Մատչելիության հղումներ

ՌԴ-ում աշխատանքային միգրանտների չափահաս դարձած զավակներից կպահանջեն իրենց արտոնագիրն ստանալ կամ լքել երկիրը

Աշխատանքային միգրանտներ Ռուսաստանում, արխիվային լուսանկար
Աշխատանքային միգրանտներ Ռուսաստանում, արխիվային լուսանկար

Ռուսաստանի կառավարությունը Պետդումա է ներկայացրել օրինագիծ, որի համաձայն՝ երկրում արտոնագրով աշխատող աշխատանքային միգրանտների զավակները, երբ լրանա նրանց 18 տարին, կա՛մ պետք է 30 օրվա ընթացքում դուրս գան երկրից, կա՛մ դիմում ներկայացնեն սեփական արտոնագիրն ստանալու համար:

«Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական դրության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը Պետդումայի փաստաթղթերի բազայում հայտնվել է փետրվարի 21-ին:

Աշխատանքային միգրանտների անչափահաս զավակների՝ իրենց ծնողների համապատասխան փաստաթղթերի գործողության ընթացքում երկրի տարածքում մնալու իրավունքը կպահպանվի, սակայն դրա համար ծնողներից մեկը պետք է վճարի ֆիզիկական անձանց եկամտահարկի ֆիքսված կանխավճար ինչպես իր, այնպես էլ իր հետ գտնվող յուրաքանչյուր երեխայի համար:

Օրինագիծը նաև հավելյալ չափանիշ է ներմուծում արտոնագրերի տրամադրման և երկարաձգման համար: Արտոնագիրը կարող է չեղարկվել, եթե Ռուսաստանում աշխատող աշխատանքային միգրանտի եկամուտների հանրագումարը չհասնի իր և իր ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով կենսապահովման նվազագույնին:

Ենթադրվում է, որ հարկային մարմինները ՆԳՆ-ին ավտոմատ կերպով տվյալներ կներկայացնեն օտարերկրացիների եկամուտների վերաբերյալ օրացուցային տարվա երեք, վեց և 12 ամիսների համար:

Փոփոխությունները ներկայացրել է Ֆինանսների նախարարությունը նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականով: Ենթադրվում է, որ օրինագիծն ուժի մեջ կմտնի 2027 թվականից:

Վերջին տարիներին Ռուսաստանում խստացրել են միգրացիոն օրենսդրությունը, մասնավորապես՝ արգելել են միգրանտների երեխաներին դպրոց ընդունվել առանց ռուսերենի քննություն հանձնելու, իսկ նրանց ծնողներին պարտավորեցրել են հաստատել Ռուսաստանի տարածքում գտնվելու օրինականությունը: Արդյունքում՝ անցած տարվա սեպտեմբերին օտարերկրյա քաղաքացիների երեխաների 87.5 տոկոսը չեն կարողացել դպրոց ընդունվել, նշում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Նաստոյաշչեե վրեմյա» ծրագիրը:

«ԴումաԲինգո» ծրագիրը հաշվել է, որ 2021 թվականից Պետդուման քննարկել է 73 «հակամիգրանտական» օրինագիծ, դրանցից 38-ը՝ 2024 թվականին «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:


XS
SM
MD
LG