Մատչելիության հղումներ

Սամվել Կարապետյանի գործով դատավարությունը հասել է վկաների հարցաքննության փուլ

Լրացված
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստ, 11-ը սեպտեմբերի, 2026թ.
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստ, 11-ը սեպտեմբերի, 2026թ.

Ընդդիմադիր գործիչ Սամվել Կարապետյանի՝ ամիսներ առաջ սկսված դատավարությունը հասավ վկաների հարցաքննության փուլ:

Մեկ տարի առաջ Առաքելական եկեղեցին պաշտպանելուց հետո կալանավորված, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով դատարան էր կանչվել առաջին վկան, որը սակայն հրաժարվեց հարցաքննվել:

Կարապետյանը մեղադրվում է երկու դրվագներով՝ եկեղեցին պաշտպանելուց հետո նրան մեղադրեցին իշխանությունը զավթելու կոչի հոդվածով, հետո մեղադրանքը խստացրեցին հանցավոր ծագում ունեցող միջոցները օրինականացնելու, 8.5 միլիարդ դրամի հափշտակության և հարկերից խուսափելու հոդվածներով:

Վկաներն առնչվում են տնտեսական հանցագործություններին։ Իշխանության զավթման կոչի դրվագով վկա չկա:

Տնային կալանքի տակ գտնվող գործիչը մեղքը չի ընդունում, բազմիցս է հայտարարել քաղաքական հետապնդման մասին։

Ամիսներ առաջ դատախազը հայտարարել էր, որ Կարապետյանն ապօրինի փողերն օրինականացնելու նպատակով Ռուսաստանի քաղաքացիների է որպես աշխատակից գրանցել: Աշխատավարձի քողի ներքո այդ մարդկանց հաշիվներին փոխանցվել են գումարներ, որոնցով Ռուսաստանի քաղաքացիները Երևանում և արտերկրում բնակարաններ են գնել: Ըստ Դատախազության՝ դրա հետևանքով ծառայողական լիազորությունների օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում է կատարվել:

Ըստ ծավալուն մեղադրանքի, Կարապետյանն այնպես է արել, որ Հայաստանում գործող «Կայծաղբյուր» ընկերությունը շուրջ 2 միլիարդ դրամ հարկերը չվճարելը, ինչպես նաև «Հիդրո Ինվեստ Գրուպ», «Կայծաղբյուր», «Սոլար Պառկ», «Էներգո Գրուպ», «Ալյանս Էներգո» ընկերությունների իրավասու անձանց ներգրավմամբ 2020-2023 թվականներին կազմակերպել է այդ ընկերությունների մոտ 5 միլիարդ դրամի հափշտակությունը, իսկ հետո օրինականացրել է հանցավոր ծագում ունեցող առանձնապես խոշոր չափերով գույքը: Նաև այդ ընկերությունների միջոցով օրինականացրել է խոշոր չափերով գումարներ: Նրա հետ մեղադրյալի աթոռին են նաև այս ընկերությունների ղեկավարները:

Մեկ այլ դրվագով էլ, Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ի տնօրենի ու մյուս ղեկավար անձանց ներգրավմամբ Արցախի Քաշաթաղի շրջանում հիդրոէլեկտրակայաններ կառուցելու նպատակով «Արցախ Էներգո» ՓԲ ընկերության տնօրեն Անդրանիկ Խաչատրյանի միջոցով 2017 թվականի ապրիլի 4-ին հիմնադրել է «Էներգո Գրուպ» ՍՊ ընկերությունը: Այդ հիդրոէլեկտրակայանները կառուցելու նպատակով Հայաստանի բանկերից վարկեր ստանալու համար 2017 թվականին հիմնադրել են «Կայծաղբյուր» ընկերությունը:

Այս ընկերությունը միլիոնավոր դրամների վարկեր է ստացել, Բուլղարիայից ներմուծել է տուրբոգեներատորային կայաններ, որոնք շահագործման են հանձնվել 2019 թվականի վերջին: Արցախի հայաթափումից հետո դրանք տեղափոխվել են Հայաստան:

Պատերազմից վնաս կրելուց հետո Արցախի կառավարությունն աջակցել է այդ վարկերը մարելու հարցում, ներվել են ողջ պարտավորությունները:

Իրավապահները հանցավոր են որակել Կայծաղբյուր ընկերության կողմից հարկեր չվճարելը, եզրահանգել, որ Կարապետյանն ու մյուսները խեղաթյուրել են շահութահարկի տվյալները:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG