Ռուսաստանը ՆԱՏՕ-ի երկրներին զգուշացրել է, որ ռուսական զինված ուժերը կարող են օգտագործել բոլոր միջոցները, այդ թվում՝ միջուկային զենքը, եթե փորձ արվի Կալինինգրադի մարզը կտրել Ռուսաստանի մնացած տարածքից։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ ուսումնասիրել է փաստաթուղթը։
Սեպտեմբերի 28-ին Բելգիայում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է հրապարակել ՆԱՏՕ-ի երկրների կողմից «Կալինինգրադի մարզի շուրջ ռազմաքաղաքական իրավիճակի սրման» վերաբերյալ։ Դրանում ասվում է, որ Ռուսաստանում մտահոգված են Կալինինգրադի վերաբերյալ «սադրիչ հայտարարություններով» և ՆԱՏՕ-ի զորավարժություններով, որոնց ընթացքում մշակվում են հարձակողական գործողություններ։ Հաղորդագրության համաձայն՝ սա մեծացնում է «ուղիղ զինված բախման» վտանգը, ընդ որում՝ «Ռուսաստանը պատրաստ է օգտագործել իր տրամադրության տակ եղած սպառազինության ամբողջ զինանոցը՝ իր տարածքը պաշտպանելու համար, եթե ՆԱՏՕ-ի երկրները փորձեն մեկուսացնել Կալինինգրադի մարզը մեր երկրի մնացած տարածքից»։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռուսաստանի «սկզբունքային մոտեցումները» ներկայացվել են ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին։ Այն, որ նման նախազգուշացում ուղարկվել է, թե՛ ՆԱՏՕ-ն, թե՛ Մոսկվան հաստատել են:
ՆԱՏՕ-ի խոսնակ Էլիսոն Հարթը հայտարարել է, որ Ռուսաստանը դիմել է «անպատասխանատու միջուկային հռետորաբանության»՝ նշելով, որ Դաշինքն արդեն պաշտոնապես արձագանքել է՝ դատապարտելով ուժի կիրառման սպառնալիքները: Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի գործողությունները սպառնալիք չեն ներկայացնում Ռուսաստանի համար և ընդգծել է. «Մենք ունենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է դաշնակիցների տարածքի յուրաքանչյուր թիզը պաշտպանելու համար, և մենք մնում ենք ուժեղ, պատրաստ և ունակ ցանկացած սպառնալիքի հակազդելու»:
Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը «արձանագրում է եվրոպական մայրաքաղաքներից հնչող հայտարարությունները Կալինինգրադի մարզի շրջափակման ծրագրերի վերաբերյալ» և դրանք համարում է «մոլեգին»։ Նրա խոսքով՝ «միանգամայն բնական է, որ մեր դիվանագետները փորձում են Եվրոպայում տաք գլուխներին հիշեցնել այս հարցի վերաբերյալ մեր հիմնարար փաստաթղթերը»։ Միևնույն ժամանակ, Պեսկովը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ հայտարարություններ նկատի ունի։