Մատչելիության հղումներ

«Յաբլոկոյի» 9-րդ թեկնածուին են զրկում Պետդումայի ընտրությանը մասնակցելու հնարավորությունից

Մոսկվայի մարզային դատարանը չեղարկել է ընդդիմադիր «Յաբլոկո» կուսակցության մեկ այլ՝ թվով արդեն 9-րդ ներկայացուցչի թեկնածության գրանցումը Պետդումայի ընտրություններին մասնակցելու համար, տեղեկացնում է «Ազատության» ռուսական ծառայությունը:

Խոսքը կուսակցության Մոսկվայի մարզային մասնաճյուղի ղեկավար Սերգեյ Կրիժովի մասին է, որը Սերգիև Պոսադի միամանդատ ընտրատարածքի թեկնածու է, տեղեկացնում է «Յաբլոկոյի» մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ դատարանի որոշումը կբողոքարկվի։

Սերգեյ Կրիժովին հեռացնելու հայցը ներկայացրել էր «Կանաչների» կուսակցության թեկնածու Անատոլի Բալաշովը։ Նա իր մրցակցին մեղադրում է հեղինակային իրավունքը խախտելու համար, մասնավորապես, իր կայքում «ՎԿոնտակտե» և «Օդնոկլասնիկի» սոցցանցերի լոգոները տեղադրելու համար։

«Յաբլոկոն» Պետդումայի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցություններից միակն է, որը դեմ է Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմին: Վերջին օրերին դատարաններն արդեն «Յաբլոկոյի» առնվազն ինը անդամի թեկնածություն են չեղարկել:

Ավելի վաղ ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղարկել էր կուսակցության դաշնային ցուցակի գրանցումը Պետդումայի՝ սեպտեմբերին կայանալիք ընտրություններին մասնակցելու համար: Դիմումատուն կուսակցությանը մեղադրել էր, այդ թվում՝ հեղինակային իրավունքը խախտելու համար: Կուսակցությունը բողոքարկել էր ԿԸՀ-ի որոշումը, սակայն Գերագույն դատարանը մերժել էր «Յաբլոկո»-ի հայցը:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG