Ռուսաստանը նոտաներ է հղել բոլոր երկրների դիվանագիտական գերատեսչություններին՝ խնդրելով Պետդումայի ընտրությունների օրը արգելել ցույցերը ռուսաստանյան դեսպանատների մոտ: Այդ մասին РИА "Новости" լրատվական գործակալությանը հայտնել է ՌԴ արտգործնախարարության՝ ընտրությունների գծով հանձնաժողովի փոխնախագահ Մաքսիմ Ռայդերը:
Նրա խոսքով՝ Մոսկվան խնդրում է «համարժեք միջոցներ ձեռնարկել ընտրատեղամասերի պաշտպանության համար»: Ռայդերը հավելել է, որ ընտրությունների ընթացքում արտերկրում ռուսաստանյան հաստատությունները ևս կուժեղացնեն պահպանությունը:
Ռուսաստանի Պետդումայի ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 18-20-ը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Ռուսաստանից դուրս քվեարկություն է կազմակերպվելու 152 երկրներում 300 ընտրատեղամասերում:
ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան ավելի վաղ հարցազրույցներից մեկում հայտարարել է, թե «հեռացած» և «երկրին դավաճանած» ռուսաստանցիներին պետք է զրկել ընտրություններում քվեարկության իրավունքից: Նա նաև չի բացառել ընտրությունների ընթացքում ՌԴ դեսպանատների մոտ «Ռուսաստանից փախած հանրության պիկետները և սադրանքները»: