ԱՄՆ-ն Բալթիկ ծովի տարածաշրջանում ծովային հետևակի մասնագիտացված ստորաբաժանում կտեղակայի՝ ՆԱՏՕ-ի «Բալթյան պահապան» (Baltic Sentry) առաքելությանն աջակցելու համար, ասվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության հայտարարությունում։
Հյուսիսային Կարոլինայում տեղակայված 2-րդ ծովային հետևակի դիվիզիայի 2-րդ հետախուզական գումարտակին հատկացված մոտ չորս տասնյակ ծովային հետևակայինները կգործեն Ֆինլանդիայի ափամերձ բրիգադում, ասվում է հայտարարությունում։
Առաքելության նպատակը կլինի դիտարկումն ու հետախուզությունը՝ «ծովում իրավիճակի մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար՝ կարևորագույն ստորջրյա ենթակառուցվածքները պաշտպանելու և տարածաշրջանում ընդհանուր անվտանգությունն ապահովելու համար»։
Հայտարարությունում նաև ընդգծվում է, որ եվրոպացի դաշնակիցներն առաջատար դեր են խաղում «Բալթյան պահապան» առաքելության իրականացման գործում, իսկ ԱՄՆ ծովային հետևակի կորպուսը՝ աջակցող և նպաստող դեր։
Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ծովային հետևակի ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Դանիել Շիպլին նշել է, որ «մեր ֆինլանդացի դաշնակիցների հետ կողք-կողքի աշխատելն ամրապնդում է մեր հավաքական պատրաստվածությունը՝ ապահովելով, որ մենք կարողանանք համախմբված գործել որպես միասնական, մահացու հարվածներ հասցնելու ունակ թիմ՝ Բալթյան ծովափնյա գոտում հիբրիդային սպառնալիքները կանխելու համար»։
Հայտարարությունում նաև նշվում է, որ այս առաքելությունը նպաստում է տրանսատլանտյան համայնքի ֆիզիկական և տնտեսական անվտանգության պաշտպանությանը։
Ռուսաստանը կամ դրա հիբրիդային սպառնալիքները հայտարարարությունում չեն հիշատակվում։ Այնուամենայնիվ, այն հրապարակվել է լարվածության աճի ֆոնին, այդ թվում՝ Բալթյան տարածաշրջանում։ Մի շարք երկրների հետախուզության պաշտոնյաներ հայտնել են Ռուսաստանից եկող սպառնալիքների, այդ թվում՝ ֆիզիկական սպառնալիքների աճի մասին։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն իր հերթին վերջերս նախազգուշացում է տարածել, որ Մոսկվան պատրաստ է կիրառել ցանկացած ուժ, եթե ՆԱՏՕ-ի ուժերը փորձեն Ռուսաստանի էքսկլավ Կալինինգրադի մարզը կտրել երկրից։ ՆԱՏՕ-ն հերքում է, թե նման ծրագրեր ունի և դատապարտել է Կալինինգրադի վերաբերյալ Ռուսաստանի սպառնալիքները:
«Բալթյան պահապան» առաքելությունը մեկնարկել է 2025 թվականի հունվարին։ Դրա հիմնական նպատակն է պաշտպանել Բալթիկ ծովի ստորջրյա ենթակառուցվածքները, մասնավորապես՝ մալուխները, հնարավոր դիվերսիայից՝ այդպիսի միջադեպերի աճից հետո։ Առաքելությանը նախկինում մասնակցել են նաև ԱՄՆ հետախուզական ինքնաթիռները։