Բանակցությունները «Ուժեղ Հայաստանը» շարունակում է
«Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքն առաջիկայում կարող է ընդլայնվել, և բանակցություններն այդ ուղղությամբ դեռ շարունակվում են:
Միլիարդատեր գործարարի առաջնորդած «Ուժեղ Հայաստանը» տարբեր ուժերի հետ երկար բանակցություններից հետո օրերս դաշինք կնքեց հանրությանն անհայտ 2 ուժի հետ: Մեկը վերջերս ստեղծված «Նոր դարաշրջանն» է, որի ղեկավարը փաստաբան է, մյուսը՝ դեռևս 2000-ականներից գործող և ժամանակին ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի հետ միացած «Միավորված հայեր» կուսակցությունն է:
Այս ուժերի հետ հուշագրի ստորագրումը, սակայն, ըստ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Գոհար Մելոյանի՝ չի սահմանափակում այլ կուսակցությունների հետ բանակցությունները ինչպես դաշինքում ընդգրկվելու, այնպես էլ դաշինքից դուրս համագործակցություն տարբեր ձևաչափեր ստեղծելու հարցի շուրջ:
«Ոչ բացառում եմ, ոչ էլ ասում եմ այո այդ հարցադրմանը, որովհետև իրապես չունենք որոշում, միայն կարող եմ ասել, որ այնպես չէ, որ մենք դադարեցրել ենք ու այլևս չենք տեսնում հնարավորություն բանակցելու: Իրավական առումով դեռ կարող է քննարկումների գործընթացն այնքան գնալ, մինչև պաշտոնապես թղթերը ներկայացվեն ԿԸՀ», - «Ազատությանն» ասաց նա:
Ընտրություններին մասնակցող ուժերը իրենց նախընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնելու ապրիլի 13 -ից 23 -ը : Մինչ այդ ժամկետը քաղաքական ուժերը դեռ ժամանակ ունեն դաշինքներ կազմելու և իրենց ցուցակները ձևավորվելու համար:
Ինչո՞ւ Սամվել Կարապետյանի ուժին մինչ այս պահը չի հաջողվել լայն կոնսոլիդացիա ապահովել «Ուժեղ Հայաստանի» շուրջ: Այն, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած ՀԱԿ-ը մտադիր էր դաշինք կազմել Կարապետյանների հետ, չէր թաքցրել նաև ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը. «Պատրաստ ենք այդ նպատակով սկսել նման կոնսոլիդացիայի գործընթաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության և այլ ուժերի հետ միասին»։
Առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանն անցած ամիսներին անձամբ էր գովեստի խոսքեր շռայլել Սամվել Կարապետյանի հասցեին՝ պնդելով, թե «պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է»: Տեր-Պետրոսյանն ընդդիմության միավորումը ոչ թե քաղաքական, այլ ազգի փրկության խնդիր էր համարել՝ պնդելով՝ «լինելով ինքնաբավ և կայացած անձնավորություն՝ Սամվել Կարապետյանն ունակ է լուծել այդ խնդիրը»:
Ինչո՞ւ այսօրինակ խոսքերից հետո, այնուամենայնիվ, ՀԱԿ-ի հետ համագործակցությունը չստացվեց, և Սամվել Կարապետյանը դաշինք չկազմեց Տեր-Պետրոսյանի հետ, Գոհար Մելոյանն ասում է, թե այս պահին դեռ վաղ է պնդել, թե համագործակցությունը չի ստացվել. «Դեռևս չունենք վերջնական այդպիսի որոշում, որ ինչ-որ մեկի հետ չի ստացվել։ Այս գործընթացները դեռ ընթանում են»։
Հարցին, թե ՀԱԿ-ի հետ էլ են շարունակվո՞ւմ բանակցությունները, նա պատասխանեց. «Եթե դեռ վերջնական չունենք ամփոփ ձևաչափ կամ կարծիք, ասելիք, դա նշանակում է, որ շարունակական ծիրի մեջ են, այնուամենայնիվ»:
Թե «Ուժեղ Հայաստանը» ՀԱԿ-ից բացի էլ որ կուսակցությունների հետ է շարունակում բանակցությունները, Մելոյանը այս պահին չի ցանկանում բարձրաձայնել, որպեսզի նրա ձևակերպմամբ՝ այդ ուժերը չթիրախավորվեն:
«Մենք հայամետ ենք». «Ուժեղ Հայաստանի» արձագանքը՝ Պուտինին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հստակ ընդգծեց՝ Հայաստանում կան ռուսամետ դիրքորոշում ունեցող ուժեր, և Մոսկվան ցանկանում է, որ այդ ուժերը և քաղաքական գործիչները ընտրական գործընթացներին մասնակցելու հնարավորություն ունենան: Ավելին, Պուտինը նշեց, որ այդ գործիչներից ոմանք գտնվում են ազատազրկման վայրերում, չնայած այն հանգամանքին, որ ունեն Ռուսաստանի անձնագիր։
Առանց անուններ տալու Պուտինն ակնհայտորեն խոսում էր այժմ տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանի մասին: «Ուժեղ Հայաստանից», սակայն, պնդում են, իրենք ռուսամետ չեն, այլ՝ հայամետ:
«Ամենայն հավանականությամբ, տրամաբանության կանխավարկածով կարելի է ենթադրել, որ մեզ նկատի ուներ, բայց այնուամենայնիվ, ես չեմ կարող ուրիշ երկրի պաշտոնյայի խոսքերը մեկնաբանել ու ինձ ենթադրություններ թույլ տալ», - ասաց Մելոյանը:
Հարցին, թե ունե՞ն մտավախություններ, որ իրենց կարող են ընտրապայքարից դուրս թողնել, պատասխանեց. «Ունենք նման մտավախություններ՝ հաշվի առնելով միջազգային պրակտիկան և իշխանության ասոցացվող քաղաքական գործիչների հայտարարությունները, այդ թվում՝ հստակ բարձրաձայնված պահանջը, որ մեզ պետք է թույլ չտալ մասնակցել ընտրություններին»:
Եթե իշխանությունը, գնա նման քայլի և արհեստական խոչընդոտներ ստեղծելով թույլ չտա «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրություններին, ապա ըստ քաղաքական ուժի, Փաշինյանի իշխանությունն իր այդ քայլով կասկածի տակ գտնի ողջ ընտրական գործընթացի լեգիտիմությունը:
Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժը պնդում է՝ եթե իշխանությունը իրենց դուրս թողնի ընտրապայքարից, ապա իրենք գիտեն, թե ինչպիսի գործողությունների են դիմելու և ինչպես են հակազդելու:
Սերժ Սարգսյանի «Հանրապետականը» չի մասնակցի ընտրություններին
Մինչ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» ընտրություններին ընդառաջ պատրաստվում է հակազել հնարավոր տարբեր սցենարներին, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետականը» երկար քննարկումներից հետո ի վերջո որոշում կայացրեց չմասնակցել հունիսի 7-ի ընտրություններին:
Ընդ որում, 2018-ից հետո իշխանությունը կորցրած երբեմնի հզոր ուժը նշում է, թե «անմիջական չի մասնակցի»՝ ակնարկելով, թե կարող են աջակցել որևէ այլ քաղաքական ուժի: Թե ում օգտին կարող է աշխատել ՀՀԿ-ն, խոստանում են փակագծերը բացել շաբաթ օրը կայանալիք կուսակցության համագումարում:
Արդյոք Սամվել Կարապետյանը կընդունի՞ Սերժ Սարգսյանի աջակցությունն այս ընտրություններում՝ «Ուժեղ Հայաստան»-ի անդամ Գոհար Մելոյանը հիշեցնում է կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքերը, որ իրենք չեն համագործակցելու խորհրդարանում այժմ ընդգրկված ընդդիմադիր ուժերի, ներառյալ՝ «Հանրապետականի» հետ:
Ծառուկյանը բլոտ է խաղում և խոսում ապագայի վարչապետի մասին
Ի դեպ, ընտրություններին ընդառաջ եթե նիկոլ Փաշինյանը նարդի է խաղում պոտենցիալ ընտրողների հետ, ապա մարզեր այցելող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Մխչյանում բլոտի էր բռնվել գյուղացիների հետ:
Բլոտից դուրս Ծառուկյանը նաև քաղաքական հարցերի պատասխանեց՝ կրկին վստահեցնելով՝ վարչապետ չի ուզում դառնալ. «Ես ոչ հների հետ գործ ունեմ՝ նախկինների, դա 100 տոկոս գրեմ, ստորագրեմ, ոչ էլ այսօր գործողների հետ: Մեր երկրին պետք է ապագայի վարչապետ»:
Գագիկ Ծառուկյանը դեռ չի հրապարակել իր վարչապետի թեկնածուի անունը: