Ռուսաստանում մեկնարկել են Պետդումայի ընտրությունները, որոնք ժամային 11 գոտի ունեցող երկրում կտևեն երեք օր։ Սրանք խորհրդարանական առաջին ընտրություններն են, որ անցկացվում են Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո և աչքի են ընկնում նրանով, որ բազմաթիվ թեկնածուներ պատերազմի մասնակիցներ են: Քվեարկություն է կազմակերպվել նաև ուկրաինական օկուպացված տարածքներում։
450-տեղանոց Պետդումայի ընտրություններին մասնակցում է 10 կուսակցություն, այդ թվում՝ իշխող «Եդինայա Ռոսիան»: Բոլոր ուժերը կողմ են Ուկրաինայում արդեն 5-րդ տարին ընթացող պատերազմին: Միակ ընդդիմադիր ուժը՝ «Յաբլոկոն», որը դեմ է պատերազմին, դուրս է մնացել ընտրապայքարից: Գերագույն դատարանը շաբաթներ առաջ չեղարկեց կուսակցության դաշնային ցուցակի գրանցումը, իսկ ավելի ուշ մերժեց այդ որոշման դեմ «Յաբլոկոյի» բողոքը:
Ընտրախախտումների մասին ահազանգեր
Արդեն առավոտյան ահազանգեր են ստացվել պետական ոլորտի աշխատողներին կազմակերպված ընտրատեղամասեր տանելու, անսովոր բարձր մասնակցության, քվեաթերթիկները լուսանկարելու և այլ խախտումների մասին:
Քվեարկությանը, ըստ իշխանությունների, հետևում են 1200 միջազգային դիտորդներ 133 երկրից, սակայն արևմտյան հեղինակավոր կառույցները, ինչպիսին է ԵԱՀԿ-ն, ներկա չեն. Ռուսաստանը 2021-ից չի հրավիրում նրանց: Իսկ ընտրություններին հետևող ամենահայտնի կազմակերպություններից մեկի՝ «Գոլոս»-ի գործունեությունը իշխանություններն արգելել են: Փոխարենը հրավիրում են իրենց նախընտրած առաքելություններին ու նախընտրած փորձագետներին եվրոպական մի քանի երկրից:
Քվեարկություն՝ պատերազմի ժամանակ
Եռօրյա ընտրություններն անցկացվում են պատերազմին զուգահեռ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան հայտնել է, որ ուկրաինական անօդաչուների հարվածները խանգարում են քվեարկությանը: Օկուպացված Լուգանսկում այդպիսի մի հարվածից մի քանի տեղամասեր հոսանքազրկվել են: Այլ վայրերում ևս նման միջադեպեր են գրանցվել:
«Կրասնոդարի երկրամասում մեկ ընտրատեղամաս, որի պատուհանները կոտրվել են անօդաչուի հարձակումից հետո, ստիպված է եղել տեղափոխվել պահուստային տեղամաս»,- Էլլա Պամֆիլովան։
Ընտրությունները՝ լակմուսի թուղթ
Մտավախությունների ֆոնին, որ մարդիկ հիասթափված են ու անտարբեր, նախագահ Պուտինն օրեր առաջ կոչ արեց գնալ քվեարկության: Ըստ նրա՝ այս ընտրությունները ցույց կտան, թե որքանով են ռուսներն աջակցում պատերազմին, որի հետևանքով, ըստ տարբեր գնահատականների, ավելի քան 1.5 միլիոն ռուս զինվոր է զոհվել կամ վիրավորվել:
«Ձեր ընտրությունն ու կամքը ևս մեկ անգամ ցույց կտան, որ միլիոնավոր մարդիկ կանգնած են մեր զորքի թիկունքում, որ մենք միասնական ժողովուրդ ենք՝ կապված ընդհանուր արժեքներով, պատմական հիշողությամբ և հայրենիքի հանդեպ սիրով, և ոչ ոքի չի հաջողվի պառակտել կամ վախեցնել մեզ, կամ խաթարել մեր ինքնիշխանությունը»,- ասել է Վլադիմիր Պուտինը։
Փոփոխություններ չեն սպասում
Չնայած մի շարք հարցումներ վկայում են, որ Պուտինի և «Եդինայա Ռոսիայի» վարկանիշները նվազել են՝ ռուսաստանցիներն էական փոփոխություններ չեն սպասում:
«Հաշվի առնելով էլեկտրոնային քվեարկության ներկայիս ընթացակարգը, կարծում եմ՝ մեծ հավանականություն կա, որ արդյունքները կլինեն այնպիսին, ինչպիսին կազմակերպիչներն են ուզում։ Որովհետև էլեկտրոնային քվեարկությունը կեղծելը շատ հեշտ է»,- ասել է ՌԴ մի քաղաքացի, ում անունը չի նշվում։
Եկատերինա անունով մեկ այլ ընտրող էլ ասել է, թե միշտ հույս ունի, որը լավագույնը տեղի կունենա և որևէ փոփոխություն կլինի։ «Հուսով եմ՝ քաղաքացիների խնդրանքները ավելի մեծ ուշադրության կարժանանան, և ժողովրդի, բնակչության մեծ մասի կարծիքը հաշվի կառնվի»,- ասել է նա։
«Լեգիտիմացնել ռեժիմն ու պատերազմը»
Chatham House վերլուծական կենտրոնի գիտաշխատող Նատալյա Կովալևայի գնահատմամբ՝ այս ընտրությունները կարևոր են Կրեմլի համար, քանզի դրանք հնարավորություն են տալիս ձևականորեն լեգիտիմացնել ռեժիմը և Ուկրաինայի դեմ պատերազմը՝ ցույց տալով, որ հասարակությունը շարունակում է աջակցել Կրեմլի ռազմականացված քաղաքական ուղեգծին:
«Կրեմլը փորձում է դժվարին հավասարակշռություն պահպանել՝ մի կողմից համախմբելով հանրային աջակցությունը պատերազմական գործողությունների շուրջ, իսկ մյուս կողմից խուսափելով այնպիսի ընտրություններից, որոնք կարող են բացահայտել աճող դժգոհությունը կամ պատերազմից հոգնածությունը», - «Ազատությանն» ռադիոկայանին ասել է փորձագետը: