Երևանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց հարյուրավոր Ռուսաստանցիներ հերթ էին կանգնել քվեարկության համար:
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմի մեկնարկից հետո Հայաստան տեղափոխված շատ ռուսաստանցիների համար քվեարկությանն օրն անձամբ տեղամաս գալը հնարավորություն էր հրապարակայնորեն արտահայտելու իրենց հակապատերազմական ու հակաիշխանական դիրքորոշումը:
Ոմանք եկել էին Ուկրաինայի ու հակապատերազմական դրոշներով, խորհրդանշական գրություններով շապիկներով ու նաև խնձորներով՝ այդ կերպ արտահայտելով նաև իրենց բողոքը միակ հակապատերազմական կուսակցությանը՝ «Յաբլոկո»-ին ընտրություններից դուրս թողնելու դեմ:
Հայաստանում ՌԴ դեսպանատունն այսօր հայտնեց, որ հանրապետության տարածքում քվեարկության անցկացման համար ձևավորվել է երկու ընտրատեղամաս՝ Երևանում Ռուսաստանի դեսպանատան և Գյումրիում գլխավոր հյուպատոսության շենքերում:
Սրանք Ռուսաստանում խորհրդարանական առաջին ընտրություններն են, որ անցկացվում են Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո: Քվեարկություն է կազմակերպվել նաև ուկրաինական օկուպացված տարածքներում։
450-տեղանոց Պետդումայի ընտրություններին մասնակցում է 10 կուսակցություն, այդ թվում՝ իշխող «Եդինայա Ռոսիան»: Բոլոր ուժերը կողմ են Ուկրաինայում արդեն 5-րդ տարին ընթացող պատերազմին: Միակ ընդդիմադիր ուժը՝ «Յաբլոկոն», որը դեմ է պատերազմին, դուրս է մնացել ընտրապայքարից: