ՆԱՏՕ-ի կործանիչը կեսգիշերից կարճ անց անօդաչու թռչող սարք է խոցել, հայտնել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնը, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Սա ՆԱՏՕ-ի ինքնաթիռների կողմից Լիտվայի երկնքում խոցված առաջին անօդաչուն: Դրա պատկանելիությունը դեռ չի պարզվել:
Կենտրոնի ներկայացուցչի խոսքով՝ անօդաչուն, որը, հավանաբար, եկել էր Բելառուսից, խփվել է Պրատկունայ գյուղի մոտ, որը երկրի երկրորդ խոշորագույն քաղաք Կաունասի մոտ է։
ՆԱՏՕ-ի Բալթյան օդային հսկողության առաքելությանը մասնակցող կործանիչները պարեկում են Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի երկինքը 2004 թվականին դաշինքին միանալուց ի վեր: Այս առաքելության շրջանակում ինքնաթիռները մայիսին Էստոնիայի, իսկ հունիսին և օգոստոսին՝ Լատվիայի երկնքում խոցել են իրենց ուղուց շեղված ուկրաինական անօդաչուներ, հաղորդում է Reuters-ը:
Լիտվայի բանակը հայտնել է, որ անօդաչուն խոցվել է դաշնակից Իտալիայի կործանիչների կողմից, որոնք օդ էին բարձրացել Շյաուլյայի ավիաբազայից, հաղորդում է LRT-ն: Անօդաչունի մնացորդները հայտնաբերվել են դեպքի վայրում: Այժմ այնտեղ աշխատում են զինվորականներ և ոստիկանության աշխատակիցներ:
Ուկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի վրա հարձակումները՝ օգտագործելով հեռահար անօդաչուներ, այդ թվում՝ Բալթիկ ծովի տարածաշրջանում: Ուկրաինական անօդաչուները նախկինում մուտք են գործել Ֆինլանդիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի օդային տարածք: Ուկրաինան այս միջադեպերը բացատրել է նրանով, որ Ռուսաստանը, օգտագործելով էլեկտրոնային պատերազմի համակարգեր, միջամտում է անօդաչուների թռիչքի ուղղությանը:
«Մենք չենք շտապի եզրակացություններ անել. կանցկացվի հետաքննություն, և կգնահատվեն բոլոր հանգամանքները։ Ակնհայտ է, որ նման միջադեպերը չեն նվազի։ Այժմ ամենակարևորն այն է, որ սպառնալիքը չեզոքացվել է և այլևս վտանգ չի ներկայացնում բնակիչների համար։ Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր դաշնակիցներին արագ արձագանքի և ճշգրիտ կրակոցների համար», - հայտարարել են լիտվացի զինվորականները։
Լիտվայի Ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավար Վիլմանտաս Վիտկաուսկասը LRT ռադիոկայանի եթերում ասել է, որ անօդաչուն Լիտվայում եղել է մոտ կես ժամ և եկել է Բելառուսից: Հարցին, թե ինչու է կարմիրի փոխարեն դեղին տագնապ հայտարարվել, նա բացատրել է, որ կարմիր տագնապ հայտարարվում է, երբ անօդաչուի հարվածի կամ կործանման անխուսափելի վտանգ կա:
«Զինվորականներն իրավիճակը գնահատել են որպես նախապատրաստական փուլ, և ՀՕՊ ուժերը շատ արագ արձագանքեցին։ Օբյեկտը ոչնչացվեց վայրկյանների ընթացքում, - ասել է Վիտկաուսկասը,- Դա հեռավոր գյուղական վայր էր, հեռու բնակեցված վայրերից»։