Հարավային Կորեայի արտգործնախարարությունը հայտարարել է Ուկրաինայում իր դեսպանության աշխատակիցների մի մասին հետ կանչելու մասին՝ Կիևի կողմից Սեուլին երկու հյուսիսկորեացի ռազմագերիների հանձնելու մասին տեղեկությունը բարձրաձայնելու շուրջ երկու երկրների միջև շարունակվող վեճի ֆոնին:
Ինչպես հաղորդում են Reuters և Yonhap լրատվական գործակալությունները, Հարավային Կորեայի ԱԳՆ ներկայացուցիչ Պակ Դու Սունը այդ որոշումը բացատրել է նրանով, որ Ուկրաինան մինչ այժմ «դրական քայլեր» չի ձեռնարկել վեճի կարգավորման համար: Բացի այդ, ըստ նրա, ավիահարվածների շարունակվող սպառնալիքները դժվարացնում են դիվանագիտական անձնակազմի անվտանգության ապահովումը:
Ավելի վաղ Հարավային Կորեան Ուկրաինայից հետ էր կանչել իր դեսպանին:
Պակ Դու Սունը նշել է, որ Սեուլը Կիևի հետ անհրաժեշտ դիվանագիտական շփումները կիրականացնի գործերի ժամանակավոր հավատարմատարի ղեկավարությամբ: Ուկրաինայում է մնում ամբողջ հյուպատոսական անձնակազմը:
Հյուսիսկորեացի երկու ռազմագերիներին Հարավային Կորեային փոխանցելու մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ում իր ելույթում: Հարավային Կորեան Ուկրաինային մեղադրում է այդ փաստը չբացահայտելու պայմանավորվածությունը խախտելու համար և պահանջել էր հրապարակավ ներողություն խնդրել: Այնուհետև Հարավային Կորեայի արտգործնախարար Չո Հենը հայտարարել է, թե Ուկրաինայի արտգործնախարարից հաղորդագրություն է ստացել, որով Անդրեյ Սիբիհան ներողություն խնդրել է, սակայն դրա մակարդակը չի համապատասխանել իրենց ակնկալիքներին:
Ընդ որում, Հարավային Կորեան ամռան վերջից ընդլայնում է Ռուսաստան վառելիքի մատակարարումները: The Guardian-ի տվյալներով՝ օգոստոսին Սեուլը Ռուսաստան է առաքել 112 հազար տոննա վառելիք՝ տվյալ ամսում Ռուսաստանի ներմուծման 31 տոկոսը: