Ռուսական ինքնաթիռները մտել են Հրվ. Կորեայի ՀՕՊ նույնականացման գոտի

Հարավային Կորեայի KF-16 կործանիչը թռիչքի ժամանակ
Հարավային Կորեայի KF-16 կործանիչը թռիչքի ժամանակ

Ռուսական մի քանի ռազմական ինքնաթիռներ այսօր առավոտյան Ճապոնական ծովի վրայով կարճ ժամանակով մտել են Հարավային Կորեայի օդային պաշտպանության նույնականացման գոտի (KADIZ), հայտնել է Հարավային Կորեայի զինված ուժերը:

Ըստ Yonhap լրատվական գործակալության՝ տեղական իշխանությունները բնակիչներին ուղղված հաղորդագրությունում ռուսական ինքնաթիռները սխալմամբ ներկայացրել են որպես հյուսիսկորեական։ Ռուսական «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ՝ ռուսական ինքնաթիռների թռիչքից հետո Հարավային Կորեան կործանիչներ է օդ բարձրացրել։

«Ռուսական ինքնաթիռներն այսօր վաղ առավոտյան մտել են ՀՕՊ նույնականացման գոտի՝ մոտենալով Ուլլեունգդո կղզուն, ապա լքել են գոտին, ինչի պատճառով զինվորականներն արտակարգ նախազգուշացում են տարածել», - Yonhap-ը մեջբերում է Հարավային Կորեայի Շտաբի պետերի միացյալ կոմիտեի հայտարարությունը։

Նաև նշվում է, որ կորեական կործանիչների օդ բարձրանալուց հետո ռուսական ինքնաթիռները լքել են ՀՕՊ նույնականացման գոտին՝ չխախտելով Հարավային Կորեայի օդային տարածքը:

Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Կանգ Շին Չուլը հայտարարել է, որ ի նշան միջադեպի հետ կապված բողոքի՝ կկանչվի Ռուսաստանի ռազմական կցորդը։

Ռուսական ինքնաթիռները շփոթել են հյուսիսկորեականների հետ

Շտաբի պետերի միացյալ հայտարարությունը հրապարակվել է կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ Հյուսիսային Կյոնսանգ նահանգային կառավարությունն Ուլլոնգ կղզու բնակիչներին տարհանման մասին նախազգուշացում էր տարածել:

Հինգ րոպե անց տագնապը չեղարկվել է, սակայն ուղարկված հաղորդագրության մեջ կործանիչները սխալմամբ նկարագրվել են որպես «կասկածելի հյուսիսկորեական» ինքնաթիռներ, հաղորդում է Yonhap-ը։

AFP լրատվական գործակալությունը պարզաբանում է, որ երկրի օդային պաշտպանության նույնականացման գոտին ավելի մեծ է, քան նրա օդային տարածքը։ Դա այն տարածքն է, որի սահմաններում թռչող ինքնաթիռները վերահսկվում են օդային պաշտպանության նկատառումներից ելնելով։

Այս տարվա հունիս և օգոստոս ամիսներին ռուսական և չինական ռազմական ինքնաթիռներ են թռել Հարավային Կորեայի ՀՕՊ նույնականացման գոտու տարածքով, հիշեցնում է գործակալությունը:

Ռուսաստանի և Հարավային Կորեայի հարաբերությունները վատացել են, երբ Սեուլը միացավ Արևմուտքի կողմից Մոսկվայի նկատմամբ սահմանված պատժամիջոցներին, որոնք կիրառվեցին Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո:

​
XS
SM
MD
LG