
Այս պահին Բրընհեմին անհրաժեշտ է ստանալ 81 պատգամավորների աջակցությունը՝ վարչապետ ընտրվելու համար։ Մի քանիսին արդեն արտահայտվել են, այդ թվում՝ առողջապահության նախկին նախարար Ուես Սթրիթինգը։ Նա անցած ամիս ոչ միայն հեռացել էր Սթարմերի կաբինետից, այլև հրապարակավ հայտարարել, թե պատրաստ է նրան մարտահրավեր նետել։ «Հիմա, երբ Սթրիթինգը փաստացի դուրս է գալիս պայքարից, ստացվում է՝ վարչապետության համար թեժ պայքարն ավարտվում է դեռ չսկսված», - եզրակացնում է BBC-ն՝ շարունակելով. - «Եթե, այդուամենայնիվ, լեյբորիստների շարքում լինեն այլ մրցակիցներ, Բըրնհեմը հեշտությամբ առավելության կհասնի»։
Այլ հարց, որ նա ընդամենը մի քանի տարի ունի լեյբորիստների մեջքն ուղղելու և ընտրողների վստահությունը վերագտնելու համար։ Մեծ Բրիտանիայի հաջորդ համապետական ընտրությունները պետք է տեղի ունենան ամենաուշը մինչև 2029-ի օգոստոս։ Վերջին հարցումների համաձայն՝ անցած տարվա ապրիլից երկրով մեկ սրընթաց ու շարունակական աճում է աջ պոպուլիստ Նայջել Ֆարաժի վարկանիշը, ով 2019-ին հիմնադրեց ու առաջնորդեց Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի ապահարզանի համար պայքարող Brexit կուսակցությունը։