«Ռոսատոմ»-ին պատկանող «Յանինա» ջերմանավը Սև ծովում խորտակվել է Ուկրաինայի զինված ուժերի երկու դրոնների հարձակման հետևանքով, հաղորդել է ռուսաստանյան պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչյովը:
Նրա փոխանցմամբ՝ նավը հարձակման է ենթարկվել Նովոռոսիյսկից 130 մղոն հեռավորության վրա: «Դա ամենասովորական խաղաղ կոնտեյներային նավ էր, որ նավարկում էր միջազգային ջրերում և քաղաքացիական արտադրանք էր փոխադրում՝ սառեցված մթերքից մինչև շինանյութ», - վստահեցրել է Լիխաչյովը:
Նավի անձնակազմի բոլոր 17 անդամները փրկվել են:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է նավի խորտակումը:
«Այս գիշեր կիրառվել են միջին հեռահարության հարվածներ, արձանագրվել են թիրախների խոցումներ Սև և Ազովի ծովերում: Նաև խոցվել է պատժամիջոցների տակ գտնվող ռուսական կոնտեյներային «Յանինա» նավը, որ նավարկում էր ռուսական դրոշի ներքո և ավելի քան 100 հազար տոննա տարողունակություն ուներ: Մեր Պաշտպանության ուժերի ճշգրտության արդյունքում այն խորտակվել է», - գրել է Զելենսկին: