Մատչելիության հղումներ

«Երբեք էլ դուրս չեմ գա Հայաստանից, չեմ գնա ընդեղ»

Օտարերկրացիների ժամանակավոր պահման կենտրոն Ռուսաստանում, արխիվ
Օտարերկրացիների ժամանակավոր պահման կենտրոն Ռուսաստանում, արխիվ

«29 ժամ ինձ պահեցին ոստիկանության բաժանմունքում՝ գիշերը, մութ սենյակում, բոբիկ ոտերով: Ջուր չեն տվել 29 ժամ: Ես սաղ գիշեր դուռը թակել եմ». - անանուն մնալ ցանկացող այս կինը Ռուսաստան էր գնացել աշխատելու նպատակով, բայց հետո ոստիկաններն իրեն ու Հայաստանի մեկ այլ քաղաքացու բերման են ենթարկել, որովհետև գրանցված աշխատող չէր: Կինը, սակայն, պնդում է՝ ինքն այդ մասին տեղյակ չի եղել, քանի որ պայմանագիրը, որ ստորագրել է, կնիքով էր, ստորագրությամբ և անձնագրային տվյալներով։

«Ի՞նչ իմանայի, որ ռուսաստանցի գործատուս հարկերից խուսափելու համար ինձ որպես օրինական աշխատող չի գրանցել: Նա տուգանվեց, ես արտաքսվեցի», - նշեց «Ազատության» զրուցակիցը։

«Հաջորդ օրը տարավ վերևի սենյակ, բա՝ «ստորագրի էս թղթերը, գնում ես Հայաստան»: Ես ասի՝ «ռուսերեն լավ չեմ հասկանում, ինձ պերեվոդչիկ ա պետք, ինձ ադվակատ ա պետք, ես ուղղակի, դու թղթերը դնես՝ կարող ա ընդեղ մարդասպանության հոդված ա», ես ասեցի՝ «չեմ ստորագրի ոչ մի բան»: Ասավ՝ «տենց անջուր կմնաս»: Հետո ըտեղ ստորագրեցի էդ թղթերը՝ արդեն չորս կաբինետ թակեցի, ջուր խնդրեցի մի բաժակ, ոչ մեկ չտվեց, ստիպված ստորագրեցի էդ թղթերը», - պատմում է կինը:

Ոստիկանությունում իրենց ժամերով պահելուց հետո տեղափոխել են օտարերկրացիների ժամանակավոր պահման կենտրոն, իսկ դա, կնոջ խոսքով, իսկական բանտ էր. - «Տվել են խոզի լափ, ես ընդեղ ուղղակի խմել եմ տաք ջուր, ու հաց: Մի ամիս հետո թողեցին, մի չորս ոստիկանով, ոնց որ հրեշ էին բռնել մարդակեր, չգիտեմ, էլեկտրաշոկերով, դուբինկով, ես սենց ծիծաղում եմ, ասում եմ՝ «էդ կլետկով մաշինով, մեզ համար ե՞ք էդքան տենց զինվել էկել, մի հատ էրեխա ա խեղճուկրակ, մի հատ էլ կնիկ ա, էդքան զինվել եք էկել եք», ծիծաղում են: Բայց ակուրատնի ճանապարհեցին մեզ: Տենց էկա հասա Հայաստան: Երբեք էլ դուրս չեմ գա Հայաստանից, չեմ գնա ընդեղ, ի՞նչ ա էղել իմ երկրին»:

Կինը պատմում է, որ օտարերկրացիների ժամանակավոր պահման կենտրոնում՝ «սպեցպրիյոմնիկում» հանդիպել է մի հայ երիտասարդի, որը պատմել է, թե ամիսներով անորոշության մեջ և փակ պայմաններում մնալուց հետո հայտնվել է հոգեբանական ծանր վիճակում ու համաձայնել մեկնել պատերազմ՝ Ուկրաինա։
Կնոջ փոխանցմամբ՝ այդ պահման վայրում ներքին կանոններ են գործել, ըստ որոնց՝ եթե որևէ անձ համաձայնում է մեկնել պատերազմ, կարող է որպես փոխհատուցում նշել մեկ այլ մարդու անուն, և վերջինս ազատ կարձակվի։ Նա կասկածում է, որ այդ երիտասարդը կարող էր նշել իր անունը, քանի որ հարցրել էր իր անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, հայրանուն և տարիքը.

«Գնաց կանտրակտը գրեց, որ գնա Ուկրաինա՝ կռիվ, ասավ՝ «ես ստեղ կմեռնեմ, չեմ կարա ես ստեղ երկար մնամ», ու իմ գալուց երեք օր առաջ ինքը անհետացավ, ես իրա տեղը էլ չգիտեի, ես մտածում էի, որ իրան տարան կռիվ: Ես հիմի նույնիսկ մտածում եմ, որ ես որ էկա Հայաստան՝ ինքն ա իմ անունը ընդեղ տվել»:

Օդանավակայանի ճանապարհին «ինձ ոստիկանը անգամ ասավ՝ «սրա մեղավորը քո Փաշինյանն ա», - պատմեց «Ազատության» զրուցակիցը՝ շարունակելով. - «Դրանից էն կողմ էլ ի՞նչ ինձ պիտի ասեր, ես զգացի, որ ազգային ինչ-որ, կարծես վրեժ էին լուծում: Ես իրան ուղղակի ասի՝ «մեր հարցում Փաշինյանը ի՞նչ, դու ինձ բռնել բերել ես ոստիկանություն, ես քեզ ասում եմ՝ ինձ ջուր տուր, դու ինձ ջուր չես տալիս, ասում ես՝ Փաշինյանն ա՞ մեղավոր»: Հիմա ես վերականգնվեցի, շատ հյուծվել էի, նույնիսկ հաց չէի կարում ուտեմ, որովհետև մի ամիս ես ընդեղ հաց չեմ կերել»:

Ինքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օրերս անդրադառնալով Ռուսաստանից Հայաստան հնարավոր արտաքսումներին, նշել էր՝ թող քաղաքացիներն անօրինական չմնան որևէ երկրում, ո՞վ է մեղավոր. - «Եթե մարդը ապօրինի հիմքով ա գտնվում ուրիշ երկրի տարածքում, մենք դեպորտ չենք անո՞ւմ, բոլոր երկրներն էլ անում են: Այսինքն՝ ի՞նչ, Հայաստանի Հանրապետությունը պետք ա լուծարվի, որ ինչ-որ մեկը ապօրինի լինի ուրիշ երկրի տարածքո՞ւմ, էդ ի՞նչ տրամաբանություն ա»:

Վերջին օրերին Ռուսաստանից հնչող հայտարարություններում նշվում է՝ եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից և շարժվի դեպի ԵՄ, ապա ՀՀ քաղաքացիների համար կարող են վերանայվել Ռուսաստան մուտքի ներկայիս արտոնությունները:

Միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանի խոսքով՝ նույնիսկ հիմա՝ ԵԱՏՄ անդամակցության պայմաններում, որոշ կանոններ ամբողջությամբ չեն գործում․ օրինակ՝ բեռնատարների վարորդների համար նախատեսված 180-օրյա գտնվելու սահմանափակումը փաստացի փոխվել էր 90 օրվա, հետո, իհարկե, դա վերանայվեց, բայց նրանց նկատմամբ որևէ ժամկետ չպետք է գործեր:

Բեժանյանը հիշեցնում է օտարերկրյա միգրանտների համար սահմանված նոր խստացումների մասին՝ նշելով, որ Ռուսաստան մեկնող ՀՀ քաղաքացիներն էլ պետք է տեղյակ լինեն դրանցից, որ խնդիրներից խուսափեն։

Եթե, օրինակ, ոչ աշխատելու նպատակով է մարդը գնում Ռուսաստան, ապա այնտեղ կարող է տարեկան ընդհանուր 90 օր մնալ: Եթե այցի նպատակն աշխատանքն է, մուտք գործելուց հետո 30 օրվա ընթացքում պետք է միգրացիոն հաշվառում անցնի, բուժզննում, ու աշխատանքային պայմանագիր կնքի, կամ եթե այդ բոլորն արել է, ապա հետո ժամկետները երկարացնի, եթե ոչ՝ կհայտնվի վերահսկվող անձանց ռեեստորում: Բացի այդ՝ «եթե իր պայմանագրում նշված աշխատավարձի գումարից ավելի իր քարտին գումար նստի, անձը կհայտնվի վերահսկվող անձանց ռեեստրում»:

«Եթե անգամ ինքը փոխանցումներ կանի դրամական դեպի Հայաստան կամ այլ երկիր, և այդ գումարը կգերազանցի իր աշխատավարձը կամ կլինի աշխատավարձի գումարի չափով, ևս կհայտնվի ռեեստրում, և պատկան մարմինները նրան կկանչեն, որպեսզի ինքը պարզաբանում տա, թե որտեղից իրեն այդ գումարները, և եթե ինքը ամբողջ աշխատավարձն է ուղարկում, ապա ինչ գումարներով է ինքը ապրում Ռուսաստանի Դաշնությունում», - շարունակեց Բեժանյանը:

Այս տարվա ապրիլի վերջի դրությամբ Հայաստանի շուրջ 20 հազար քաղաքացու համար սահմանվել է Ռուսաստան մուտքի արգելք՝ առնվազն հինգ տարի ժամկետով:

Միգրացիոն փորձագետի խոսքով՝ վերջին երկուսուկես տարվա ընթացքում, իրենց տվյալներով, Ռուսաստան աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է մոտ 30 տոկոսով՝ շուրջ 100 հազարից հասնելով 70 հազարի։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG