Այս տարվա սեպտեմբերի 1-ից Ռուսաստանի մայրաքաղաքում և Մոսկվայի մարզում միգրացիոն հաշվառման նոր կարգ կգործի, այն կվերաբերի նաև Հայաստանի քաղաքացիներին։ «Ամինա» ("Амина") բջջային հավելվածը պարտադիր կլինի ոչ միայն աշխատանքի մեկնող օտարերկրացիների, այլև ուսանողների և ԵԱՏՄ երկրներում աշխատողների ընտանիքի անդամների համար։ Հավելվածի միջոցով անձը պետք է միգրացին հաշվառում անցնի՝ ներկայացնի անհրաժեշտ բոլոր տվյալներն ու նույնականացվի:
Միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանն է այս մասին հիշեցրել ֆեյսբուքյան իր էջում, իսկ ավելի վաղ մանրամասնել էր. - «Որպեսզի ունենա միգրացիոն հաշվառում, պետք է ունենա «Ամինա» ծրագիրը, որը բջջային հավելված է ու աշխատում է ինտերնետով, և պարբերաբար թարմացումներ չանելու պարագայում անձը կարող է հայտնվել «Վերահսկվող անձանց ռեեստրում» և հետագայում կարող է նաև արտաքսվել: Հնարավորինս ուշադիր լինեն իրենց կատարած զանգերի և բովանդակությունների հետ կապված իրենց խոսակցությունների: Անգամ փոքրիկ համակրանքը Ուկրաինայի նկատմամբ կարող է դրա հիմք հանդիսանալ»:
Միգրացիոն և հարկային պահանջները խախտած օտարերկրյա քաղաքացիները հայտնվում են 2025 թվականի փետրվարից գործող «Վերահսկվող անձանց ռեեստրում», նրանց նկատմամբ կիրառվում են տարբեր սահմանափակումներ, այդ թվում՝ բանկային հաշիվների սառեցում։
Բեժանյանը հիշեցրել էր նաև, որ «Ամինա» ծրագիրը նախորդ տարվա ընթացքում ինտերներտ կապի խափանումների պատճառով խնդիրներ էր ստեղծել մարդկանց համար:
«Ոչ միշտ է, որ այն հասցեն, որտեղ նշում է միգրանտը, իրականում քարտեզի վրա ցույց է տալիս, այսինքն՝ անպայման պետք է բացել այդ քարտեզը և տեղում նշել այն հասցեն, որտեղ բնակվելու եք, որովհետև երեք օրից ավել այդ տարածքից բացակայելու պարագայում ծրագիրը ցույց կտա, որ դուք չեք բնակվում այնտեղ, որտեղ հաշվառված եք, և դա նույնպես «Վերահսկվող անձանց ռեեստրում» հայտնվելու պատճառ կարող է լինել: Ավելին՝ եթե իրապես ձեր հասցեն համապատասխանում է, դուք բնակվում եք, բայց պատրաստվում եք երեք օրից ավել բացակայել ձեր բնակության վայրից, պետք է ձեր հաշվառման տարածքային ոստիկանությունում դիմում գրեք, նշեք, որ դուք երեք օրից ավել բացակայելու եք», - պարզաբանել էր միգրացիոն փորձագետը:
Ռուսաստանում օտարերկրացիների համար գործում են նաև RuID և «Գոսուսլուգի» թվային հարթակները։ RuID-ն նախատեսված է առանց վիզայի մուտք գործող օտարերկրացիների նախնական գրանցման համար, իսկ «Գոսուսլուգի»-ն պետական էլեկտրոնային ծառայությունների հարթակն է։
«Ամինա» հավելվածը պարտադիր չէ Ռուսաստանում 30 օրից պակաս մնացող օտարերկրացիների համար։
«Ազատության» զրուցակիցը, որը տարիներ շարունակ ապրել է Մոսկվայում, ասում է՝ հեռանալու որոշում է կայացրել, քանի որ Ռուսաստանում ապրելն ավելի է բարդանում։ Իսկ թվային այսպիսի համակարգերի ու հարթակների միջոցով, ըստ նրա, այդ երկրի իշխանությունները տոտալ վերահսկողության տակ են պահում իրենց երկրում գտնվող օտարերկրացիներին:
«Ամինա» ծրագիրը, որ դրա միջոցով փորձում են կառավարել, ըստ իս՝ խախտում է մարդու ազատության իրավունքը և անձնական տարածքը: «Ամինա» ծրագիրը պետք է պարտադրի ներբեռնել հեռախոսի մեջ, և եթե երկու օր դու չկարողանաս ուղարկել քո գտնվելու վայրը, «Գոսուսլուգա»-ով քեզ գալիս է դեպորտացիա՝ վիդվորենիե: Արդեն իսկ պետությունը փորձում է կառավարել, հասկանալ՝ որտեղ ես գտնվում, և այլն», - ասաց «Ազատության» ներկայանալ չցանկացող զրուցակիցը՝ շարունակելով. - «Նախկինում էդպես չէր. ենթադրենք, եթե դու գրանցվում էիր, դա բազայում երևում էր, և պարտադիր պայման չէր, որ ինչ-որ ծրագրի միջոցով ուղարկեիր քո գտնվելու վայրը, և ըստ դրա քեզ փորձեն կառավարել: Ինձ թվում է՝ դա բավականին լուրջ պատճառ է, որպեսզի մարդիկ չցանկանան էնտեղ մնալ»:
«Ազատության» զրուցակիցը պատմում է՝ երբ լրացել է Ռուսաստանում գտնվելու իր ժամկետը, սահմանված կարգով դիմել է այն երկարացնելու համար, բայց մերժել են՝ պատճառաբանելով, թե տվյալները ջնջվել են համակարգից: Պատմեց՝ առաջարկել են հենց այդ պահին ներբեռնել «Ամինա» հավելվածը, հանձնել մատնահետքեր և լուսանկարվել։ Ասաց՝ երբ բացատրել է, որ չի ցանկանում այդքան տվյալներ թողնել, որովհետև նախկինում այդպես չի եղել, հակաճառելու պատճառով իրեն տեղափոխել են միգրանտների պահման վայր ու երկու-երեք օր պահել այնտեղ։ Բայց քանի որ հայկական անձնագիրն իր մոտ է եղել, նույնականացրել են և հետ ուղարկել Հայաստան՝ հինգ տարով արգելելով մուտքը Ռուսաստան։
«Մենք երկու-երեք անգամ բողոքարկել էինք դատարանում, չբավարարեցին մեր դիմումը: Կարծում եմ՝ դա երևի թե հատուկ ծրագիր է, որ չպետք է թույլ տան նրանց, ովքեր մուտքի արգելք ունեն, վերադառնան Ռուսաստան: Էս ամբողջ լարվածությունը ստեղծվեց «Կրոկուս Սիթի»-ի տրաքացնելուց հետո, մեզ արդեն ուրիշ ձև են վերաբերվում, մանավանդ, երբ որ դու արտաքնապես երևում է, որ ռուս չես, արդեն էդ ռասիզմը ավելի առաջ էր եկել», - ասաց նա:
Ռուսաստանի իշխանությունները նոր թվային համակարգերի ներդրումը բացատրում են միգրացիոն վերահսկողության ուժեղացմամբ։ Պաշտոնական հիմնավորմամբ՝ «Ամինա»-ն, RuID-ն և այլ հարթակներ պետք են օտարերկրացիների տվյալների հաշվառումը պարզեցնելու, նրանց գտնվելու օրինականությունը ստուգելու և անվտանգության ռիսկերը նվազեցնելու համար։ «Ազատության» անանուն զրուցակցի կարծիքով՝ նաև ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո է Ռուսաստանում ապրելն ավելի բարդացել. - «Կարծում եմ՝ պատերազմական էս վիճակը ինչ-որ ձևով խթանեց նաև էս ծրագրերի ներբեռնմանը, դեպորտացիաներին»:
Միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանն աշխատելու նպատակով Ռուսաստան մեկնողներին զգուշացնում է՝ եթե նրանց բանկային քարտին մուտքագրվի աշխատանքային պայմանագրում նշված աշխատավարձից ավելի մեծ գումար, կամ նրանք խոշոր փոխանցումներ կատարեն այլ երկրներ, այդ թվում՝ Հայաստան, ռուսական մարմինները կարող են պահանջել պարզաբանել այդ գումարների ծագումը։
«Պատկան մարմինները նրան կկանչեն, որպեսզի ինքը պարզաբանում տա, թե որտեղից իրեն այդ գումարները, և եթե ինքը ամբողջ աշխատավարձն է ուղարկում, ապա ինչ գումարներով է ինքը ապրում Ռուսաստանի Դաշնությունում», - ասաց Բեժանյանը:
«Ազատության» զրուցակիցը փորձում է դատական ճանապարհով վերադարձնել Ռուսաստանում արգելափակված իր աշխատած գումարները, սակայն դեռ չի կարողանում:
Ասում է՝ Ռուսաստանում ապրելը գնալով բարդանում է անգամ ՌԴ քաղաքացիների, հատկապես՝ զինապարտության տարիքում գտնվողների համար։
Ի դեպ, օտարերկրացիները կարտաքսվեն Ռուսաստանից, եթե բժշկական զննությամբ պարզվի, որ ունեն տուբերկուլյոզ, սիֆիլիս, ՄԻԱՎ կամ ՁԻԱՀ, ինչպես նաև արյան մեջ թմրամիջոցների հետքեր հայտնաբերվեն:
Այս տարվա ապրիլի վերջի տվյալներով՝ շուրջ 20 հազար ՀՀ քաղաքացու համար սահմանվել է Ռուսաստան մուտքի առնվազն հինգ տարվա արգելք։
Տաթևիկ Բեժանյանի խոսքով՝ վերջին երկուսուկես տարում Ռուսաստան աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է մոտ 30 տոկոսով՝ 100 հազարից հասնելով շուրջ 70 հազարի։